Գերազանցության մեդալներ այլևս չեն լինի

ԱՅՍ ՏԱՐՎԱՆԻՑ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ՇՆՈՐՀՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ

«Ուսումնական  հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում» կատարված  փոփոխությունների համաձայն՝ այս տարվանից այլևս հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհման գործընթաց նախատեսված չէ՝ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
 
Նշենք, որ սովորողը համարվում է գերազանց առաջադիմություն ունեցող, եթե տվյալ ուսումնական տարվա ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից գնահատվում է տարեկան 9-10 միավոր և 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններից՝ 18-20 միավոր: Կրթության 3-րդ աստիճանի ավարտին սովորողին տրամադրվում է «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ:
 
Փոփոխությունները պայմանավորված են ընթացող կրթական բարեփոխումներով` հանրակրթության նոր չափորոշչի հաստատմամբ, որի հիմքում դրվել են կրթական համակարգի արդյունավետության կոմպետենցիաները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների միջոցով կարողունակությունների ձևավորումը:  
 
Միաժամանակ տեղեկացնենք, որ գերազանցության մեդալի համար բուհական ընդունելության քննություններում արտոնություններ նախատեսված չէին: