Համատեղ ծրագիր՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը Հայաստանում»

Այսօր՝ հուլիսի 3-ին, Եվրոպայի խորհուրդը Հայաստանի իշխանությունների հետ սկսում է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը Հայաստանում. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ուղղությամբ շարունակվող աշխատանքը» համատեղ ծրագիրը։
 
Ծրագիրը կսևեռվի Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության գործերով զբաղվող իրավագետների, ոստիկանության աշխատակիցների, սոցիալական աշխատողների և այլոց գիտելիքների և հմտությունների զարգացմանը։ Ծրագիրն ի վերջո օգտակար կլինի բռնության զոհ դարձած հայ կանանց համար։  
 
Հայկական կողմից ծրագրի գործընկերներն են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Արդարադատության ակադեմիան և Ոստիկանությունը։ Ծրագիրն իրագործվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2019–2022թթ. իրականացվող գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագրի դոնորների (ներկայում՝ Գերմանիայի, Իռլանդիայի, Լիխտենշտեյնի և Նորվեգիայի) կողմից։  
 
Պաշտոնական բացմանը հաջորդիվ Եվրոպայի խորհրդի ծրագրի թիմը կներկայացնի ծրագիրը, իսկ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GREVIO/ԳՐԵՎԻՈ) նախկին փոխնախագահ և Ավստրիայի Ընտանեկան բռնություններին միջամտության կենտրոնի գործադիր տնօրեն Ռոզա Լոգարը կներկայացնի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։