Պարգևատրվել են պարարվեստի ոլորտի երախտավորները

Պարի միջազգային օրվա կապակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել համերգ «Պարողների օրը պարողների համար» խորագրով:
 
Մինչ այդ՝ օրվա կապակցությամբ պարարվեստի ներկայացուցիչներին ուղղված շնորհավորական ուղերձում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնավորապես նշել էր՝
 
- Հայկական պարն իր  ոգեշունչ բովանդակությամբ, բազմաշերտ ասելիքով  արտացոլում է մեր հազարամյակների պատմություն ունեցող հարուստ մշակութային ժառանգությունը, որը սերունդների համար միշտ բացահայտելու խորքեր ունի։ Պարը նաև այն պարզ ճանապարհն է, որով մենք մեզ ճանաչելի և ընկալելի ենք դարձնում աշխարհին։ 
 
Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ համերգին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Պարարվեստի ոլորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի շարք գործիչներ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով: 
 
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով ոլորտի նվիրյալներին մասնագիտական տոնի առթիվ, նշել է՝ պարը նաև աշխարհին նայելու գեղագիտական ձև է, որը հատկապես կարևոր է երեխաների կրթության և զարգացման համար: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է ՝ Պարի միջազգային օրը ևս մեկ առիթ է ընգծելու այն ամենօրյա մեծ աշխատանքը, որն արվում է պարարվեստի գործիչների կողմից:
 
- Ամեն օր դուրս գալ բեմ, ջերմություն ու տրամադրություն փոխանցել մարդկանց,իհարկե, մեծ շնորհ է, որը պետք է գնահատվի: Վստահ եմ՝ մեր երախտագիտության խոսքն ու փոքրիկ գնահատանքը ևս մեկ անգամ կարժևորի ձեր վաստակն ու կլինի ոգևորության առիթ՝ աշխատանքը շարունակելու և մեծ հաջողություններ գրանցելու համար,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
 
Երեկոյին ելույթներով հանդես է եկել Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ հայկական և միջազգային պարեղանակների երաժշտական կատարումներով: Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես են եկել  Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողները: Ելույթ են ունեցել նաև հայտնի երգիչներ Արփին, Սևակ Ամրոյանը և Զարուհի Բաբայանը: