Ի՞նչ ասել է համակարգային փոփոխություն

Շատերն են խոսում համակարգային փոփոխության անհրաժեշտության մասին:
 
Սակայն խնդիրը համազգային մակարդակում մնում է ամբողջության մեջ չիմաստավորված, ուստի՝ չառաջադրված և չլուծված:
Պատճառն այն է, որ այդ խնդրի առաջադրումն ու լուծումը ոչ թե գիտելիքի պակասի, այլ կամքի և մտքի խիզախության հարց է:
 
Հանրահայտ գիտելիք է, որ որևէ համակարգ որևէ առաքելության իրականացման գործիք է: Ըստ այդմ՝ պետությունն ազգի առաքելության իրականացման համակարգ-գործիք է:
 
Համակարգն իր առաքելությունն իրականացնում է համապատասխան գործառույթ(ներ) կատարելու միջոցով՝ դրանով իսկ կյանքի կոչելով իր առաքելությանը միտված նպատակները:
 
Դե յուրե հայանուն ու հայապատկան պետությունը՝ այսպես կոչված 3-րդ հանրապետությունը, որքան էլ կարող է առաջին ընկալմամբ տարօրինակ թվալ, ոչ թե համակարգ է, այլ ենթահամակարգ՝ օտար համակարգի բաղադրիչ:
 
Համակարգի կենտրոնը Ռուսաստանն է: Այսպես կոչված 3-րդ Հանրապետությունը Ռուսաստանի շուրջը պտտվող արբանյակ է, իսկ իբրև թե անկախ Արցախի Հանրապետությունը՝ 3-րդ Հանրապետության արբանյակն է, այսինքն՝ արբանյակի արբանյակը:
 
Ուստի այս երկուսն էլ բառի իրական և ամբողջական իմաստով ազգային առաքելության գործիքներ չեն և չունեն ազգային գործառույթներ ու նպատակներ:
 
Մեզ վերաբերող մասով ռուսաստանակենտրոն այդ համակարգի առաքելությանը միտված հիմնական նպատակն է՝ ապահովել ու սպասարկել ռուսական գաղութատիրական ազդեցությունը՝ գլխավորապես 1920-21 թ.թ. ռուս-թուրքական պայմանագրերով և դրանց ներառման ամբողջ սպեկտրի զարգացմամբ գեներացված այլ աշխարհաքաղաքական գործարքներով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը երաշխավորելու միջոցով:
 
3-րդ Հանրապետություն-ենթահամակարգն այդ համակարգի վերը նշված նպատակի իրականացման հիմնական գործիքն է: Այն իրականում հակապետություն-ենթահամակարգ է, քանի որ նրա շատ գործառույթներ կոչված են բացառելու հայկական ինքնուրույն համակարգի՝ ազգային պետության, առաջացումը և հայկական ամբողջ ներուժի օգտագործումը՝ մեծ համակարգի առաքելությունն իրականացնելու համար: Այսինքն՝ կոչված են մեզ պահելու օբյեկտի կարգավիճակում և մեր հաշվին ապահովելու մեծ համակարգի շահերը։ Որքան էլ զարմանալի թվա, նույն նպատակին են ծառայում նաև այս հակապետություն-ենթահամակարգի դրական գործառույթները, քանի որ կոչված են մեզ պահելու այնպիսի սահմանափակ կենսունակության վիճակում, որ չկարողանանք ինքնուրույն լինել, սակայն պիտանի լինենք շահագործվելու և օգտագործվելու համար:
 
Ինչ վերաբերում է իբրև թե անկախ Արցախի Հանրապետությանը, ապա այն այսպես կոչված 3-րդ Հանրապետությանը ժամանակավորապես ու մասամբ հանձնված մի կցորդ է, որը հարկ եղած պահին կենտրոնի կամքով պետք է վերադարձվի, որպեսզի վերականգնվի տարածաշրջանի ճարտարապետության «կուսական» վիճակը, որ խաթարվել է 1988-1994 թ.թ. ազգային-ազատագրական շարժման շնորհիվ և հազարավոր հայորդիների արյան գնով: Արցախի «անկախ», իրականում՝ միջանկյալ և վերադարձնելու համար պատրաստ, կարգավիճակը շատ կարևոր պայման է համակարգի առաքելության իրականացման և նրա գործառույթների կատարման համար:
Մեզ այս վիճակում պահելու և շահագործելու նպատակն իրականություն է դարձնում հայանուն, սակայն համակարգին ծառայող ազգադավ խամաճիկային վերնախավը: Այն 3-րդ Հանրապետության ստեղծման ակունքում խորհրդային շրջանի վերնախավի հենքի վրա կերպափոխվեց, համալրվեց ու սերնդափոխվեց և մինչ օրս գերակա դիրքեր ունի մեր երկրի քաղաքական դաշտում ու տնտեսական ոլորտում:
 
Սրանք են այն ելային հայեցակետերն ու գործոնները, որոնց վրա կառուցված է և կյանքի է կոչվում «անկախ» Արցախը որպես ժամանակավոր արբանյակ ունեցող այսպես կոչված 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը:
 
Այդ ապազգային և հակապետական հայեցակարգին համապատասխան էլ Մինսկի խմբի ձևաչափում վարվում են բանակցություններ, ՄԱԿ-ում և այլ միջազգային հարթակներում կատարվում են Ռուսաստանին ձեռնտու քվեարկություններ, փորձարկվում են պայմանավորված պատերազմներ, ժողովրդի կամքի բռնադատմամբ «ընդունվում» են սահմանադրություններ, կեղծվում են ընտրություններ, կնքվում են համապատասխան միջազգային պայմանագրեր, ռուսական պետական և մերձպետական կապիտալին են հանձնվում ռազմավարական ենթակառույցներ և օբյեկտներ, ձևավորվում են սպառողական տնտեսություն և կեղեքիչ արդարադատություն, առհասարակ՝ իրականացվում է այն ամենը, ինչն անհրաժեշտ է ազգային ներուժը չեզոքացնելու և այն գաղութատիրությանը ծառայեցնելու համար:  
 
Ուստի 2018 թ. համաժողովրդական ընդվզմամբ օտարահպատակ իշխողներին հեռացնելուց հետո մեր հիմնական առաջադրանքն է՝ մերժել ռուսական գաղութատիրական համակարգի ենթահամակարգի՝ այսպես կոչված 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը, որդեգրել ազգային համակարգ-պետություն ստեղծելու իրավաքաղաքական հայեցակարգ և, մոբիլիզացնելով համայն հայությանը՝ ձեռնամուխ լինել այն իրագործելուն: Գործընթացը պետք է սկսվի, առաջին հերթին, 1921 թ. ռուս-թուրքական և 1922 թ. ԽՍՀՄ կազմավորման, պայմանագրերը մեզ վերաբերվող մասով չեղյալ ու անվավեր հայտարարելով: Ընթացքում հարկ կլինի մեզ վերաբերվող մասով չեղյալ ու անվավեր ճանաչել նաև ԱՊՀ համաձայնագիրը, որովհետև դրանով 3-րդ Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի այսօրվա սահմանները, ինչպես նաև դուրս գալ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից:
 
Ազգային համակարգ-պետության իրավաքաղաքական հայեցակարգը պետք է հիմնված լինի ազգային առաքելության վերաստանձնման, միջազգային իրավունքին համապատասխան Հայրենիքի վերատիրացման (դեօկուպացիայի) և, այդ համատեքստում՝ 1-ին Հանրապետության ժառանգորդության հրամայականների վրա:
 
Այդ հայեցակարգից բխող ռազմավարության առաջնային գերակայությունը պետք է դառնա Արցախը դե յուրե ՀՀ կազմում ներառելը: Եթե Արցախը դե յուրե մտնի ՀՀ կազմ, տարածաշրջանային հակահայ ճարտարապետությունը, որ մեզ այս դանդաղ մահվան վիճակում պահող համակարգի հենքն է, կսկսի անդառնալիորեն փլուզվել և մենք կյանքի երաշխիք ձեռք կբերենք: Եթե Նախիջևանն էլ միանա, կլինի արդեն ուրիշ տարածաշրջան: Ըստ այդմ՝ կլինի ուրիշ ուժային-ձգողական դաշտ, որտեղ ռուսական գաղութատիրությունը կչեզոքանա և մեր ազգային-պետական վերածնունդը կվերածվի լիարժեք ու անդառնալի գործընթացի:
 
Ինչու՞ է այդպես:
 
Որովհետև համակարգը մեզ իր ենթահամակարգը դարձնելու նպատակով Հայաստանն այնպես է մասնատել-փոքրացրել, որ մենք օբյեկտիվորեն զրկվել ենք ինքնուրույն համակարգ դառնալու համար անհրաժեշտ հիմնական նյութական սուբստանցից՝ հողից, տվյալ դեպքում՝ նվազագույն տարածքային-հաղորդակցային հնարավորությունից:
 
Պատահական չէ, որ մեր իմաստուն ազգը դեպի անկախություն, դեպի ազգային առաքելություն և դրա գործիք-պետություն իր ընթացքն սկսեց Արցախի ազատագրմամբ:
 
Եթե մենք ուզում ենք ինքնուրույն, մեր ազգային առաքելությանը ծառայող և մեր գոյությունն ու զարգացումը երաշխավորող գործիք-պետություն ունենալ, ապա նոր ստեղծվող այդ պետության (համակարգի) գլխավոր ու առաջնային գործառույթներից մեկը պետք է դառնա կենսունակ լինելու համար բավարար տարածքային-հաղորդակցային հնարավորության ապահովումը: Ուստի Նոր Հանրապետությունը պետք է հիմնադրվի Արցախի միավորմամբ, այնուհետև առնվազն ընդարձակվի մինչև Կուր-Արաքսյան միջակայքի բնական սահմանները, որպեսզի երաշխավորի  նվազագույն ինքնաբավություն և արդյունավետ ինքնապաշտպանություն:
 
Նախ՝ հող, ապա՝ տուն: Այլ տարբերակ չկա:
 
Մինչ այդ սահմաններին հասնելը, մեր ինքնուրույնությունն ու դրա աճումը պետք է ապահովվի կամքի ու ջանքերի գերլարման և գերարդյունավետության հաշվին: Սա զարգացման ռեսուրսը նվազեցնող գործոն է, ուստի հարկ կլինի հնարավորինս շուտ գլուխ բերել Կուր-Արաքսյան Հանրապետության ամբողջացման գործը:
 
Անշուշտ, միայն տարածքը բավարար չէ ազգային առաքելությունը իրականացնող համակարգ ունենալու համար: Պետության հիմնական հատկանիշներից բացի՝ տարածք, ժողովուրդ և ինքնիշխանություն, հարկ կլինի ձևավորել համակարգի կառուցվածքային-գործառութային ամբողջ համակազմը և դրա միջոցով ապահովել նրա բոլոր բովանդակային առումները:
 
Առաջնահերթ պետք է դառնա Կենտրոնից (Ռուսաստանից) գաղութային կախյալության ուղեծրից պոկվելը, այն է՝ մշակութային, քաղաքակրթական, քաղաքական, ռազմական, տնտեսական ու այլ առումներով մեզ կախյալի կարգավիճակով Ռուսաստանին կապող պորտալարը կտրելը:
 
Ներկայումս նպաստավոր ժամանակ է Ռուսաստանի գաղութային կախյալությունից ազատագրվելու և տարածաշրջանային ճարտարապետությունը փոխելով ինքնուրույն համակարգ ստեղծելու համար: Ակնհայտ է, որ Արևմուտքն այլևս չի հաշտվում ռուսական գերիշխանության և ռուս-թուրքական հաշվեկշռի վրա հիմնված տարածաշրջանային ճարտարապետությամբ ձևավորված համակարգում ընդամենը բաժնետեր լինելու մտքի հետ, այլ մտադիր է ուղիղ հարաբերություններ հաստատել տարածաշրջանի սուբյեկտների հետ: Նույնպիսի մտադրություն ունեն նաև Իրանը և Չինաստանը։ Եվ այս առաջադրանքը պետք է կատարել այն օբյեկտիվ հանգամանքի հաշվառմամբ, որ տարածաշրջանում չեն կարող լինել Հայաստան և Ադրբեջան հավասար սուբյեկտներ, այլ միայն մեկնումեկը նրանցից, իսկ մյուսը կամ չի լինի, կամ կլինի օբյեկտի կարգավիճակով:
Պետք է վերջապես դադարել հույսեր փայփայելուց, թե մեզ օբյեկտի կարգավիճակում պահելու և շահագործելու համար ստեղծված առկա հակապետություն-ենթահամակարգում հնարավոր է դրական բովանդակային փոփոխություն կատարել, դրական գործառույթներ իրականացնել, օրինակ՝ ժողովրդավարություն, իրավունք ու արդարություն հաստատել, կոռուպցիան վերացնել, տնտեսություն զարգացնել: Համակարգը երբեք նման ինքնասպանության չի գնա: Ընդամենը իմիտացիա կանի, ինչպես և անում է: Որքան էլ օրվա ժողովրդական իշխանությունը ձգտի ներքին, բովանդակային փոփոխություն կատարել, ազգային առաքելությանը միտված ազգային պետության իրավաքաղաքական հայեցակարգ չորդեգրելու և, ըստ այդմ, համակարգը չփոխելու պարագայում որոշ ժամանակ անց ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր, իսկ 2018-ի համաժողովրդական ընդվզմամբ ձեռք բերված արդյունքները կմսխվեն։
 
Ազգային պետություն-համակարգի բովանդակային շատ առումներ (մարդու իրավունքների երաշխավորում, իրավականություն, սոցիալականություն, արդարություն, ժողովրդավարություն, բարեկեցություն և այլն) պետք է լինեն և կլինեն մեր ազգային առաքելության՝ որպես համամարդկային առաքելության ներդաշնակ բաղադրիչի, իրականացման փոխծնող և փոխզարգացնող պայմաններն ու արգասիքները:
 
Առկա հակապետություն-ենթահամակարգից նոր, ազգային պետություն-համակարգի անցնելու համար անհրաժեշտ է որոշակի Անցումային փուլ: Կյանքը ցույց տվեց, որ հանցավոր ռեժիմին հեռացնելուց հետո համակարգի սպասարկման համար գրված Սահմանադրությամբ արտահերթ ընտրություններով պետական կառավարման մարմիններ ձևավորելը և նույն ընթացքով կյանքը շարունակելը՝ համակարգի որակը լավացնելու միջոցով ազգի ապագան, նրա զարգացումը երաշխավորելու նպատակով, քննադատության չեն դիմանում: Այդպիսի մոտեցումը կհանգեցնի տեղապտույտի և մեզ կկանգնեցնի կոտրած տաշտակի առաջ, մինչդեռ մենք ժամանակ և ռեսուրս չունենք տարատեսակ փորձարկումների համար:
Անցումային փուլը պետք է ապահովի առկա համակարգի կազմաքանդումը (տարածաշրջանի ճարտարապետության իրավաքաղաքական հիմքերի վերանայում, ապագաղութացում, անցումային արդարադատություն, լյուստրացիա, այդ թվում՝ քաղաքական ասպարեզից նախորդ երեք ռեժիմների մաս կազմած վերնախավի հեռացում ու պատասխանատվություն) և նոր համակարգի հիմնադրումը (ՀՀ-Արցախ միասնական տարածքով Նոր (ոչ 4-րդ) Հանրապետության հռչակում) ու դրա ձևավորման հիմքերի ու նախադրյալների ստեղծումը (նոր Սահմանադրություն, նոր քաղաքական ընտրախավ, ինքնիշխան արտաքին հարաբերություններ, ազգային, ազատ ու արդիական տնտեսություն, Ազգ-բանակ և այլն):
 
Կրկին կարևորելով Արցախի հանգամանքը, պետք է ընդհանրապես բացառել նրան սուբյեկտացնելու բոլոր, առաջին հերթին՝ Արցախի կեղծ անկախությանը ձգտելու կամ նրա հետ ռազմաքաղաքական կամ այլ բնույթի պայմանագրեր կնքելու, քալերը: Դրա փոխարեն հարկավոր է սկսել Արցախի ինտեգրումը՝ այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքներն ապահովելու, անվտանգային-պաշտպանական համակարգը միասնականացնելու և այլ անհրաժեշտ ուղղություններով:
 
Անշուշտ, նոր համակարգի ստեղծումը, այդ թվում՝ ապագաղութացումը և մյուս գործողությունները, հնարավոր չէ կատարել միանգամից, այլ միջնաժամկետ հեռանկարում և փուլ առ փուլ։
 
Ահա ազգային սուբյեկտացման համատեքստում քաղաքացու սուբյեկտացում երաշխավորող այսպիսի խորը և մասշտաբային գործընթացով կարող է լինել և պետք է լինի համակարգային փոփոխությունը:
 
Եվ միայն այսպես կարող ենք կառուցել նոր, ազգային համակարգը և հնարավորություն ստեղծել մարդկային երջանկության հասնելու ու ազգային իղձերն իրականացնելու համար:
 
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի հոդվածը  ARARAT ամսագրին