Մակրոնն առաջարկել է Ֆրանսիայի միջուկային զենքն օգտագործել Եվրոպայի պաշտպանության համար

Ֆրանսիական միջուկային զենքը կարող է դառնալ եվրոպական պաշտպանության մի մասը, և եկել է այդ հարցը քննարկելու ժամանակը։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրա կարծիքով՝ «ուժեղ եվրոպական պաշտպանությունը» պետք է գերազանցի այն պաշտպանությունը, որն արդեն առաջարկում է ՆԱՏՕ-ն։ 
 
Նա հիշեցրել է, որ ֆրանսիական ռազմական դոկտրինի համաձայն՝ երկիրն իրավունք ունի օգտագործել միջուկային զենք, եթե նրա «կենսական շահերը» վտանգվեն։ Միևնույն ժամանակ, ըստ Մակրոնի, այդ շահերի գնահատումը տեղի է ունենում ամբողջ Եվրոպայի պաշտպանության տեսանկյունից, ուստի «մենք պետք է ավելի հեռուն գնանք» և դիտարկենք բոլոր հնարավոր տարբերակները, հատկապես՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում շարունակվող պատերազմի լույսի ներքո։ 
 
- Ես կողմնակից եմ այս քննարկմանը, որը պետք է ներառի հակահրթիռային պաշտպանությունը, հեռահար կրակային համակարգերի, ինչպես նաև միջուկային զենքի կիրառման հնարավորությունը այն երկրների մասնակցությամբ, որոնք արդեն տիրապետում են դրան, և այն երկրների, որոնք իրենց տարածքում ունեն ամերիկյան միջուկային մարտագլխիկներ,- ասել է Մակրոնը: 
 
Նա կոչ է արել քննարկել բոլոր առկա միջոցները և հասկանալ, թե իրականում ինչն է օգնելու հուսալիորեն պաշտպանել Եվրոպան։ Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան կպահպանի իր դոկտրինի առանձնահատկությունները, սակայն պատրաստ է ավելի մեծ ներդրում ունենալ եվրոպական պաշտպանության գործում։ 
 
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Ֆրանսիան մնում է կառույցի միակ անդամը, որն ունի սեփական միջուկային զենքը: Ըստ պաշտոնական տվյալների՝ Փարիզն իր տրամադրության տակ ունի շուրջ 300 մարտագլխիկ։ 
 
Մակրոնը 2020 թվականին կոչ է արել «ռազմավարական երկխոսություն» սկսել «Եվրոպայի հավաքական անվտանգության մեջ ֆրանսիական միջուկային զսպման դերի» վերաբերյալ՝ փորձելով այդ հարցի շուրջ քննարկում բացել ամերիկյան միջուկային զենք ընդունող Գերմանիայի հետ։ Բեռլինն այն ժամանակ մերժել է նման քննարկման հնարավորությունը։ Փարիզն այս առաջարկը կրկնել է 2022 թվականին։ 
 
Ապրիլին Մակրոնը Ռուսաստանն անվանել էր «Եվրոպայի անվտանգության գլխավոր սպառնալիք»։ 
 
- Երբ մենք ունենք ագրեսիվ դարձած հարևան, հարևան, որն ունի բալիստիկ պոտենցիալ, միջուկային զենք, պարզ է դառնում, որ մենք պետք է ռազմավարական հայեցակարգ ստեղծենք հուսալի եվրոպական պաշտպանության համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով, որ «Եվրոպան պետք է կարողանա իր դաշնակիցների հետ միասին պաշտպանել այն, ինչը թանկ է իր համար, անհրաժեշտության դեպքում՝ նաև միայնակ։  
 
Աղբյուր՝ ՖԱԿՏՈՐ տեղեկատվական կենտրոն