Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար և ի՞նչ պետք է անի Հայաստանը

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ․ Գեոպոլիտիկա

Թուրքիան, գիտակցելով ստեղծված տնտեսական նոր իրողությունները, երբ Ռուսաստանից դեպի արևմուտք գնացող մյուս կոմունիկացիաները երկարաժամկետ կտրվածքով փակ են լինելու, փորձում է բարձրացնել իր գինը՝ Մոսկվային տալով արևմուտք դուրս գալու «միակ ճանապարհը» և դրա դիմաց, բնականաբար, ստանալով նոր զիջումներ։
 
Եթե ուշադրություն ենք դարձնում Թուրքիայի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարների համատեղ հայտարարությանը` կապված գազի ոլորտում համագործակցության նոր պայմանագրին, ապա ակնհայտ է դառնում, որ կա խնդիր նվազեցնել Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղություններով ռեսուրսների տեղափոխման ծախսերը, ինչը հնարավոր է, նախևառաջ, Ադրբեջանից Նախիջևան ուղիղ կապի ապահովմամբ Հայաստանի տարածքով։
 
Նույն տրամաբանության մեջ է նաև Ռուսաստանի տարածքից Թուրքիայի տարածք ռեսուրսների տեղափոխումը, ավելի կոնկրետ՝ տեղափոխման ճանապարհը և դրա արժեքը, իսկ այդ ռեսուրսների ծավալները երկու կողմն էլ ծրագրում է երկարաժամկետ հեռանկարում միայն ավելացնել:
 
Ռուսաստանի և Թուրքիայի, Թուրքիայի և Ադրբեջանի նոր պայմանավորվածությունները հիմք են տալիս կատարելու եզրակացություն, որ առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» հարցը կրկին բերվելու է առաջին պլան, քանի որ թե՜ Ռուսաստանից Թուրքիա, թե՜ Ադրբեջանից Թուրքիա, թե՜ Թուրքիայից Ադրբեջան մեծ ծավալի ռեսուրսների տեղափոխման ամենաօպտիմալ, ամենամատչելի ուղին Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան, որտեղից էլ՝ Թուրքիա գիծն է։ Խոսքը գնում է թե՜ ավտոճանապարհային, թե՜ երկաթուղային, թե՜ խողովակաշարային կապի մասին։
 
Իսկ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ տնտեսական շահերից ամենևին էլ չի բխում, որ այդ ռեսուրսների տարանցման համար Հայաստանը միջնորդավճարներ ստանա, քանի որ հավելյալ միջնորդավճարները բարձրացնելու են ռեսուրսների արժեքը, հետևաբար Հայաստանի առաջ դրվելու է, եթե չասենք «միջանցքի», ապա մի կոմունիկացիա տրամադրելու հարց, որի վրա Հայաստանը չի ունենա մաքսային կետեր և անցակետեր։
 
Ի՞նչ պետք է անի Հայաստանը այս իրավիճակում։ Ճանապարհը մեկն է․ խաղալ աշխարհաքաղաքական կենտրոնների հակամարտության վրա և  գտնել այն լուծումը, որը թույլ չի տա Ռուսաստանին, Թուրքիային և Ադրբեջանին Հայաստանի տարածքը դարձնել տարանցիկ մի գոտի, որի դիմաց նրանք ոչինչ չեն վճարի Հայաստանին, իսկ պաշտոնական Երևանն այս հարցում առնվազն մեկ հաստատակամ դաշնակից ունի՝ ի դեմս Թեհրանի։