Ազգային շահերը սպասարկելու, այլ ոչ թե իշխանությունը պահպանելու մղումով

Նյու Յորքում ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում ՀՀ գործադիրի ղեկավար Ն. Փաշինյանը նաև փաստել է, որ Հայաստանում այսօր մենաշնորհներն ու կոռուպցիան հաղթահարված են, ավագանու ընտրություններն անցել են առանց կոռուպցիայի, թաղային, քրեական հեղինակությունների միջամտության:
 

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին` վարչապետը նշել է, որ դրանց համատեքստում պետք է խրախուսվի ոչ թե բարեգործությունը, այլ աշխատանքը:
 

- Հայությունը կարող է Հայաստանին աջակցել ընդամենը մի տարբերակով` Հայաստանում ծավալել տնտեսական գործունեություն, հիմնադրել որևէ բիզնես և աշխատել: Այսօր Հայաստանի ընկալումը հետևյալն է. այն մի երկիր է, որտեղ կարելի է ծավալել տնտեսական գործունեություն, բիզնես հիմնադրել, շահույթ ստանալ, հարստանալ և հարստացնել: Մեր ուղերձը բոլորին հետևյալն է. հարստացեք և հարստացրեք: Մենք ուզում ենք, որ Հայաստանն ընկալվի այդպիսի երկիր, Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր, այնպիսին, ինչպիսին նաև «Թումո» կենտրոնն է, որը դարձել է ժամանակակից Հայաստանի ամենակարևոր կենտրոններից մեկը: Հույս ունենք, որ Հայաստանում կստեղծվեն նորանոր միջազգային բրենդներ, որոնք կփոխեն պետության և հայ ժողովրդի ճակատագիրը ռազամավարական առումով: Գոյատևող Հայաստանի ժամանակն ավարտվել է, եկել է զարգացող Հայաստանի ժամանակը: Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերություններին պետք է վերաբերվենք որպես մեկ միասնական օրգանիզմ,- ասել է կառավարության ղեկավարը:

Ի պատասխան հնչեցված հարցի` Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը: 

- Մենք պատրաստվում ենք զարգացնել հարաբերությունները բոլոր միջազգային գործընկերների հետ, բայց չենք պատրաստվում դա անել մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին: Փորձելու ենք ՌԴ-ի, ԵԱՏՄ գործընկերների, Իրանի, Վրաստանի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի: Այդ հարաբերություններում պետք է լինենք ավելի վստահ, ինքնիշխան պետությանը հատուկ մոտեցումներով, իսկ արտաքին քաղաքականությունը վարենք ազգային շահերը սպասարկելու, այլ ոչ թե իշխանությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով,- շեշտել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ամերիկահայերի մի շարք այլ հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում խոսքի ազատությանը, զանգվածային լրատվական միջոցների ազատ գործունեությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, անկախ դատական համակարգի ապահովմանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը, կրթության, թեթև արդյունաբերության, բանկային համակարգի զարգացմանը և այլ թեմաների: