Նախընտրական կրքեր՝ արհեստական թեժացումներով

ԵՐԲ ԻՆՔՆԱԳՈՎԱԶԴԸ ԻՐԵՆՑԻՑ ՈՒԺԵՂԻՆ ԱՅՊԱՆԵԼՆ Է

Առջևում Երևանի 2800-ամյա հոբելյանն է, և դեպքերի բերումով հոբելյարը իր նոր տանտիրոջն է սպասում, որի ճիշտ ընտրությունը լավագույն նվերը կլինի մայրաքաղաքին ու երևանցիներին:
 
Երևանի ավագանու արտահերթ այս ընտրությունը, իսկապես, տարբերվելու է նախորդներից: Նախևառաջ՝ բացառելով բացահայտ ընտրակաշառք բաժանելը: Այո, բացառելով միայն բացահայտ ընտրակաշառքը, որովհետև դրա իսպառ վերացումը, ինչպես ցանկացած արատավոր երևույթ՝ միանգամից անհնարին կլիներ: Բացի այդ, ընտրության մասնակից 12 ուժերից 2-3-ն ունենընտրակաշառք բաժանելու փորձ և նյութական միջոցներ (թերևս՝ ևս 2-3-ը, որոնց մասին ասում են, թե հովանավորվում են իշխանական լծակներից վերջնականապես հեռանալ չցանկացող նախկինների կողմից):
 
Սակայն սա չէր քարոզարշավի անակնկալը: Որոշ քաղուժերի ինքնաքարոզի գլխավոր բաղադրիչը մրցակիցներին ձաղկելն է: Բնականաբար՝ այն մրցակիցներին, ում հակառակորդ են համարում և ումից ձայներ խլել չեն կարող: Եվ, փաստորեն բոլորի թիրախը «Իմ քայլն» է: Ընդամենը մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանին սատարող ուժերը հանկարծ նրա թեկնածուին այպանումի սյունին են գամել: Եվ հենց այս իրողության ֆոնին ավելի հստակ է դառնում, որ ժողովուրդն ամենաանծախն է, իսկ քաղաքական ուժերի համար մեն միակ սկզբունքը ցանկացած գնով ցանկացած աթոռ գրավելն է: 
 
Եթե անկեղծ՝ շատերին նախ ապշեցրեց, ապա հիասթափեցրեց հատկապես «Լույս» դաշինքի ղեկավարների՝ խռովկան երեխայի բողոք հիշեցնող պահվածքը. Բա սկզբունքնե՞րն ուր մնացին, թե՞ սկզբունքով լրացուցիչ քվե չես շահի: Ի դեպ, կարծես թե առաջիկա նոր դաշինք է ուրվագծվում՝ «Լույս»-ԲՀԿ-«Երևանցիներ»:
 
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին, ապա մեծիմասամբ նրա ընտրությունն անխոցելի չէ. մանավանդ՝ քարոզարշավից առաջ հոգնեցնելու չափ ինտենսիվորեն հեռուստաեթերված Հայկ Մարությանի կատակերգական ֆիլմերի անհաճո կերպարներն ակամա անլրջության պատնեշ են ստեղծում դերակատարի շուրջ: Սակայն շատ ավելի լայն շրջանակներ գիտակցում են, որ նա «դեռ հինգ րոպե առաջ» համայն հայության ընտրյալ Նիկոլ Փաշինյանի նախապատվությունն է, ուրեմն հենց նրան էլ պետք է ձայն տալ: Եվ ի սկզբանե ակնհայտ է, որ հենց նա էլ հաղթելու է (այդ ակնհայտությունը չէ՞ «Իմ քայլը» դաշինքի հասցեին նետվող փնովանքների պատճառը): Երևանցիների մեծամասնությունն իր ձայնը տալու է Նիկոլ Փաշինյանին, ում թեկնածուն այսօր Հայկ Մարությանն է: Մանավանդ՝ հեղափոխությունը դեռ չի ավարտվել, և դրա նախաձեռնողին ու իրականացնողին պետք է շանս տալ: Ավելին, ընտրություններից հետո, երևի, միայն հենց նրանից էլ կարելի կլինի պահանջել: 
 
- Նախկին բոլոր ընտրություններում մարդիկ ասում էին՝ ամեն ինչ որոշված ա, ինչու մասնակցենք ընտրության։ Սա առաջին ընտրությունն է, որ արդյունքների վերաբերյալ չկա կուլիսային պայմանավորվածություն։ Սա Հայաստանի պատմության առաջին դեպքն է, երբ իշխող քաղաքական ուժը այլ ուժերի հետ չի բանակցում քաղաքական դաշտը կիսելու շուրջ,- երեկ հերթական անգամ արձանագրեց Նիկոլ Փաշինյանը։ 
 
Այդպես է, իհարկե, սակայն դժվար է համաձայնել նրա լավատեսական մեկ այլ համոզմունքի հետ, թե «Սա առաջին ընտրությունն է, որ քաղաքական թիմերը թատրոն չեն խաղում»: Խաղո՛ւմ են ու այն էլ՝ ո՜՛նց են խաղում: Բիրտ ներկայացումներ են բեմադրում՝ մոռանալով, որ իշխանությունների հասցեին կծու խոսքերով խիզախ երևալու ժամանակներն անցել են: Իսկ ժողովուրդն իր տառապանքի փորձով է համոզվել, որ նախընտրական ճարտասանությունը ժողովրդի հոսը թոթափելու երաշխիք չէ: Առավել ևս, ոչ այնքան հեռու անցյալում իշխանության մաս կազմած ուժերն այնքան էլ հավատընծա չեն: