Նվիրված հաղթանակի օրվան

ՀՀ ռադիոսպորտի ֆեդերացիան Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աջակցությամբ այսօր՝ մայիսի 9-ին, Կոտայքի մարզի Գետարգել գյուղում (Բալահովիտի մոտ) անցկացնելու է Հաղթանակի օրվան նվիրված միջոցառում:
 
Միջոցառմանը Հայաստանի մի խումբ ռադիոսիրողներ հնչեցնելու են օրվա այս տարվա ազդականչը` EK79V, որը խորհրդանշում է  Հաղթանակի 79-րդ տարեդարձը: Ազդականչին միանալու են ռադիոսիրողներ և ռադիոօպերատորներ աշխարհի տարբեր կետերից` փոխանակվելով իրենց ռադիոհաղորդագրություն-շնորհավորանքներով: 
 
Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցելու Մեծ Հայրենականի մասնակիցների հիշատակին՝ մեկ անգամ ևս անդրադառնալով հայերի մասնակցությանն ու սխրագործություններին:  
 
Ռադիոկապի բացառիկությունը գնահատող մասնագետներն իրենց գիտելիքներով և հմտությամբ կիսվելու են նաև միջոցառմանը ներկա աշակերտների հետ: Ռադիոկապով հետաքրքրված աշակերտները հնարավորություն են ունենալու կատարել որոշակի առաջադրանքներ՝ փորձելով ռացիաներով աշխատանքի իրենց կարողությունները: Սա Բաց դռների յուրօրինակ օր է լինելու ներկաների համար՝ Ռուս -հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ուսումնավարժական տարածքում:
 
ՀՀ Ռադիոսպորտի ֆեդերացիան, որի նախագահն է «Արաբկիր» Բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Արման Բաբլոյանը, տարբեր ծրագրեր է իրականացնում` դպրոցականների և ուսանողների շրջանում ռադիոսպորտի ու ռադիոկապի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, այն պահելու և զարգացնելու ուղղությամբ: Արդեն 10 և ավելի տարիներ ֆեդերացիայի աջակցությամբ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի դպրոցում գործում է ռադիոտեխնիկայի խմբակ: Ֆեդերացիայի երիտասարդ անդամները հատկապես տպավորված են Ամբերդում և Բյուրականում անցկացված մրցույթներից. «Աղվեսաորսի» մասնակիցները պետք է որոշակի տեղանքում կարողանային «որսալ» թաքնված ռադիոընդունիչներ: Նման մրցույթները հետաքրքրում են հատկապես այն աշակերտներին եւ ուսանողներին, որոնք ինժեներական գիտության մեջ առաջ գնալու հավակնություններ ունեն: