Վարչապետը Լոռու մարզում ծանոթացել է տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին

Լոռու մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին:
 
Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Վանաձոր համայնքի Խորենացի փողոցը, որի  2  երթևեկելի գոտիներում իրականացվում են գրեթե 1 կմ հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 272.8 մլն դրամ: Միջոցները հատկացրել է Կառավարությունը:
 
Հաջորդիվ վարչապետը եղել  է Վանաձոր համայնքի «Իտեքս» ընկերությունում և ծանոթացել վերջինիս գործունեությանը: Հայ-իտալական «Իտեքս» ընկերությունը հիմնադրվել է 2022 թ.-ի մայիսին։ Այն զբաղվում է իտալական հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ և ունի մոտ 1000 աշխատակից: Ներկայումս ընկերությունն ունի 14 արտադրական հոսքագիծ, սակայն առաջիկայում պլանավորվում է արտադրական ծավալներն հասցնել մինչև 24 հոսքագծի։
 
Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Վանաձորի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի  շինարարական աշխատանքներին: Երկհարկանի 50 մահճակալ հզորությամբ բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքների համար ներդրվում է 891 մլն դրամ: Միջոցները հատկացրել է Կառավարությունը: 
 
Նիկոլ Փաշինյանը եղել է Վանաձորի քաղաքային մարզադաշտում, որը  հիմնանորոգվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով։ Մարզադաշտի շինաշխատանքները վերսկսվել էին 2021 թվականի հուլիս ամսից։ Այն ունի նոր տրիբունա՝ 3000 նստատեղով, հետագայում նստատեղերի թիվը կարող է ավելանալ, այժմ քննարկվում են նոր տրիբունաներ կառուցելու հնարավորությունները: 
 
Վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց, որտեղ ծանոթացել է նոր մարզադահլիճի կառուցման շինարարական աշխատանքներին, որոնց  70%-ն արդեն իրականացվել է: 159 աշակերտի համար նախատեսված մարզադահլիճի կառուցման ծրագրի Կառավարությունը հատկացրել է 199.5 մլն դրամ: 
 
Գործադիրի ղեկավարին մանրամասներ են ներկայացվել նաև Վանաձոր համայնքի Հրաչյա Ներսիսյան փողոցի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Իրականացվել է շինաշխատանքների  55%-ը: Ընդհանուր կհիմնանորոգվի 1,127 կմ ճանապարհահատված: Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմում է  314 դրամ է: Միջոցները կեսը հատկացրել է Կառավարությունը:  
 
Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Վանաձոր համայնքի «Գլորիա» կարի ֆաբրիկան: Ընկերությունն արտադրում է եվրոպական որակի պահանջներին համապատասխան արտադրանք,  ունի մոտ 2500 աշխատակից: 2 մասնաճյուղերում միասին ամսական արտադրվում են 180,000 հատ տարբեր տեսակի հագուստներ, վերարկուներ, բաճկոններ, մոտոցիկլիստների հագուստներ, տարբեր տեսակի պաշտպանիչ հագուստներ:
 
Կառավարության ղեկավարը ծանոթացել է Ֆիոլետովո համայնքի կոյուղագծի կառուցման աշխատանքներին: Կառուցվում է 1,676 կմ կոյուղագիծ, 1 մաքրման կայան. Սուբվենցիոն ծրագրի արժեքը 31.500.000 դրամ է, որի 65%-ը հատկացվել է  պետական բյուջեից: 
 
Վարչապետին ներկայացրել են Լերմոնտովո համայնքի փողոցների նորոգման աշխատանքները.  550 մետր կառուցված ճանապարհի սալարկմամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են: 2022 և 2023 սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է, համապատասխանաբար,  21 և 22 մլն դրամ: Միջոցների 60 տոկոսը հատկացրել է Կառավարությունը:
 
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև  Մ-6-Եղեգնուտ–Դեբետ ավտոճանապարհի 7.1 կմ  երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որի 90%-ն արդեն կատարվել է: Ճանապարհի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրի արժեքը  846.7 մլն դրամ է: Եղեգնուտում վարչապետը զրուցել է տեղացիների հետ տարբեր հարցերի շուրջ: 
 
Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրում վարչապետը ծանոթացել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից կառուցվող «Դսեղի առողջության կենտրոնի» շինարարական աշխատանքներին, որոնք գտնվում են ավարտական փուլում: Ծրագրի ընդհանուր արժեքը  1 մլն դոլար է:  2022թ.-ին ներդրումների ծավալը կազմել է 168 մլն դրամ: Այն կսպասարկի Թումանյանի տարածաշրջանի 7 բնակավայրերի բնակչությանը: 
 
Կառավարության ղեկավարին ներկայացվել են Տ-5-73 /Հ-70/ - Քարինջ մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: 4 կմ հիմնանորոգված ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների 80%-ը ավարտվել է, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է  346 մլն դրամ: Միջոցները հատկացրել է Կառավարությունը: 
 
Կատարվել է նաև  Մ-6, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական նշանակության միջպետական ավտոճանապարհի համապատասխան  տեղամասի վերականգնման և բարելավման աշխատանքների  30%-ը: Ծրագրի նպատակով պետական բյուջեից հատկացվել է 954 մլն դրամ:  
 
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև դեպի Կայան բերդ տանող 1,6 կմ երկարությամբ քայլարշավային արահետ, որը հիմնվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ: Արահետի վրա տեղադրվել են 31 փայտե և 13 քարե աստիճաններ, բարդ հատվածներում մոնտաժվել են երկաթյա աստիճանավանդակներ: Արահետի սկզբնամասում տեղադրվել է մեկնարկային ցուցանակ` անհրաժեշտ տեխնիկական նկարագրությամբ և քարտեզով, ինչպես նաև ուղղորդող ցուցանակներ և գծանշումներ ամբողջ արահետի երկայնքով: 
 
Վարչապետի այսօրվա վերջին կանգառը եղել է Ալավերդիում, որտեղ Սանահին-Ակներ 9,3 կմ ավտոճանապարհի շինաշխատանքների ընթացքին: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 2  մլրդ դրամ, որը հատկացվել է պետական բյուջեից: