Արցախյան հակամարտության կարգավորման նոր ճանապարհային քարտեզը
ՀԱՏՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՍՈՑԱՑՎԱԾ ՓՈՐՁԱԳԵՏ, ԻՐԱՎԱԳԵՏ ԱՐՏԱՇԵՍ ԽԱԼԱԹՅԱՆԻ՝ "ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՍԱՂՄԵՐԸ ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ" ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԻՑ
Արցախյան գոյամարտից հետո անցել է արդեն շուրջ 25 տարի, սակայն հիմնախնդրի հանգուցալուծումը գնալով դառնում է ավելի մշուշոտ։ Հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ տարիների ընթացքում հավաքական հայկական կողմի դիրքերը, որոնք a priori պետք է լինեին ամուր՝ որպես պատերազմում առավելության հասած սուբյեկտի, գնալով թուլացել են։
Սույն պարադոքսալ երևույթի առաջին բացատրությունը գտնվում է երկու՝ քաղաքական և հոգեբանական տիրույթներում։ Հայաստանի և Արցախի քաղաքական էլիտաները հետպատերազմյան բանակցություններում ի սկզբանե ընտրեցին միջազգային հանրությանը հաճոյանալու և գերտերությունների թղթե երաշխիքների դիմաց հայրենիքի համար վտանգավոր լուծումների գնալու մոտեցումը։ Ընդ որում, եթե մինչև 1998թ․ Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական մոտեցումներում փորձ էր արվում ինչ-որ կերպ հավասարակշռել հայկական շահերի առաջմղումը գերտերությունների հետ կոմպրոմիսի գալու անհրաժեշտության հետ, ապա հետտերպետրոսյանական շրջանում այդ անգամ թերի հավասարակշռությունն իսպառ վերացավ, ինչի արդյունքում հայկական կողմն իր համաձայնությունը տվել է այնպիսի անընդունելի տարբերակների, ինչպիսիք են՝ Արցախի ներառումն Ադրբեջանի կազմում՝ ընդհանուր պետության կոնֆեդերատիվ ձևաչափով, Արցախի անցումը Հայաստանի կազմ Մեղրիի մեծ մասի՝ Ադրբեջանին հանձնման դիմաց և, ի վերջո, Մադրիդյան սկզբունքները: Ավելին՝ 02.11.2008թ․ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվեց հռչակագիր Արցախյան հակամարտության խաղաղ և քաղաքական կարգավորման հանձնառության վերաբերյալ, և 1994թ․ հետո առաջին անգամ Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվեց հակամարտության երկու, այլ ոչ թե երեք կողմերի միջև․ բացակայում էր Արցախը։
Սա տարիներ շարունակ Հայաստանի կողմից վարվող ռեակցիոն և թույլ արտաքին քաղաքականության արդյունքն էր և բանակցության ձևաչափի արատավոր փոփոխության հետևանքը, երբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա խարսխված հակամարտությունը նենգափոխվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի։ Հայ քաղաքական վերնախավի նման վախվորած արտաքին քաղաքականությունը տարիներ շարունակ սնել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովրդի ազգային բարդույթներն ու վախերն առ այն, որ հայերի գլխավոր նպատակը գոյատևումն է և ամեն գնով խաղաղության հասնելը, որ Արցախը Հայաստանի համար բեռ է և զարգացման արգելակ։ Որպես վերջնահետևանք՝ մինչև Քառօրյա պատերազմը հայ հասարակությունն ընկել էր վտանագավոր թմբիրի մեջ, և թվում էր, որ իշխանության կրավորական կեցվածքը կարևորագույն ազգային հարցի վերաբերյալ ունի հասարակության հիմնական մասի լռելյայն հավանությունը կամ առնվազն դիմադրության չի հանդիպում։
Միայն վերստին բռնկված պատերազմն արթնացրեց ժողովրդի գոյապահպանման բնազդը և մղեց պաշտպանելու հայրենի եզերքը՝ գիտակցելով, որ Արցախի անկումը Հայաստանի անկման սկիզբն է։ Քառօրյա պատերազմում հայ ժողովրդի պետական մտածելակերպի զարթոնքը կատալիզատորի դեր կատարեց և, ըստ էության, Թավշյա հեղափոխության հարուցիչներից մեկն էր, որը եկավ քաղաքական կապիտալիզացիայի ենթարկելու ռազմի դաշտում հայ ժողովրդի սխրանքը։
Ներկայումս՝ հետհեղափոխական շրջանում, Հայաստանի իշխանության՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր պետության ղեկավարության խնդիրն է վերանայել Հայաստանի նախորդ իշխանությունների սխալները նաև Արցախյան հակամարտության կարգավորման ծիրում։ Պարզ է, որ նախկին բանակցային կոնցեպտները ոչ միայն չեն աշխատում, այլև օր-օրի դառնում են նոր իրականությանն անհամահունչ և այդպիսով ավելի վտանգավոր։
Մադրիդյան սկզբունքները ոչ թե հակամարտության պատճառը վերացնելու մասին են, այն է՝ Արցախի ինքնորոշման իրավունքի կամ, ավելին՝ այդ իրավունքի իրացման փաստի ճանաչում, ոչ թե բխում են Արցախյան առաջին պատերազմի արդյունքում ձևավորված ռազմաքաղաքական հարաբերակցությունից, այլ հակոտնյա են հակամարտության միջազգային-իրավական և քաղաքական տրամաբանությանը և Արցախյան պատերազմի արդյունքներին, որոնք ճանաչվել են նաև միջազգային հանրության կողմից՝ ի դեմս ԵԱՀԽ-ի Բուդապեշտի գագաթնաժողովի։
Մադրիդյան սկզբունքների անհամարժեքության հիմնական պատճառներից մեկն այն է, որ դրանք, որպես բանակցային փաստաթուղթ, արտացոլում են բանակցային խեղված ձևաչափով հաստատված սուբյեկտային պատկերը՝ ի դեմս բանակցությունների, որոնք վարվում են ինքնորոշման համար պայքարող իր նախկին մարզի՝ Արցախի դեմ ագրեսիա կիրառած Ադրբեջանի և Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի միջև, սակայն որոնց չի մասնակցում հակամարտության առանցքային սուբյեկտը՝ Արցախը, որի քաղաքական և իրավական ճանակատագիրը պետք է հանգուցալուծվի այդ բանակցություններում։ Հետևաբար, Արցախյան հակամարտության հաջող բանակցությունների առաջնային նախապայմանը բանակցությունների՝ միջազգայնորեն ճանաչված եռակողմ ձևաչափի վերականգնումն է։
Մինչ այդ, սակայն, Հայաստանն ու Արցախը կարող են գործարկել կառուցակարգեր, որոնք բանակցային եռակողմ ձևաչափի վերականգնումը կդարձնեն անայլընտրանք և կընդգծեն Արցախի միջազգային իրավական սուբյեկտությունը։ Խոսքը վերաբերում է մասնավորապես Հայաստանի և Արցախի դաշնակցության միջազգային իրավական հիմքերի ստեղծմանը։ Այսօր գաղտնիք չէ, որ Հայաստանի և Արցախի միջև հարաբերությունները կարգավորված չեն որևէ համապարափակ իրավական փաստաթղթով, ինչը դժվարացնում է նաև Հայաստանի և Արցախի խնդիրը՝ միջազգային հանրության համար ավելի ընկալելի դառնալու և Արցախյան հարցի լուծման հայկական պահանջատիրության լեգիտիմության ամրապնդման իմաստով, ինչպես նաև խնդիրներ են ստեղծում հայկական երկու պետությունների ընթացիկ հարաբերությունների ընթացքում ծագող այլևայլ խնդիրների իրավական լուծումների որոնման հարցերում։
Ուստի վաղուց հասունացել է Հայաստանի և Արցախի միջև համագործակցության, դաշնակցության կամ այլ անվանմամբ համապարփակ միջազգային պայմանագրի կնքումը, որով կսահմանվի, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, կուրվագծվեն նշյալ իրավական կարգավիճակում Արցախի հանդեպ Հայաստանի և Արցախի պարտավորությունների շրջանակները, հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության հիմնական խնդիրները, ինչպես նաև կնախատեսվեն տնտեսական, իրավական և այլ հիմնական ուղղություններով համագործակցության սկզբունքներն ու խնդիրները, փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները։
Այդպիսով, Արցախի և Հայաստանի միջև հարաբերությունները ձեռք կբերեն միջազգայնորեն ընկալելի և իրավաբանորեն որոշակի բնույթ, և կընդգծվի նաև Արցախի սուբյեկտությունը՝ առնվազն որպես հակամարտության կողմ, ինչը բացարձակապես հիմնազուրկ կդարձնի Ադրբեջանի այն փաստարկը, որ Արցախի խնդիրը հայ-ադրբեջանական տարածքային վեճ է, քանի որ Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական համագործակցության նման փաստաթղթի կնքումը ցույց կտա աշխարհին, որ Հայաստանն ու Արցախը երկու առանձին, սակայն սերտորեն փոխկապակցված սուբյեկտներ են՝ փոխադարձ որոշակի իրավունքներով և պարտավորություններով։ Օրինակ, նման պայմանագրային բազա առկա է Ալբանիայի և Կոսովոյի միջև, որոնք ունեն միևնույն ազգային պատկանելությունը և փոխհարաբերությունների իմաստով ունեն շատ նմանություններ Հայաստանի ու Արցախի հետ։
Հաջորդ քայլը, որ պետք է արվի եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման ուղղությամբ քաղաքականության իրականացմանը զուգահեռ, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների և Ադրբեջանի հետ խորհրդակցություններ սկսելն է նոր բանակցային փաստաթղթի մշակման շուրջ, որը պետք է հիմնված լինի Արցախի անկախության ճանաչման կամ Արցախում սեղմ ժամկետներում (ոչ ուշ քան Խաղաղության պայմանագրի կնքումից հետո մեկ տարվա ընթացքում) նոր հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության և ինքնորոշված Արցախի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման և տարածքային հարցերի լուծման գաղափարի վրա։ Իսկ այդքան չարչրկված տարածքային փոխզիջումների հարցը պետք է ածանցվի Արցախի անկախության գաղափարին և, հետևաբար, պետք է կարգավորվի ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ Արցախի և Ադրբեջանի միջև՝ հաշվի առնելով Արցախի անվտանգության ապահովման հուսալի երաշխիքների առկայության անհրաժեշտությունը։ Սույն փաստարկի ճշմարտացիությունն ապացուցվում է նրանով, որ, ի վերջո, Ադրբեջանն ու Արցախն են հակամարտության կողմերը, և հենց ինքնորոշված Արցախի և Ադրբեջանի միջև սահմանների վերջնական ճշգրտումն է լինելու երկարաժամկետ խաղաղության հասնելու բանալին։
Սահմանների ճշգրտման փուլում արցախա-ադրբեջանական բանակցություններում Հայաստանը պետք է իրականացնի Արցախի անվտանգության երաշխավորի դերը՝ ուղղակիորեն չմասնակցելով դրանց, քանի որ Հայաստանը պարզապես իրավասու չէ որոշել այլ պետության՝ Արցախի տարածքային կազմը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները տվյալ պարագայում պետք է նպաստեն սահմանների ճշգրտման վերաբերյալ արցախա-ադրբեջանական բանակցությունների կայացմանն ու դրանց արդյունավետ ընթացքին։
Վերոնշյալի հաշվառմամբ՝ Հայաստանն ու Արցախը պետք է շարունակեն ամրապնդել իրենց ռազմական ներուժը, զարգացնել իրենց տնտեսական և ժողովրդավարական ինստիտուտները, խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ապահովելու համար ուժային դրական հավասարակշռությունն Ադրբեջանի հետ։ Դա թույլ կտա շարունակել հավասարի դիրքերից բանակցել հակառակորդի հետ և անհրաժեշտ դիվանագիտական ու քաղաքական ջանքերի զուգակցմամբ՝ բանակցություններում հասնել հաջող տեղաշարժերի։
Միևնույն ժամանակ, արդիական և առաջադեմ քաղաքական ու տնտեսական համակարգերով Հայաստանն ու Արցախը կունենան ավելի մեծ ներուժ՝ դառնալու ԱՄՆ-ի և ԵՄ-ի, ինչպես նաև Վրաստանի և Իրանի հուսալի գործընկերները տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում, ինչը համապատասխան դիվանագիտական և լոբբիստական աշխատանքի պարագայում կարող է էապես բարելավել հայկական կողմերի դիրքերը բանակցություններում։
Բոլոր դեպքերում հարկ է գիտակցել, որ Արցախյան հիմնահարցը հայկական պետականության լինելիության և զարգացման գործում ունի առանցքային նշանակություն, և Արցախի հայկականությունից է կախված հայկական տարրի՝ տարածաշրջանային գործոն լինելու և պետական հավակնություններ ունենալու հարցը։
Ուստի Արցախյան հիմնահարցի հայանպաստ լուծման համար անհրաժեշտ է հայկական զույգ պետությունների և հայկական սփյուռքի ջանքերի մեկտեղումը նշված քայլերի հաջող ձեռնարկման համար։