Ընտանեկան ողբերգությունն անգամ՝ ֆինանսների նոր աղբյուր

ՇԵՂՇԵ ԼԱ ՖԱՄ

ՀԿ հապավմամբ ճանաչված ոչ-կառավարական կազմակերպությունները, ինչպես հայտնի է՝ կոչված են նպաստել որոշակի հոգևոր, մշակութային, գիտական և այլ խնդիրների լուծմանը։ Բայց, չգիտես ինչու՝ մեզանում գործող այդպիսի որոշ կազմակերպություններ աղմկարարությունն են համարում իրենց հիմնական գործառույթը՝ մոռանալով պատեհություն և էթիկա:
 
Դիցուք,բավական է որևէ ընտանիքում մի դժբախտ դեպք լինի՝ անմիջապես դա ներկայացնում են որպես համատարած երևույթ ու դոնորներին և իրենց ձայնը լսող միջազգային հանրությանն ասում, թե Հայաստանում որքան անառողջ են ընտանեկան հարաբերությունները: 
 
Հերթական առիթը Արմավիրի մարզպետի խորհրդականի դաժան սպանություն էր: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Մանուկ Սիմոնյանի տանը 1970 թ. ծնված Ռ. Մ.-ն կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և սպանել, այնուհետև սավանով փաթաթել, կապել և 1994 թ. ծնված Ն. Ս.-ի հետ հուլիսի 23-ի լուսադեմին հանգուցյալին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով դիակը տեղափոխել են նշված վայր: 
 
Պաշտոնական տեղեկատվությունից հետո լրատվամիջոցները գրեցին, իսկ պատկան մարմինները հաստատեցին՝ սպանության կասկածանքով ձերբակալվել են  խորհրդականի կինն ու որդին: Սպանության դրդապատճառը, պաշտոնական տեղեկատվության համաձայն, այն է, որ տուժողի կինը պարբերաբար ամուսնու կողմից բռնության է ենթարկվել:
 
Սակայն հիմա արդեն նոր տեղեկություններ են շրջանառվում: Կա վարկած, որ մարզպետի խորհրդականին սպանել է բոլորովին այլ անձ, ում կնոջ հետ արտաամուսնական կապերի մեջ է եղել խորհրդականը: Թե որքանով է սա հավաստի՝ կպարզվի նախաքննության ընթացքում: Բայց արի ու տես, որ որոշ «ազատասեր կնանիք» (ինչպես գրել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը), ինչպես նաև ընտանեկան  բռնության ու տարբեր արհեստական հարցեր առաջ քաշող շրջանակներ, լրատվամիջոցներ այս «պղտոր ջրում» ևս ձուկ են որսում: Ամեն կերպ ցանկանում են արտաքին պատվիրատուների մոտ արդարացնել իրենց ստացած ֆինանսների անհրաժեշտությունը, ապացուցել, որ ընտանեկան բռնությունը Հայաստանում խոր արմատներ ունի:  Եվ ամենակարևորը՝ փորձում են հերոսացնել կացնահարողին: 
 
- Պետությունը չի պաշտպանել, դրա համար էլ կինն ինքնադատաստան է տեսել,- գրել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:
 
Իսկ բռնության ենթարկված կինը գոնե մեկ անգամ իրավապահներին դիմե՞լ է՝ իրեն պաշտպանելու պահանջով կամ խնդրանքով: Բացի այդ՝ խորհրդականի կինը թև ու թիկունք չունեցող անօգնական քաղաքացի չէր, ով չէր կարող ազդեցիկ մարդկանց խորհուրդներին ու աջակցությանն ապավինել: Նա հայտնի վիրաբույժ Արամ Մկրտչյանի դուստրն է. հետևաբար  կարող էր ամուսնալուծվել ու դատական ատյաններում փոխհատուցում պահանջեր՝ իրեն նվաստացնելու համար: 
 
Մեր ազատապարգևներին նաև հիշեցնենք, որ վերջին տարիներին արտաքին աշխարհի ճնշումներով, թե աջակցությամբ՝ մեր իրավապահներն ուշադրության կենտրոնում են պահում ընտանեկան բռնության դեպքերն ու մանրամասն քննում դրանք: 
 
Եթե հավաստի ու հաստատված համարենք պաշտոնական առաջին հայտարարությունը, թե կինն է սպանել ամուսնուն, ապա գոնե հիմա կանանց իրավունքները տարփողողները պետք է լռեն, որովհետև զոհն այս դեպքում տղամարդ է:  Ֆրանսիական ասացվածքն է այս դեպքում տեղին՝ «շեղշե լա ֆամ»: Իսկ գուցե այս առիթով մտածեն՝ հիմա էլ տղամարդկանց իրավունքները պաշտպանող ՀԿ(ներ) ստեղծել. սա՝ որպես անվճար հուշում:
 
Երկրորդ փաստարկը, որ իբր Հայաստանում մոլեգնում է ընտանեկան բռնությունը՝ պաշտոնական վիճակագրություն է: Զուգադիպությո՞ւն էր, թե՞ նախազգուշացնող տեղեկատվություն, բայց սահմռկեցուցիչ դեպքի հաջորդ օրը Քննչական կոմիտեն հրապարակեց այս տարվա առաջին կիսամյակում ընտանեկան բռնությունների վիճակագրությունը. ՔԿ-ն քննել է ընտանեկան բռնության վերաբերյալ 215 քրեական գործ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 3 մլն բնակչություն ունեցող երկրին բաժին ընկնող այս թիվը, համաձայնեք, մեծ չէ:
 
Թող տպավորություն չստեղծվի, թե փորձում ենք իդեալականացնել հայ ընտանիքը, բայց միայն այս դեպքով համարել, որ աղավաղվե՞լ է հայ ավանդական ընտանիքի իդեալական մոդելն ու դրա մասին պատկերացնումները: Այս ուղղությամբ ջանքերի նպատակն ընդամենը հերթական ֆինանսական աջակցության նոր հոսք բացելն է: