Անկարայի ինքնադասակարգումը Մոսկվայի և Թեհրանի կողքին

Անկարայի ուղղությամբ դեռ պատժամիջոցներ չեն որդեգրվել, այսուհանդերձ թուրքական լիրան կտրուկ արժեզրկվում է, և Էրդողանը ըստ էության խոսում է Թուրքիայի ապակայունացման մասին։ Թուրքական լիրայի հավելյալ արժեզրկումը կամ վերարժևորումը կարող է  լույս սփռել Թեհրանի և Մոսկվայի կողքին Անկարայի ինքնադասակարգման քաղաքական շարժառիթների վրա։
 

Վաշինգտոնի կողմից երեք ուղղությամբ միաժամանակյա տնտեսական պատժամիջոցների քաղաքականություն է կիրառվում։ Եթե Մոսկվայի և Թեհրանի նկատմամբ հայտարարված պատժամիջոցները ունեն հիմնականում տնտեսական բնույթ, ապա Անկարայի դեմ ցարդ կիրառվածը ամերիկացի քարոզչի ձերբակալման և բանտարկման գործընթացին դերակատար եղած երկու նախարարների ուղղությամբ է։ Բնույթով` ոչ տնտեսական։ Սակայն Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների թեժացմանն առընթեր թուրքական լիրայի կտրուկ արժեզրկումը մտածել է տալիս, որ երկու պետությունների միջև գոյություն ունեցող լարված իրավիճակի զարգացման միտումները տնտեսական հետևանքներ պիտի ունենան անմիջականության կշռույթով։

Տնտեսագիտական առումով փորձագիտական վերլուծում է պետք` ընդունելու համար այն եզրակացությունը, որ երկու նախարարների նկատմամբ կայացած որոշմանը ինչ տեսակ քայլեր պետք է ձեռնարկված լինեն, որոնք  կարող են ազդել ամբողջ երկրի ֆինանսական համակարգի վրա։ Առանց տնտեսական պատժամիջոցներ պաշտոնապես որդեգրելու, Անկարան արդեն հստակ միտում է արտահայտում`երկրի դրամանիշի կտրուկ արժեզրկման պատճառ նկատելու Վաշինգտոնը։

Այսպես. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհեռանկարային է համարել իր երկրի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձերը, այդ շարքում` ֆինանսական համակարգի ապակայունացման ճանապարհով:

Նկատենք, որ Թուրքիայի ֆինանսատնտեսական տագնապը (թեկուզ ոչ կտրուկ այս կշռույթով) սկսել էր արդեն ամերիկացի քարոզչի ձերբակալությունից և իբրև այդ քայլի հետևանք` երկու նախարարների դեմ որդեգրված պատժամիջոցներից բավական առաջ։ Հիմա արդեն ֆինանսատնտեսական ճգնաժամը թևակոխել է նոր հարթություն։ Թուրքիայի նախագահի համոզմամբ` տնտեսական ճնշման քաղաքականության հետևանքով, որը ըստ նրա անհեռանկարային է։

Թեև Վաշինգտոնի ուղղված հասցեականությունը ուղղակի չէ, բայց ուղերձը պարզ է։ Հիմա լարվածության առումով թիրախը մեկն է և բոլոր ուղղակի կամ անուղղակի մեղադրանքներն այդ ուղղությամբ են արձակվում։

Անկարայի հայտարարություններում կա առանցքային մոտեցում։ Թեհրանին և Մոսկվային ուղերձ հղել, որ Անկարան միևնույն դասակարգման տակ է գտնվում և  ինչպես ռազմավարական նոր առանցքի իր գործընկերները, ի՛նքը ևս ենթարկվում է ԱՄՆ-ի տնտեսական ճնշամիջոցներին։ Թեև, Թեհրանն ու Մոսկվան ոչ միայն ենթակա են արդեն տնտեսական պատժամիջոցներին, այլ տարբեր երկրների ևս կոչ է արվում` միանալու պատժամիջոցային ընդհանուր քաղաքականությանը։ Անկարան դեռ այնտեղ չհասած` ինքն իրեն դասում է մյուս «զոհերի» շարքին։

Այս ինքնադասակարգումը կարող է նպաստել Անկարա-Թեհրան և Անկարա-Մոսկվա հավելյալ մերձեցման և համագործակցության ձևավորման ենթահողը ամրացնելու առաջադրանքին։

Փորձենք սակայն Երևանից դիտել այս նոր գործընթացները` անմիջապես նկատելու համար, որ տնտեսական պատժամիջոցային քաղաքականության ենթակա են սահմանակից Իրանը, սահմանամերձ ռազմավարական գործընկեր ՌԴ-ն, սահմանակից (թեկուզ փակ սահմանով) Թուրքիան, որն իր ֆինանսատնտեսական ճգնաժամը անհեռանկարային է համարում, սակայն դա վերագրում է միևնույն` պատժող պետությանը։ Եվ ենթադրենք, որ թուրքական լիրայից կամ իրանյան թումանից ավելի ռուսական ռուբլու արժեզրկումն է, որը կարող է որոշակի ազդեցություն թողել մեր երկրի ֆինանսատնտեսական իրավիճակի վրա։

Տնտեսական տագնապները կարող են անկայունացնել երկրների հասարակությունները։ Երբ Էրդողանը  խոսում է  իր երկրի ֆինանսական համակարգի անկայունացման նպատակով գործադրվող ճնշումների մասին` ըստ էության, իր ժողովրդին զգուշացնում է ներթուրքական հասարակության ապակայունացման վտանգից։

- Եթե նրանք դոլարներ ունեն, ապա մենք ունենք մեր ժողովուրդը, իրավունքն ու Ալլահը,- ասել էր Թուրքիայի նախագահը։

Պարզ է ուղերձը. ժողովրդային զանգվածները պետք է շարունակեն համախմբված լինել պետության շուրջ` կանխարգելելու համար Վաշինգտոնի կողմից կիրառվող տնտեսական  քաղաքականությամբ ներքին անկայունություն ստեղծելու իրավիճակի դիմակայման համար։


 

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր