Երևանում բացվեց «Գրքերի աշխարհ» բազմաֆունկցիոնալ կենտրոնը
Սեպտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ «Գրքերի աշխարհ» բազմաֆունկցիոնալ կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը: «Գրքերի աշխարհ»-ը հավակնում է դառնալ երևանցիների ամենասիրելի մշակութային միջավայրերից մեկը՝ պարբերական միջոցառումներով, շնորհանդեսներով, գրական-մշակութային քննարկումներով:
Բազմաֆունկցիոնալ համալիրը այցելուներին տրամադրելու է ինչպես տպագիր, այնպես էլ աուդիո և էլեկտրոնային գրականությունից օգտվելու հասանելիություն և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ: Գիտակցելով Երևանի մշակութային կյանքի համար նմանօրինակ կենտրոնի անհրաժեշտությունը, առաջնային նպատակ է կենտրոնի ծառայությունները անշահախնդիր կերպով հասանելի դարձնել հնարավորինս մեծ թվով մարդկանց։
Կենտրոնը ստեղծվել է «Սոհո Սենթըր» ընկերության կողմից՝ որպես սոցիալական պատասխանատվության բացառիկ դրսևորում:
- «Գրքերի աշխարհ»-ը բազմաֆունկցիոնալ համալիր է՝ հագեցած ոչ միայն տպագիր, այլև էլեկտրոնային միջոցներով։ Այստեղ ընթերցողները հնարավորություն կունենան անվճար օգտվել գրքերից, Kindle-ներից և համակարգիչներից։ Այն նաև յուրատեսակ աշխատանքային միջավայր է, որտեղ կարելի է գալ և աշխատել։ Ամեն հնարավոր բան արված է, որ հարմարավետ լինի ընթերցողի համար, որպեսզի մարդիկ գան, համախմբվեն, քննարկումներ իրանացնեն, մասնակցեն գրքերի շնորհանդեսների, հանդիպեն սիրելի գրողներին,-նշում է Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը, ում հետ համագործակցությամբ էլ «Սոհո Սենթըր»-ը իրականացրել է նախագիծը։