Սահմանադրությունը ժողովրդի համար է, և ոչ թե՝ ժողովուրդը սահմանադրության համար
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԿՈՉԸ «ԱՆԿԱԽ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻ

Հին իշխանությունների մնացուկները և նրանց կերակրատաշտից օգտվողները չգտնվեցին այնքան խոհեմ, որ ի շահ երկրի անվտանգության և զարգացման՝ նեղ անձնական ու խմբակային շահերը մի կողմ թողած՝ չխոչընդոտեին իրավական համակարգի սահուն և անխափան անկախացմանը , այլ ընդհակառակը, նրանք, բաժանիր որ տիրես քաղաքականության տրամաբանությամբ, ժողովրդից թալանած միջոցները ծախսեցին ու ծախսում են՝ երկիրը քաոսի վերածելու և իրենց հակազգային իշխանությունը հետ բերելու:
ՀՀԿ-ՀՅԴ և Քոչարյանական բանդան, չարաշահելով սահմանադրությամբ բոլորին տրված իրավունքներից և իշխանությունների երաշխավորումից, անպատժելիության հոգեբանությամբ՝ նույնիսկ Արցախը խառնեցին իրենց կեղտոտ գործերի մեջ և իրենց մորթապաշտության և դավադրական քայլերով ստիպեցին, որ ժողովուրդը մի անգամ ևս հրապարակ իջնի և նրանց ցույց տա իրենց իսկական տեղը:
Այս դավադիր ուժերը, չունենալով ոչ մի կռվան և հենարան, կախվում են փրփուրներից և վարչապետի քայլը համարում՝ իբր հակասահմանադրական: Որոշ ընդդիմադիրներ էլ պարզապես չգիտակցելով պահի լրջությունը և հեղափոխությանը սպառնացող վտանգը, ակամա տուրք են տալիս թալանչիներին և երկիրը կործանման եզրին հասցրած կլանին, իսկ մի փոքրաթիվ խումբ էլ պարզապես 30 արծաթով ծախեց ու ծախում է իր հոգին:
Սահմանադրությունը ժողովրդի համար է, և ոչ թե՝ ժողովուրդը սահմանադրության համար:
Սահմանադրությունը երաշխավորում է ժողովրդի խաղաղ ցույցերի և ակցիաների միջոցով կամարտահայտության ազատությունը, լինի դա վարչապե՛տ Փաշինյանի գլխավորությամբ, կամ ընդդիմադի՛ր Փաշինյանի գլխավորությամբ, հարցի էությունը դրանով չի փոխվում:
Սահմանադրության անունից թող ոչ ո՛ք կոկորդիլոսի արցունք չթափի:
Կոչ ենք անում Սփյուռքի մեր հայրենակիցներին, հանուն Հայաստանի և Արցախի հզորացման ու անվտանգության, հանուն ազատ, ինքնիշխան և իրավական պետականության, միանալ հայաստանաբնակ մեր հայրենակիցներին, թույլ չտալ հնի վերադարձը, քանդել իրավական կոռումպացված համակարգը, ստեղծել իսկական անկախ իրավական համակարգ և անշեղորեն քայլել դեպի առաջ:
Եվրոպայի Հայերի Համագումար
Ուփսալա – Շվեդիա