Խնամի-բարեկամ կապերը միջազգային հարթակ են տեղափոխվում

ԱԶԱՏՎԵԼ ԱՆՑԱՆԿԱԼԻՆԵՐԻՑ՝ ԿԱՌՈՒՅՑԻ ՁԵՒԱԿԱՆ ԼԻՆԵԼԸ ՇԵՇՏԵԼՈՎ

Խնամի-ծանոթ-բարեկամ համակարգն ու դրա հետ հաշվի նստելը չգրված օրենքի պես մի բան է: Ու եթե դա հայերիս գոնե մեր երկրում քիչ թե շատ հասկանալի է, թեև՝ ոչ միշտ ընդունելի, միջազգային կառույցներ տեղափոխելը մնում է անհասկանալի է ու երևի թե ոչ պատվաբեր:
 
Խնդրին անդրադառնալու առիթը ՀԱՊԿ շտաբի պետի տեղակալի պաշտոնում գեներալ Հայկազ Բաղմանյանի նշանակումն է: Ըստ տեղեկությունների՝ ՀԱՊԿ շտաբի պետ Յուրի Խաչատուրովն ու Հայկազ Բաղմանյանը մտերիմ հարաբերություններ ունեն: Սակայն «նմանություններ» էլի կան: Օրինակ, որ երկու զինվորականներն էլ աղմկահարույց մի շարք պատմությունների, կոռուպցիոն սկանդալների  պակաս չեն ունեցել:
 
Ո՞վ է Հայկազ Բաղմանյանը: Երկար տարիներ աշխատել է պաշտպանության ոլորտում, տարբեր պաշտոններ զբաղեցրել, բիզնես գործունեություն ծավալել, ըստ հրապարակումների՝ «քցել» իր բիզնես գործընկերոջն ու դատարանում մնացել անպատիժ: 
 
Վիգեն Սարգսյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո, լուրեր կային, որ ամեն գնով ցանկանում է ազատվել անցանկալի կադրերից, որոնցից մեկը Բաղմանյանն էր: Նախորդ տարեվերջին Վիգեն Սարգսյանն ասել էր.
 
- Գեներալ Բաղմանյանը զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին՝ իմ հորդորով: Ազատման պատճառն աշխատանքային մի շարք պայմանավորվածությունների չկատարումն է, որը անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության հետ:
 
Դրանից հետո պաշտոնական տեղեկություն հրապարակվեց, որ Բաղմանյանն ազատվել է Նախագահի հրամանագրով: ՈՒ հիմա, աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառով պաշտոնանկ արվածը, կասկածելի ֆինանսական գործարքների հետ կապ ունեցողը իրավապահներին հանձնվելու փոխարեն բարձր պաշտոն է ստանում: Ինչքան վատ աշխատես, այնքան առա՞ջ կգնաս:
 
Բայց չանտեսենք կարևոր մի դիտարկում ևս: Չի բացառվում, որ գուցե այս կերպ իշխանությունն ազատվում է անցանկալի կադրերից, միաժամանակ ակնարկելով, թե ՀԱՊԿ-ը, որի անդամ է նաև Հայաստանը, ձևական կամ գրեթե ձևական կառույց է: Համենայնդեպս,այն մինչ օրս անկողմնալություն հանդես չի բերել՝ պաշտպանելով Հայաստանի շահը և հազիվ թե հետագայում էլ այդ կառույցից որևէ ակնկալիք ունենանք: 
 
Ի դեպ, մինչև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակումը՝ տարբեր արժանի թեկնածուների անուններ էին շրջանառվում: Սակայն մեզ հասած տեղեկություններով՝ Ադրբեջանն անում էր ամեն ինչ՝ արժանի, Հայաստանի շահերը պաշտպանող թեկնածուի նշանակմանը խոչընդոտելու: Ռուսաստանն էլ կարծես առանձնապես ոգևորված չէր այդ թեկնածուների առաջ քաշմամբ: Դե հասկանալի է՝ ո՞ր մեկը կցանկանա կառույցի շտաբի պետ, պետի տեղակալ նշանակել մարդկանց, ովքեր ամեն գնով իրենց երկրին են օգտակար լինելու: