Ավարտվել է Վարչապետի այցը Լոռու մարզ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ Է ՇՐՋԱՅՑԸ ԵՎ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ

Օգոստոսի 29-ին շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Լոռու  մարզ:
Վարչապետը նախ այցելել է Ալավերդի համայնքի Հագվի գյուղ, որտեղ ավարտական փուլում է մոդուլային դպրոցի կառուցումը: Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 755 մլն դրամ: 140 աշակերտի համար նախատեսված դպրոցը շահագործման կհանձնվի մինչ դեկտեմբեր:
 
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը եղել է Օձուն բնակավայրում՝ ծանոթացել մարզաառողջարանային կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքին, որոնց 80%-ն արդեն ավարտվել է: Մարզաառողջարանային կենտրոնի 2021 և 2022 սուբվենցիոն ծրագրերի համար հատկացվել է, համապատասխանաբար,  114 մլն 433 հազար և 91 մլն 107 հազար դրամ: Միջոցների 55 տոկոսը հատկացրել է Կառավարությունը:  
 
Այնուհետև վարչապետին ներկայացրել են Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման  և տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքները: Կատարվել է աշխատանքների  60%-ը: Հիմնովին վերանորոգված կենտրոնի և 2000 քառ. մ. բարեկարգված տարածքի 2019-2022 և 2023 սուբվենցիոն ծրագրերի արժեքը կազմել է, համապատասխանաբար,  68 մլն 366 հազար և 24 մլն 359 հազար դրամ: Միջոցների 50 տրամադրել է Կառավարությունը:
 
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է  Հ-33, /Մ-3 /Ստեփանավան-Ագարակ-Յաղդան-/Հ-35/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, որոնց 95%-ն կատարվել է: 6.1 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման նպատակով գործադիրը հատկացրել է 642 մլն 4 դրամ: 
Տաշիր համայնքում կառավարության ղեկավարը եղել է  Սարչապետ բնակավայրի մշակույթի տան վերանորոգման շինհրապարակում: Շինարարական աշխատանքները գրեթե ավարտվել են, մոտ 1000 քմ վերանորոգված մշակույթի տան սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է   59 մլն դրամ, որի 45 տոկոսը հատկացվել է Կառավարության կողմից: 
 
Ներկայացնելով «Երեմյան Ֆարմ» անասնաբուծական համալիրի ընթացող շինարարական աշխատանքները՝ նշվել է, որ ընկերությունում ներկայումս առկա է 300 գլուխ հոլշտեյն ցեղատեսակի ԽԵԿ: Ծրագրի ընդհանուր արժեքը 31 մլն դոլար է: Նիկոլ Փաշինյանը եղել է նաև «Բոզոյան» ՍՊԸ–ում, որն իրականացնում է ցանքատարածությունների մշակում. տարեկան հզորությունը կազմում է մոտ 2 հազար հեկտար: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը  մոտ 7 մլն դոլար է: 
 
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Մ- 3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի 22.9 կմ  հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք փաստացի ավարտվել են: Ծրագրի ընդհանուր արժեքը  կազմում է 3 մլրդ 771 մլն  դրամ: Միջոցներն ուղղվել են պետական բյուջեից:  
 
Վարչապետը եղել է Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի քաղաքային հրապարակում, որտեղ  հիմնանորոգման  աշխատանքների  80% արդեն իրականացվել է՝ լուսաձայնային էֆեկտներով շատրվաններ, 4700 քմ սալիկապատ անցուղի, 1200 քմ ասֆալտապատ տարածք: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան  201 մլն դրամ է: Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցում ևս իրականացում են 1,8 կմ հիմնանորոգման աշխատանքներ, որոնց արժեքը կազմում է ավելի քան 736 մլն դրամ:
 
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Գյուլագարակ բնակավայրի արվեստի դպրոցի համայնքային շենքի կառուցման աշխատանքներին: Մոտ  200 քմ կառուցված արվեստի դպրոցի կառուցման սուբվենցիոն ծրագրի արժեքը  74 մլն 900 հազար դրամ է: Միջոցների 45 տոկոսը հատկացրել է Կառավարությունը: Աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչ տարեվերջ: 
 
Վարչապետին ներկայացվել է նաև Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի 13 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները, որոնք ավարտվել են,  թերություններ ի հայտ գալու պատճառով շինարարական ընկերությունը սեփական միջոցների հաշվին 10 կմ հատվածում տեղադրում է ասֆալտբետոնի նոր շերտ: Ծրագրի արժեքը  494 մլն դրամ է: Միջոցները հատկացրել է Կառավարությունը:
 
Նշվել է նաև, որ մեկնարկել են Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի 4,06 կմ  հատվածի միջին նորոգման աշխատանքները: Կառավարությունը ծրագրի իրականացման համար հատկացրել է ավելի քան 199 մլն դրամ: Ավարտվել են նաև Բազում համայնքի մոտ Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման 4.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: 
 
Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրը, որտեղ սուբվենցիոն ծրագրով կառուցվել է հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակի հուշահամալիր: Շինարարական աշխատանքներն ավարտվել են, կառուցվել է մոտ 1700 քմ պուրակ, որի համար հատկացվել է  42 մլն դրամ: Միջոցների 50 տոկոսը հատկացրել է Կառավարությունը: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով հերոսների հիշատակին: 
Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Տ-5-7՝ Մ7 Շիրակամուտ - Լեռնավան (Տ-5-38) ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, որոնց  90%-ն ավարտվել է: 1,1 կմ ճանապարհի հիմնանորոգման արժեքը կազմել է ավելի քան 148 մլն դրամ, որը հատկացվել է Կառավարության կողմից:  
 
Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Սպիտակ քաղաքի  մոդուլային տիպի մանկապարտեզի կառուցման շինհրապարակում: Մոտ 1300 քմ մակերեսով, 144 տեղ հզորությամբ  մանկապարտեզի կառուցման ծրագրի համար հատկացվել է 787 մլն 532 հազար  դրամ: Միջոցները տրամադրել է Կառավարությունը: 
 
Վարչապետի վերջին կանգառը եղել է Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում, որտեղ կառուցվել է ջրամբար: Մոտ 12 հազար 500 խմ ծավալով գեոմեմբրանային թաղանթով ջրամբարի կառուցման սուբվենցիոն ծրագրի արժեքը  34 մլն 948 հազար դրամ: Միջոցների մի մասը հատկացրել է Կառավարությունը, մյուս մասը՝ համայնքը: 
Նիկոլ Փաշինյանը Սպիտակ համայնքում հարգանքի տուրք է մատուցել  44 օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին:
 
Վարչապետը կարևորել է համայնքներում իրականացվող ծրագրերի որակյալ և ժամանակին իրականացումը՝ ընդգծելով, որ Կառավարությունը տարբեր ծրագրերի միջոցով շարունակելու է ակտիվորեն նպաստել մարզերի զարգացմանը: