Ներդրումների՞, թե՞ նոր վարկերի սպասելիս
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐՆ Է
Հռո՞մ, թե՞ Պարսկաստան, Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք. այս բանավեճն ուղեկցել է մեզ պատմության քառուղիներում: Հիմա էլ գրեթե ոչինչ չի փոխվել: Նույն հարցն է հնչում՝ ո՞րն է լավ Հայաստանի համար:
Արդեն մի քանի օր է՝ լրատվամիջոցներն անդրադառնում են Հայաստան- Եվրամիություն հարաբերություններին, այն տեսլականին, որը գովերգելու ջանք ու եռանդ չեն խնայում Արևմուտքի արբանյակները: Դե, Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ ի պաշտոնե է նույնն անում:
Հայաստանում նոր ներդրումներ կլինեն փաստաթղթի ստորագրումից հետո՝ խոստանում է եվրոչինովնիկը: Իսկ խոստումը շա՜տ ականջահաճո է ու սպասված՝ հատկապես կառավարության ու նրա ղեկավարի համար, ում հիմնական առաքելությունը մեր երկիր փող բերելն է (համենայն դեպս՝ այս փուլում):
Եթե դադարենք առաջնահերթել ներդրումների գայթակղիչ առաջարկը և Եվրամիության դեսպանի հայտարարությունը իրատեսորեն տնտեսական քաղաքականության տեսանկյունից ծանրութեթև անենք, ապա հարցեր են առաջանում:
Նախ, բիզնեսը համաձայնագիր ու սահմաններ չի ճանաչում: Բարենպաստ եղավ տվյալ երկրի դաշտը, խաղի կանոններն ընդունելի եղան՝ կապիտալը կատվի նման ճկունորեն, կտեղավորվի: Եթե ոչ՝ հազար ու մի փաստաթուղթ ստորագրի, միևնույնն է՝ ձայն բարբառո հանապատի: Չգիտե՞ն այս մասին արևմտամետ չինովնիկները. իհարկե, գիտեն, բայց խոստանում են:
Միգուցե ներդրումներ ասելով՝ նրանք նոր վարկային միջոցնե՞ր նկատի ունեն: Հնարավոր է, բայց այդ դեպքում մեր տնտեսությունը ոչինչ չի շահի, քանի որ ոչ մի վարկ մինչ օրս չի տրամադրվել արտադրությանը զարկ տալու, տնտեսությունը զարգացնելու համար:
Մի փաստ էլ չենք կարող շրջանցել: Մինչ Հայաստան-ԵՄ բանակցությունները՝ Հայաստանը Եվրոպայի հետ առևտրական կապեր ունի: Թվերն էլ վատ չեն՝ ԵԱՏՄ-ից ավելի լավ են, ինչը հայրենի օրենսդիր մարմնում խոստովանեց կառավարության ղեկավարը: Արևմուտքի հետ համագործակցության պտուղները նաև վարկերով են դրսևորվում: Վարկեր՝ կոռուպցիայի դեմ պայքարի, ինչ-որ անհասկանալի բարեփոխումների, ընտրական գործընթացի կազմակերպման, երբեմն էլ՝ մեր արժեհամակարգին խորթ երևույթների օրինականացման համար: Դե փողն ով տալիս է, նա էլ թելադրում է:
Արդյո՞ք ֆինանսական այս աջակցությունն էլ երկիրը կախվածության մեջ պահելու մի ձև չէ, որի մասին գրել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը: Չոր հաշվարկով՝ այո: Բայց, ի տարբերություն Ռուսաստանի, որը Հայաստանի հետ ցուցամատով, բացահայտ արհամարհանքով ու վարչահրամայական տոնով է խոսում, հիմա էլ սպառնում է, թե չփորձվեք ԵՏՄ-ից դուրս գալ, Արևմուտքը գոնե առերևույթ իրեն այդպես չի դրսևորում: Ազատ կամարտահայտման իրավունք միշտ թողնում է: Վառ օրինակը 2013-ին մի գիշերվա մեջ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն էր, որից հետո անգամ Եվրոպան կիսաբաց մի լուսամուտ մեր երկրի համար թողեց:
Այնպես որ, մեզանից է կախված՝ Եվրամիության հնարավորություններն ապագայում ի բարի՞ն, թե՞ ի չարս կօգտագործենք: