Հոգեբուժարաններից՝ մինչև աղջիկների ձախողված պատվաստում

ԴԱՆԱԿԸ ՈՍԿՈՐԻ՞Ն Է ՀԱՍԵԼ, ԹԵ՞ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԻՄՔ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ

Չանտեսենք մի կարևոր հանգամանք. ՄԻՊ-ի աղմկահարույց զեկույցը հրապարակվեց այն ժամանակ, երբ ոլորտի, նախարարի հանդեպ կրքերը մարել էին: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ դանակը ոսկոորին է հասել՝ լցվել են համբերության բոլոր բաժակները: Կամ՝ գուցե Ալթունյանին հասկացնում են, որ պիտի լքի՞ պաշտոնը: Պատասխանը կարծում ենք, կիմանաք հաջորդ կառավարության կազմի ձևավորման ժամանակ:
 
Առողջապահության ոլորտի մեղմ ասած անմխիթար վիճակը տեսնում, մեր մաշկի վրա ենք զգում գրեթե բոլորս ու ամեն օր: Բայց այլ է շարքային քաղաքացու դժգոհությունը, այլ է պատկան կառույցի կողմից այդ դժգոհությունը փաստերով հաստատելը: Խոսքը հոգեբուժական հաստատությունների մասին է, որոնք ուսումնասիրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2017-ին:
 
Բացահայտումները, որոնք հրապարակեց պաշտպանի գրասենյակը, բավական մտահոգիչ են՝ ժամկետանց դեղեր, անհատական հագուստը պատահական հիվանդներին տրամադրելը, գերբնակեցվածությունը, որը նաև հոգեբուժական ծառայությունների՝ մերօրյա «հիվանդություն» դարձած օպտիմալացման հետևանք է: Թվարկումը երկար կարելի է շարունակել՝ սանիտարական պայմանները չպահպանելը, հոգեբույժների պակասը,կենսաթոշակի մի մասը բժիշկների հետ կիսվելը… Սա դեռ ամենը չէ:
 
«Ավանգարդի»  տեղեկություններով՝ հոգեբուժարանների հիվանդներից նաև արյուն են վերցնում՝ իբր դա ստուգելու, սակայն իրականում այլոց արյուն տալու համար: Դե, հոգեբուժարանում բանտվածին ո՞վ կհավատա, որ գլխապտույտի կամ թուլության պատճառը իրենից շատ արյուն վերցրելն է: Իսկ քանի որ հոգեբուժարանները փակ հաստատություններ են, որտեղ զարտուղի քայլեր անելը ավելի հեշտ է, ղեկավարները տանել չեն կարողանում հիվանդներին հաճախակի այցելող բարեկամ-հարազատներին; 
 
Հանուն արդարության փաստենք, որ հոգեբուժարանների խնդիրները նոր չեն ծագել, հետևաբար մեղքը բարդել միայն ներկա նախարար Ալթունյանի վրա՝ անարդար կլինի: Սակայն արդարացի կլինի նախարարին հարցնել, թե իր կառավարման երկու տարիներին արդյո՞ք փորձել է փոքրիշատե կարգավորել այս ոլորտը: 
 
Խոսենք փաստերով: Շատերի տպավորությամբ՝ նախարար Լևոն Ալթունյանն ավելի շատ զբաղված է միայն փող բերող ծրագրեր իրականացնելով, որն ինչ-որ կերպ հասկանալի է: Կառավարության 2018-ի բյուջեում նվազել են  առողջապահության, կրթության ոլորտների ֆինանսական հատկացումները: Ուստի նախարարը պետք է ինչ-որ քայլեր աներ՝ իր ոլորտի բյուջեի ճեղվածքը փակելու: Սակայն չգիտես ինչու, այդ ամենը գործադիր մարմնի անդամը որոշեց քաղաքացիների հաշվին կատարել: 
 
Վերջին աղմկահարույց դեպքը դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումն էր, որը հանց ցնցահարույց անակնկալ՝ հանրությանը մատուցեցին որոշման ընդունումից մեկ շաբաթ առաջ: Այն դեպքում, երբ որոշումն ուժի մեջ մտնելու օրը՝ մարտի 1-ը, որոշ առաջնային օղակ պոլիկլինիկաները չունեին անհրաժեշտ ձևաթղթերը: Աղմուկն ու դժգոհությունը լսելի եղավ նաև իշխանական կուլիսներում: Սայլը տեղից շարժվեց. իշխանությունը որոշեց փուլ առ փուլ իրականացնել դա՝  փոքրացնելով դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկը: 
 
Մյուս աղմկահարույց ծրագիրը էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումն է, որի դեմ ըմբոստացան Շիրակի ատամնաբույժները: Նրանք նախարարությանը հորդորում էին գոնե մարզերում այդ  համակարգը ներդնել պետության հաշվին, քանի որ դրա հետևանքով ատամնաբույժները կթանկացնեն ծառայությունները: Առողջապահության նախարարությունը խոստացավ հաշվի առնել դժգոհողների առաջարկները, քննարկել դրանք: Սակայն, գրողը տանի, ինչո՞ւ դա անել համակարգը ներդնելուց հետո, ոչ թե առաջ:
 
Երրորդ ծրագիրը 13 տարեկան աղջիկներին գարդասիլով պատվաստելն էր՝ արգանդի վզիկի քաղցկեղի դեմ: Հանրությունը սրա դեմ էլ ըմբոստացավ, քանի որ տեղեկություններ հրապարակվեցին գարդասիլի պատվաստման պատճառով կողմնակի ազդեցության, ընդհուպ մինչև չբերության վտանգի մասին: Ասել, թե միշտ է հանրությունը ճիշտ, պետք է հանրային կարծիքին տուրք տալ, բնականաբար ճիշտ չէ, սակայն այդպես էլ Առողջապահության նախարարությունը հիմնավոր փաստարկ չներկայացրեց Գարդասիլի անվտանգության վերաբերյալ: Եվ արդյունքը եղավ ձախողումը:
 
2018-ին ծրագրվել էր մարդու պապիլոմայի վիրուսի դեմ Գարդասիլով պատվաստել 16 հազար աղջիկների, սակայն փետրվարի 21-ի տվյալներով՝ 3,5 ամսում պատվաստվել է միայն 260 աղջիկ: Այս մասին նախորդ ամիս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր «Լույս» տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը: Պատվաստումը ձախողվեց նաև այն պատճառով, որ Հայաստանում որոշ բժիշկներ հայտարարեցին՝ դեմ են պատվաստմանը: Ավելին՝ անգամ չպաշտպանեցին նախարարությանը ընդդիմախոսներից: Չնայած այս ամենին, հիմա էլ տեղեկություն է հրապարակվել, թե իբր Եհովայի վկաներն են ձախողել Գարդասիլի ծրագիրը: 
 
Տրամաբանական է, որ բոլոր այս ծրագրերի համար պետբյուջեից կամ միջազգային այլ կառույցից ֆինանսավորում է հատկացվել: Հետաքրքիր է՝ ինչքա՞ն: Այս հարցի պատասխանն օրեր առաջ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ փորձել է իմանալ պատգամավորներից մեկը: Սակայն, ո՜վ զարմանք՝ Լ. Ալթունյանը հրաժարվել է բանավոր պատասխանել: Խուսանավումն ընկալվել է, թե նախարարը դեռ չի կողմնորոշվել, թե գումարի ինչ չափ ներկայացվի: Արդյո՞ք սա  կոռուպցիայի, անարդյունավետ կառավարման կասկած չէ: