Գյումրին՝ 2024 թ. ԱՊՀ մարզական մայրաքաղաք

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում ընտրվել է խորհրդի նախագահ։ Լիազորությունները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից՝ 1 տարի ժամկետով։ Խորհրդի որոշմամբ Գյումրին ընտրվել է ԱՊՀ երկրների սպորտային մայրաքաղաք, որտեղ 2024 թվականին կանցկացվի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մեծ համաժողով։
 
Նշենք,որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ հետևելու այս օրերին անցկացվող ԱՊՀ երկրորդ խաղերին։
 
Մինսկ այցի շրջանակում Կարեն Գիլոյանը հանդիպել է Բելառուսի սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկին։ Ոլորտի պատասխանատուները քննարկել են հետագա մի շարք համագործակցություններին և փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։
 
Կարեն Գիլոյանն այցելել է Մինսկում գտնվող սպորտային գիտահետազոտական, վերականգնողական բժշկական կենտրոն, որը աշխարհում լավագույններից է իր տեխնիկական, գույքային հագեցվածությամբ։ Գիլոյանը տեղում ծանոթացել է կենտրոնի աշխատանքներին, տեխնիկական բազային, ինչպես նաև կենտրոնի սպասարկման համակարգին։