Երբ իջնում են ամբոխի մակարդակին
ԽԱԽՏԵԼՈՎ ԻՐԵՆՑ ԻՍԿ ՀՈՐԴՈՐԸ
«Դե զզվեցրիք». ինչպե՞ս կընկալվի, եթե հանկարծ մենք՝ չորրորդ իշխանության ներկայացուցիչներս, այսպես արձագանքենք քաղաքական դաշտի ներկայացուցիչների գռեհկաբանություններին:
Նրանց, ովքեր հաճախ հանրությանը ստիպում են վայելել իրենց «քաղաքակիրթ» խառնալեզուն, որի հերթական շքահանդեսին ականջալուր եղանք երեկ՝ Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում: Պատճառը Վազգեն Սարգսյանի փողոցի մի մասը ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի անունով կոչելն էր:
Երեկ արդեն անդրադարձել ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի մերժելի այս նախաձեռնությանը: Սակայն այդ առնչությամբ ծայր առած գռեհիկ բառատարափը կարծես ավանդույթ է դարձել, ու ամեն ոք ասես հոգու պարտք է համարում՝ այլոց վիրավորելով, հրելով, զոռբայությամբ ինքնադրսևորելը:
«Անբարոյական», «փչացած», «դու ո՞վ ես, որ քեզ ձեռ գցեն», «կին կոչվելու իրավունք չունես», «հանցագործ»… այս բառապաշարը, հաճախ շատ ավելի գռեհիկ լցոնումներով, լսում ենք քաղաքապետարանի ավագանու անդամներից (կին, թե տղամարդ՝ կապ չունի), խորհրդարանի անդամներից: Թեև խորհրդարանում կա էթիկայի հանձնաժողով, սակայն անգամ այդ կառույցն է աչք փակում տարատեսակ անկիրթ պահվածքի վրա: Նույնիսկ դեպքեր են եղել, երբ այդպիսի պահվածքն արդարացնելու փորձեր են արվել: Արժեր, իհարկե, որ Երևանի քաղաքապետարանում ևս այդպիսի հանձնաժողով լիներ, սակայն հազիվ թե դա զսպեր համայնքի շահը ներկայացնել կոչվածներին: Ընդ որում, եթե մինչև վերջերս իշխող կուսակցության անդամներն էին ընդդիմադիրներին վիրավորելու պահվածքով աչքի ընկնում, ապա երեկվա ավագանու նիստում ընդդիմադիրներն էլ չկարողացան զսպել միմյանց անպատվելու մոլուցքը:
Նրանց լսելիս ակամա հարց է առաջանում՝ էս որտեղի՞ց են հավաքել սրանց, որ ունակ չեն ցանկացած բողոք արտահայտել քաղաքակիրթ բառապաշարով, զսպել բազարային էմոցիաները: Ի դեպ, մի քանի տարի առաջ ներկայումս ԵԾ ղեկավար Զարուհի Փոստանջյանն էր այսպիսի հորդոր ուղղել ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանին: Սակայն երեկ հենց Փոստանջյանը խախտեց իր հորդորը՝ իր նախկին կուսակցուհի Անահիտ Բախշյանին պիտակավորումներ տալով:
Քաղաքական դաշտի ներկայացուցիչները, որոնք Հայաստանում և դրսում մեր երկրի դեմքն են, երևի չեն էլ գիտակցում, թե իրենց պահվածքով ինչպես են ազդում Հայաստանի վարկանիշի վրա: Իսկ միգուցե իրենց մերձավորների շրջանո՞ւմ են փորձում խիզախ երևալ: Եթե այդպես է, ապա պետք է հիասթափվել նաև նրանց մտերիմներից, ու հիասթափեցնել նրանց: Հանրությանը հորդորներ հղող ու իբր ժողովրդի հոգսերը թոթափելու կոչված քաղաքական այրերն ու տիկնայք օրինակ պետք է որ բարոյակրթության օրինակ ծառայեն: Սակայն այս պահվածքով ինչպես պիտի դա անեն, կամ ինչպես նրանց հետ հույսեր կապեն «շարքայինները», եթե ժողովրդին ամբոխային ճահճից զերծ պահելու փոխարեն, իրենք են ամբոխի մակարդակ թելադրում:
Իսկապես, ի՞նչ կզգան նրանք, եթե հասարակության բոլոր անդամներն հանկարծ բարձրախոսներ ունենան, ու յուրաքանչյուրը հենցիրենց ոճով ազդարարի՝
- Զզվեցրի՛ք արդեն, բավակա՛ն է աղտեղեք…