Նա մարդ է սպանել, բայց մարդասպան չի

Հետաքրքիր է՝ ի՞նչ կանեիք դուք, եթե, սպանելու նպատակով, ձեր վրա հարձակվողից պաշտպանվելու գեթ մի չնչին հնարավորություն ունենայիք, և այդ հնարավորությունը պայմանավորված լիներ միայն նրան չեզոքացնելով։
 
Կամ, ասենք, խաղաղ քուն մտած սպա Գուրգեն Մարգարյանը մի հրաշքով զարթներ հենց այն պահին, երբ մարդասպան Ռամիլ Սաֆարովը կացինը ճոճում էր օդի մեջ՝ իր թուրք յաթաղանակիր նախնիների օրինակով, քնած մարդուն կացնահարելու համար։ Ի՞նչ կաներ հայ սպան, եթե սեփական կյանքը փրկելու միակ միջոցը լիներ ադրբեջանցի մարդասպանին չեզոքացնելը։
 
Նման օրինակները կարելի է շարունակել՝ Ադանայից հասնելով մինչև Բաքու և Վանից մինչև Սումգայիթ ու Մարաղա։
 
Սակայն ասելիքս այլ է, հարգելի ընթերցողներ։ Վերոնշյալ հարցերի պատասխանները թողնելով ձեր հայեցողությանը՝ կցանկանայի անցնել խնդրո առարկա հարցի քննարկմանը, որը վերջին օրերին լայն քննարկման նյութ է դարձել նաև սոցցանցերում և լրատվամիջոցներում։ Խոսքը Միսակ Լազարյանի մասին է, ով 2011 թվականին գտնվել է հայերին պատկանող ռուսաստանյան այն ռեստորանում, որտեղ միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև։ Միջադեպի ժամանակ մի խումբ զինված ադրբեջանցիներ ներխուժել են ռեստորան, հայերը նրանց ձեռքից խլել են զենքերը և սպանել ադրբեջանցիներից մեկին։
 
Միսակ Լազարյանի և հայերից մեկի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Վերջինիս գտնվելու վայրը հայտնի չէ, իսկ ահա Լազարյանը գտնվում է Հայաստանում։ Վերջինիս փաստաբանի համոզմամբ՝ ՀՀ դատախազությունը ցանկանում է Միսակ Լազարյանին ամեն գնով կալանքի տակ պահել՝ հետագայում Ռուսաստանին արտահանձնելու նպատակով։
 
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հերքել է այս նպատակադրությունը՝ նշելով, որ դատախազությունը Լազարյանին հանձնելու որոշում չի կայացրել։
 
Այսուհանդերձ, սույն թվականի հունվարի 17-ին Ռուսաստանի Դաշնության իրավասու դատարանի կողմից Միսակ Լազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, և ներկայումս, համաձայն ՀՀ օրենսդրության, Հայաստանի իրավասու մարմինները, հանձնման միջնորդության հետ միասին, պետք է քննության առնեն նաև հանձնումը բացառող հանգամանքներն ու միջնորդությունները։
Այսպես ահա, քանի դեռ ՀՀ դատախազությունը չի քննել Մ. Լազարյանի հնարավոր արտահանձնման գործը, կցանկանայի հիշեցնել մեր պատկան մարմիններին և, ընդհանրապես, Հայաստանի իշխանություններին, որ խնդրո առարկա միջադեպի հիմքում ընկած է ինքնապաշտպանությունը, որը բացառելու դեպքում, ամենայն հավանականությամբ, այսօր կունենայինք մեր հայրենակիցներից առնվազն մեկի հնարավոր սպանության դեպք։ Այս դեպքում, եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչպիսի՜ն կլիներ սաֆարովներ հերոսացնող մեր հարևանների ռեակցիան։ Գրեթե կասկածից վեր է, որ այնտեղ անմիջապես գործի պիտի դրվեր ալիևյան կլանի խավիարային քաղաքականությունը՝ իրենց համերկրացիներին գնելու և Սաֆարովի բախտին արժանացնելու մոլուցքը։
 
Մյուս կողմից էլ, դեպքերի ներկայիս զարգացումների պայմաններում, չպետք է բացառել նաև Ադրբեջանի հետաքրքրվածությունը՝ խառնվելու Ռուսաստանի ներքին քաղաքական կամ, տվյալ դեպքում, դատաիրավական գործերին։ Իսկ այս դեպքում ահա, Հայաստանի ձեռքերը շատ կարճ կլինեն՝ մեր հայրենակցին պաշտպանելու համար։ Եթե ռուսական քաղաքացիություն ունեցող մեր հայրենակցի պատիժը Հայաստանում կրելն անհնար է, համաձայն Ռուսաստանի օրենսդրության, ուրեմն Հայաստանը պետք է քաղաքական ապաստան տրամադրի Լազարյանին, այլապես արտահանձնման դեպքում, նրա կյանքին վտանգ կարող է սպառնալ՝ ազգամիջյան հենքով։
 
Ինքնապաշտպանության հետևանքով տեղի ունեցած սպանությունը մարդասպանություն չէ, ուստի Միսակ Լազարյանը պետք է արժանանա Հայաստանի իշխանությունների անմիջական պաշտպանությանը։
Եթե Սողոմոն Թեհլերյանը Թալեաթին 5 տարի շուտ սպաներ, գուցեև մարդկությունը չտեսներ ցեղասպանություններից ամենասարսափելին։
 
Արարատ ՂՈւԿԱՍՅԱՆ
«Հայրենիք» շաբաթաթերթի խմբագիր 
Վալենսիա