Մշակույթը՝ կրթության հենք
2023 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը: Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին և պատանիներին։
Գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Բազմագործառույթ հաստատությունը 90 տարի շարունակ ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում: Տարբեր ծրագրերի միջոցով այն խթանում է մանկապատանեկան գրականության զարգացումը Հայաստանում՝ հանդիսանալով մանկագիրների և նկարազարդողների ստեղծագործական ներուժի արտահայտման կարևոր հարթակ: Գրադարանը նաև hանրապետության` մանուկներին ու պատանիներին սպասարկող գրադարանների մեթոդական կենտրոնն է, որն իրականացնում է բազմաթիվ և բազմաբնույթ ծրագրեր ու միջոցառումներ՝ ուղղված մանուկների և պատանիների կրթական, մշակութային, գեղագիտական զարգացմանն ու դաստիարակմանը:

Մանուկ և պատանի ընթերցողների ժամանցը գրադարանում. ամառային դպրոց
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի տեղեկացմամբ՝ ինչպես նախորդ տարիներին, այդպես էլ այս տարի հունիսի 1-ից գրադարանում 6-13 տարեկան երեխաների համար կազմակերպվել է ամառային դպրոց, որը կգործի մինչև օգոստոսի վերջ: Ամառային դպրոց են հաճախում ոչ միայն հայաստանաբնակ, այլև Հայաստանում իրենց ամառային հանգիստը կազմակերպող ընտանիքների երեխաներ՝ եվրոպական երկրներից, Ռուսաստանից, Կանադայից: Ամառային ճամբարին մասնակցում են նաև խոցելի խմբերի երեխաներ՝ անվճար հիմունքներով: Ճամբարական առօրյան սկսվում է նախավարժանքով, այնուհետև իրականացվում են բազմաթիվ կրթամշակութային ծրագրեր, այցելություններ՝ տիկնիկային և խամաճիկների թատրոններ, թանգարաններ, «Մուլտ-արտ» և մշակութային այլ կենտրոններ ու հաստատություններ: Այս ծրագրերին զուգահեռ անցկացվում են բարձրաձայն ընթերցանություն-քննարկումներ, «Հմուտ ձեռքեր» վարպետության դասեր՝ ասեղնագործության և ձեռագործական այլ աշխատանքների ուսուցում:
Գրադարանի տնօրենի նշմամբ՝ ասեղնագործությամբ և մաքրամեով հետաքրքրված են ամառային դպրոցի բոլոր սաները, այդ թվում`տղաները: Դպրոցի առօրյան բավականին հետաքրքիր և հագեցած է. ֆիլմերի, մուլտֆիլմերի դիտում-քննարկումներ, գիտության տարբեր բնագավառներում կատարված հայտնագործությունների ուսումնասիրություն, գրական ստեղծագործությունների ընթերցում, երեխաների ուժերով ներկայացման բեմադրում, որտեղ իրենք էլ հանդես են գալիս դերակատարումներով:
Այս ամենին զուգահեռ՝ ինտերակտիվ խաղերի միջոցով երեխաները սովորում են լեզուներ՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Շփումների արդյունքում ամառային դպրոցի սաները նաև միմյանցից են լեզուներ սովորում, ինչն անչափ կարևորում են նաև ծնողները:
Ընթերցանությունն ամառային հանգստի շրջանում
Դպրոցականների ամառային արձակուրդների շրջանում մեծ ակտիվություն է նկատվում գրադարանում, մասնավորապես՝ ընթերցասրահներում: «Մեր ընթերցողները մեծ ակտիվությամբ են այցելում գրադարան: Երևանաբնակ ընթերցողները հիմնականում գրքերը տուն են տանում, իսկ օտարերկրյա քաղաքացիներին գրքեր դուրս չեն տրվում. նրանց ընթերցանությունը կազմակերպվում է գրադարանի ընթերցասրահներում: Այդ ընթերցողներից շատերը Հայաստանում ուսումը շարունակելու նպատակով օգտվում են մասնագիտական գրականությունից և ամբողջ օրն անցկացնում գրադարանում: Քիչ չեն նաև այցելությունները խմբերով»,- նշել է Ռուզան Տոնոյանը:
Գրադարանի ընթերցողները հիմնականում կարդում են գեղարվեստական, մանկական, գիտահանրամատչելի գրականություն: Մեծ է պահանջարկը նաև արվեստի, լեզվաբանության, տեխնիկական, գյուղատնտեսության ոլորտներին առնչվող գրականության մասով: Նախորդ տարիների համեմատ մեծագույն ակտիվություն է նկատվում նաև միջին դասարանների ընթերցողների շրջանում:
Տարեցտարի ավելանում է ընթերցողների թիվը դպրոցականների և ուսանողների շրջանում: Եթե 2022 թվականին ընթերցողների թիվը 18 հազարից ավելի էր, ապա 2023 թվականի միայն առաջին կիսամյակում նրանց թիվն ավելի քան 11 հազար է: Տնօրենի տեղեկացմամբ՝ այս տարի կտրուկ աճել է նաև գրադարանում նոր գրանցվող ընթերցողների թիվը:
Գրադարանային ֆոնդի համալրում
Ռուզան Տոնոյանի նշմամբ՝ գրադարանային ֆոնդի համալրում կատարվում է պետության կողմից սուբսիդավորվող դրամաշնորհի շրջանակում.
- Որպես Ազգային մանկական գրադարան՝ ֆոնդը համալրվում է Հայաստանում հրատարակվող մանկապատանեկան գրականությամբ: Ուսումնասիրվում է ընթերցողների պահանջարկը և ըստ առաջնահերթությունների գնումների (մրցույթով) ու նվիրատվությունների միջոցով կատարվում է համալրումը: Հիմնական պահանջարկը ձևավորվում է դպրոցական ծրագրերի և արտադպրոցական ընթերցանության գրականության շուրջ: Պահանջարկի համատեքստում մեծ խթան են հանդիսանում նաև գրական ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումները և ֆիլմերը: Դրանք դիտելուց հետո դպրոցականներն անպայման ձեռնամուխ են լինում գրական ստեղծագործության ընթերցմանը:
Հետաքրքրությունը տվյալ հեղինակի կամ գրական ստեղծագործության նկատմամբ պայմանավորված է նաև հրատարակչի կամ գրողի կողմից նորատիպ գրքի պատշաճ հանրահռչակման գործոնով: Գրադարանի կողմից իրականացվող տարբեր ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքում կարողանում ենք ժամանակին և ճշգրիտ կազմել պահանջվող գրականության ցանկերը՝ գրքերը ձեռք բերելու և մեր ընթերցողներին լիարժեքորեն սպասարկելու նպատակով: Գրադարանը ոչ ֆորմալ կրթության հարթակ է և գրավիչ պայմաններն ապահովում են տվյալ դպրոցականի կամ ուսանողի կրթության իրավունքը: Գրադարան այցելությունն ընթերցողի մոտ ձևավորում է գրական ճաշակ, մտածողություն, և պատահական չէ, որ յուրաքանչյուր սրահ տվյալ տարիքային խմբի համար կազմում է իր մոտ եղած հավաքածուի լավագույն ընտրանին և ներկայացնում ընթերցողին: