Ների՛ր, հայ Զինվոր

ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԱՆՐԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԾԱԾ

Երեկվանից եռացող կաթսայի պես քլթքլթում է Հայաստանը՝ Սփյուռքով հանդերձ:
 
Կատարվածը ցնցակաթվածի ուժգնությամբ խոցել է բոլորին, ալեկոծել հոգիները: Ամենատարբեր ձևակերպումներով՝ ասելիքը նզովքն է ու ափնիբերան զարմանքը:
 
Մինչ այս էլ Մանվել Գրիգորյանի մարդկային նկարագրով շատերը հիացած չեն եղել, բայց ազատամարտիկի նրա անցյալը հակակրանքն ատելության չէր վերածում: Սակայն տեսանկարահանված փաստը ավելին էր, քան ցանկացած մղձավանջ:
 
Ահա թե ինչու որևէ մեկին չզարմացրեց, որ Հրանտ Անանյանը հրաժարվել է Մանվել Գրիգորյանի պաշտպանը լինել՝ իր ֆեյսբուքյան էջում գրառելով.
 
- Երեկ Վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ այդ տեղեկացված չեմ եղել, անգամ նախաքննության մարմինը նման կասկածանք առաջադրած չի եղել և նյութ չի տրամադրել։
 
Ներկա պայմաններում նպատակահարմար չեմ գտնում այլևս շարունակելու իրականացնել Մ.Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցույց տալը, և իմ առաջարկությամբ Մ. Գրիգորյանի համաձայնությամբ (ինչն օրենքով պարտադիր է) նախաքննության մարմինը քիչ առաջ արձանագրեց այդ փաստը, և ես դադարել եմ նրա պաշտպանը լինելուց,- իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Հրանտ Անանյանը։
 
Հազարավոր կարծիքներ են հնչել ու դեռ կհնչեն: Իբրև տեսակետների ընդհանրացում՝ մեջբերենք ֆեյսբուքյան գրառումներից երկուսը:
 
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի սպառազինության գծով նախկին տեղակալ, ՀՀ ՊՆ պահեստի գնդապետ Գուրգեն ԽԱՉԱՏՐՅԱՆ.
 
- Որպես ՀՀ Բանակի պահեստի գնդապետ, հրամանատար և ՀՀ քաղաքացի՝ կոչ եմ անում ողջ հրամանատարական կազմին, գեներալներին, գնդապետներին ցուցաբերել խիզախություն: Եվ խոստովանենք, որ այն, ինչ ներկայացվեց մանվելի ձերբակալությունից հետո՝ բոլորս էլ լավատեղյակ էինք, գիտեինք նրա ապրելակերպը, նրա զավթողական քաղաքականությունը, նրա թալանների մասին… 
 
Ուղղակի հավատ չունեինք պետության հանդեպ և չունեինք ապացույցներ։ Հիմա ամեն ինչ ակնհայտ է։ 
 
Առաջարկում եմ կազմակերպել ստորագրահավաք և մինչ դատավճիռը դիմել ԼՂՀ նախագահին՝ այդ տականքին ԼՂՀ ազգային հերոսի կոչումից զրկելու պահանջով։ 
 
Ես ամաչում եմ, որ ՀՀ-ն ունի նման գեներալ։
 
Իսկ 1988 թ. Ղարաբաղյան շարժման օրերից ու դրանից հետո հրապարակախոսական իր հոդվածներով ճանաչված լրագրող Շուշան ՂԱԶԱՐՅԱՆԸ մի միջադեպ է վերհիշել.
 
- 1988֊ի ամռանը Ամարաս բարեգործական ընկերությունը բողոք էր ստացել Հադրութից։ Գնացինք Հադրութ հասկանալու իրավիճակը։ Շրջանի քարտուղարը զայրույթից ինքնատիրապետումը կորցնելով ինձ ու Ամարասի ղեկավար Բորիս ԴԱԴԱՄՅԱՆԻՆ պատմեց. «Էջմիածնից այստեղ հայտնվել է մի ավազակ, անունը դրել գործարար ու գյուղացիներից էժան գնով, խաբելով վերցնում է անասունը, մորթում ու Հայաստանում թանկ գնով վաճառում է` տեղացի մեկ ուրիշ ավազակի հետ։ Սահմանամերձ շրջան է Հադրութը, գյուղացուն որ զրկես անասունից նա գյուղում կմնա՞։ Բոլորը կքոչեն ու թուրքը կլցվի գյուղերը»։
 
Այդ ավազակ «գործարարը» էջմիածնեցի Մանվել ԳՐԻԳՈՐՅԱնն էր, իսկ տեղացի ավազակը Արցախի ներկա փոխվարչապետ ԱՐԹՈՒՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ։
Պատերազմի ժամանակ թալանի էշելոնը սրանք էին ղեկավարում` լիքը ուրիշ անդամներով։ Որոնց այսօր հերոս են անվանում։
 
Մեկնաբանություններն, ինչպես ասում են՝ ավելորդ են: Այս պարագայում՝ մեկնաբանություններից ավելի խոսուն է փաստը: