Մեկնաբանություն. ինչ էր տեղի ունեցել Նախիջևանում, և արդյո՞ք Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը կազդի ղարաբաղյան բանակցությունների վրա

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ. JAMnews

Հայացք Բաքվից. Ի՞նչ է տեղի ունեցել Նախիջևանում
 
Հիշենք ժամանակագրությունը.
 
Մայիսի 16. Իլհամ Ալիևի այցը ՆԻՀ: Նա հայտարարում է, որ Նախիջևանում ադրբեջանական բանակի ստորաբաժանումների  տրամադրության տակ հրթիռներ կան, որոնք հեշտությամբ կարող են Երևան հասնել;
 
Մայիսի 17. Հայաստանի պաշտպանության և ներքին գործերի  նոր նախարարները ժամանեցին ՆԻՀ սահման մարտական դիրքերում տեսչություն անցկացնելու համար;
 
Մայիսի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց շարքային Ադիլ Թաթարովի մահվան մասին, միջադեպը տեղի էր ունեցել «ՆԻՀ և Հայաստանի սահմանագծում ծառայողական առաջադրանք կատարելիս»: Հայկական կողմը հայտարարում էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները դեպի սահման առաջ էին տալիս իրենց մարտական դիրքերը;
 
Մայիսի 24. ադրբեջանական «Ազերթաջ» պետական տեղեկատվական գործակալությունը հաղորդեց, որ ՆԻՀ-Հայաստանի սահմանին «պլանային ինժեներական աշխատանքներ են սկսվել»;
 
Հունիսի 6. նորություն ՆԻՀ Շարուրի շրջանի Գյուննութ գյուղի շուրջ «11 հազար հեկտար տարածք վերահսկողության տակ առնելու» մասին;
 
Հունիսի 7. ադրբեջանական Վիքիպեդիայում «Günnüt əməliyyatı» (Գյուննութի գործողություն) հոդված է հայտնվում, որտեղ բերված է «ազատագրված տարածքների» քարտեզը:
 
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանական կողմը թույլտվություն է խնդրել Գյուննութ գյուղի գերեզման այցելելու, և «մենք դեմ չենք եղել»: Հայ լրագրողները միանգամից կասկածեցին այդ խոսքերի անկեղծությանը:
 
Ընդհանուր առմամբ, այն մասին, թե ինչ է տեղի ունեցել սահմանին, կարելի է միայն կռահել:
 
Ինչպե՞ս կազդի այդ միջադեպն ու Հայաստանում կատարված իշխանափոխությունը ղարաբաղյան հարցի շուրջ խաղաղ բանակցությունների վրա
 
Մադրիդյան սկզբունքները, որոնց հիման վրա բանակցություններ են անցկացվում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ արդեն ավելի քան 10 տարի, հիմնավորապես բոլորին զզվեցրել են: Այդ սկզբունքները լավ են ստատուս-քվո պահպանելու համար, սակայն, ըստ ամենայնի, անբավարար են լուրջ բեկում մտցնելու համար:
 
Հակիրճ՝ այն մասին, թե ինչ են իրենցից ներկայացնում «մադրիդյան սկզբունքները».
 
Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների փոխանցում Ադրբեջանի վերահսկողությանը (5+2 ֆոլմուլա. հինգ շրջան՝ միանգամից, Քելբաջարն ու Լաչինն՝ ավելի ուշ, ԼՂ կարգավիճակի հստակեցումից հետո);
 
Լեռնային Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակի տրամադրում, որը կապահովի նրա անվտանգությունն ու ինքնավարությունը;
 
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքի բացում («Լաչինի միջանցք»);
 
ապագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշակիացում իրավաբանորեն պարտադիր կամարտահայտման (այլ կերպ ասած՝ հանրաքվե) հիման վրա;
 
ներքին տեղահանված բոլոր անձանց և փախստականների՝ նրանց բնակեցման նախկին վայր վերադառնալու իրավունքի ապահովում;
 
անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք ներառում են խաղաղության պահպանման գործողություն (հիմնական վիճելի հարցը խաղաղապահ ուժերի կազմն է):
 
Ստատուս-քվոն ձեռնտու չէ ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին:
 
Ադրբեջանին՝ հասկանալի է, թե ինչու: Երկրի տարածքի մոտ 14%-ը վերահսկվում է հարևան պետության կողմից: Հսկայական թվով փախստականներ կան:
 
Սակայն ինչո՞ւ այն ձեռնտու չէ Հայաստանին: Կարծես, թե ամեն ինչ նորմալ է: «Ազատագրել են Արցախը, Միացումը եղավ, անվտանգության գոտի են ստեղծել, հիմա էլ, ընկերներ, եկեք խաղաղ ապրենք»:
 
Սակայն գոյություն ունի «հակամարտության գին» հասկացությունը: Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի վրա շատ թանկ է նստում: Եվ նյութապես, և մարդկային առումով: Միլիոններ են ծախսվում միջին հայի համար «անհասկանալի» Ֆիզուլիի շրջանի տարածքում զորքերի պահպանման համար, յուրաքանչյուր շաբաթ երիտասարդ նորակոչիկներ են զոհվում: Ինչի՞ համար է այդ ամենը:
 
Հայաստանը հարուստ երկիր չէ, ի տարբերություն Ադրբեջանի, նավթ ու գազ չունի: Եվ ռազմական, և տնտեսական առումով կախված է Ռուսաստանից: Այդ պատճառով էլ Հայաստանի համար շատ դժվար կլինի հրաժարվել Ռուսաստանի արած առաջարկից, եթե Ռուսաստանը ստիպի փոխզիջման գնալ:
 
Սակայն արդյո՞ք Հայաստանի իշխանությունները պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել նույնիսկ ամենամեղմ պայմաններով: Ազատագրել գեթ մեկ շրջան Լեռնային Ղարաբաղից դուրս: Կարծես, եթե նույնիսկ իշխանությունները պատրաստ են, հասարակությունը դեռ պատրաստ չէ դրան:
 
Ադրբեջանում այլ իրավիճակ է: Իշխանություններն ամբողջությամբ վերահսկում են լրատվամիջոցները: Նույնիսկ մեկ բլրի ազատագրումը ժողովրդին հրամցվում է որպես «մեծ հաղթանակ», և ժողովուրդը համաձայն է: Էլ ի՞նչ կարելի է ասել մեկ, առավելևս 5 շրջանների ազատագրման մասին, էլ չենք խոսում յոթի մասին:
 
Հնարավոր է, որ հենց այս հնարքն են «մշակում» ադրբեջանական լրատվամիջոցները՝ էյֆորիա ստեղծելով մի գյուղի հանդեպ վերահսկողություն սահմանելու առումով, որը քարտեզի վրա նույնիսկ դժվար է գտնել:
 
Սակայն հայկական հասարակությունը ցանկացած փոխզիջում որպես դավաճանություն կգնահատի:
 
Այդ պատճառով էլ Հայաստանի նոր ղեկավար Նիկոլ Փաշինյանը «քայլ ձիով» կատարեց, որոշեց ոչ պոպուլյար, սակայն անխուսափելի փոխզիջումային որոշման համար պատասխանատվությունը դնել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վրա: Նա առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչներին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ:
 
Ինչպե՞ս կարձագանքի պաշտոնական Բաքուն: Լիովին սպասված կերպով. Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանի նոր նախաձեռնությունը «ծիծաղաշարժ» է անվանել: Բաքվի և Խանքենդիի (Ստեփանակերտի) միջև նույն մակարդակի բանակցությունների մասին խոսք անգամ չի կարող լինել:
 
Սակայն ի՞նչն է խանգարում Բաքվին պատասխան «քայլ ձիով» կատարել:  
 
Ինչո՞ւ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում պաշտոնական բանակցությունները շարունակելով Հայաստանի ղեկավարության հետ, զուգահեռ կապ չհաստատել Ղարաբաղի հայերի հետ:
 
Մի շտապեք ինձ վրա փտած լոլիկներ նետել: Առաջին հերթին, նման բանակցությունների հիմքը դրել է հենց «համազգային առաջնորդ» և «մեծ առաջնորդ» Հեյդար Ալիևը:
 
1993թ-ի հունիսի 27-ի նրա հրամանից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար (և ապագա նախարար) Սաֆար Աբիևը զանգահարեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության այն ժամանակվա նախարար (Հայաստանի ապագա նախագահ) Սերժ Սարգսյանին և փորձեց կասեցնել հայերի գրոհն Աղդամի ուղղությամբ:
 
1993թ-ի սեպտեմբերի 13-ին խորհրդարանում Հեյդար Ալիևի տեղակալ Աֆիադին Ջալիլովը հանդիպեց Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության արտգործնախարար (նրա ապագա նախագահ) Արկադի Ղուկասյանին:
 
1993թ-ի սեպտեմբերի 21-ին Հեյդար Ալիևը Մոսկվայում հանդիպեց և երկարատև բանակցություններ վարեց Ղարաբաղի հայերի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ: Դրանից հետո 50 օրվա ընթացքում բոլոր ճակատներում հրադադարի ռեժիմ էր պահպանվում: Ալիևը հանգիստ ընտրություններ անցկացրեց և դարձավ Ադրբեջանի երրորդ նախագահ:
 
Եվ, ի վերջո, ինքնահռչակ ԼՂՀ ներկայացուցիչների ստորագրությունը դրված է 1993թ-ի մայիսի 5-ի Բիշքեկի արձանագրության և մայիսի 12-ին ստորագրած հրադադարի համաձայնագրի տակ:
 
Այդ ամենը ոչ մի կերպ չնվազեցրեց Ադրբեջանի ինքնիշխանությունն ու լեգիտիմություն չավելացրեց ինքնահռչակ ԼՂՀ-ին:
 
Իմ կարծիքով՝ կարելի է օգտագործել Ղարաբաղի ադրբեջանցիների ռեսուրսը: Մինսկի կոնֆերանս հրավիրելու մասին ԵԱՀԿ որոշման մեջ (Հելսինկի 1992թ.) գրված է, որ բանակցություններին կարող են մասնակցել Ադրբեջանի, Հայաստանի ներկայացուցիչներն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի «ընտրված և այլ» ներկայացուցիչներ:
 
«Այլ» արտահայտությունն, ըստ էության, մանևրելու շատ մեծ դաշտ է թողնում: Ադրբեջանը, բնականաբար, և Լեռնային Ղարաբաղի «ընտրված» ներկայացուցիչներ ունի, դա Խանքենդիի և Խոջալուի շրջաններից ընտրված պատգամավորներն են:
Սակայն բանակցություններին նրանց կարող են միանալ նաև Ղարաբաղի ադրբեջանցիների «այլ» ներկայացուցիչներ, քաղաքագետներ և դիվանագետներ: Թող նրանք էլ հենց բանակցեն Ղարաբաղի հայերի նույնպիսի «ընտրված և այլ» ներկայացուցիչների հետ: Իսկ Ադրբեջանի և Հայաստանի առաջին դեմքերը կհովանավորեն այդ բանակցությունները:
 
Իսկ ինչո՞ւ իրոք չօգտվել այդ հնարավորությունից և նոր խթան չհաղորդել բանակցություններին: Հատկապես, որ, միևնույն է, կորցնելու բան չկա: