Ինչո՞ւ է հյուսիսային եղջերուների աչքերի գույնը փոխվում Ծննդյան տոներին

Արևմտյան երկրներում հյուսիսիային եղջերուները սերտորեն առնչվում են Ծննդան տոներին ու Ամանորին: Համարվում է, որ հենց հյուսիսային եղջերուներին է լծված սահնակը, որով Սանտա Կլաուսը (կամ սուրբ Նիկողայոսը) նվերներ է տանում երեխաներին: Միայն թե շատ-շատերը չգիտեն մի չափազանց հետաքրքիր փաստ՝ ձմեռային տոներին մոտ օրերին այս երկկճղակավորների աչքերի գույնը շատ արագ և նկատելիորեն փոխվում է: Չնայած դա նման է իսկական ամանորյա հեքիաթի, սակայն խոսքը գիտականորեն միանգամայն հիմնավորված երևույթի մասին է (այդ անսովոր երևույթի բացատրությունը հրապարակել է esoreiter.ru-ն):
 
Ամեն տարի՝ դեկտեմբերի վերջերին, հյուսիսային եղջերուների աչքերը շագանակագույնից դառնում են շատ գեղեցիկ մուգ  կապույտ: Նորվեգացի կենսաբանները  վերջերս պարզել են այդ երևույթի պատճառը: Գիտնականների խոսքով՝ տվյալ կենդանիների աչքերի հետ տեղի ունեցող կերպարանափոխության պատճառը բևեռային շրջանի եզակի լուսային պայմաններն են: Պարզվել է՝ հյուսիսային եղջերուների ակնախնձորները հարմարվում են լուսավորվածության միանգամայն հակադիր  տեսակներին, ինչը հատուկ է Արկտիկային: 
 
Ինչպես հայտնի է, կաթոլիկների Ծննդյան տոները տեղի են ունենում անդրբևեռում տիրող 10-շաբաթյա անփոփոխ կիսախավարի հենց մեջտեղում: Արևի բացակայության հետևանքով Արկտիկայի բնանկարում գերակայողը կապտավուն երանգներն ու լղոզված կերպարանքներն են: Իսկ ահա մայիսի կեսերից այդ վայրերի լուսավորությունը դառնում է անհավատալիորեն բուռն, քանի որ արևը բոլորովին մայր չի մտնում, և նրա շողերը  կուրացնում են՝ անդրադառնալով դեռևս չհալված ձյուների մեջ: Հակադրությունն ուղղակի զարմանալի է: 
 
Որպեսզի Արկտիկայի եղջյուրավոր բնակիչները կարողանան այդ բոլոր ժամանակներում լավ տեսնել, բնությունը եղջերուներին հնարավորություն է տվել փոխել աչքերի գույնը: Շագանակագույն աչքերը լավ են գործում արևի վառ լույսի տակ: Իսկ կապույտները, չնայած պակաս պարզորոշ են տեսնում, հազար անգամ ավելի զգայուն են լույսի նկատմամբ, դրա համար էլ երկկճղակավորները կարող են տեսնել կիսամութի մեջ, երբ  արևը երկար ժամանակով հեռանում է անդրբևեռից: 
 
Գիտնականները 10 տարի հետազոտում էին, թե դա ինչպես է տեղի ունենում: Եվ նորվեգացիները պարզել են, որ փոխվում է եղջերուների ոչ թե ծիածանաթաղանթի գույնը, այլ ցանցաթաղանթի կենտրոնական հատվածի անդրադարձնող մակերեսը: Աչքի այդ հատվածը, որը կոչվում է հայելակ, մարդու տեսողական համակարգում չկա, իսկ ահա գիշերային շատ կենդանիներ ունեն: Հայելակը աչքի ներսում անդրադարձնում է նվազագույն լույսն անգամ՝ գիշերները կենդանիներին հնարավորություն տալով տեսնել անգամ աննշան լուսավորության դեպքում: Օրինակ, սրա շնորհիվ է, որ կատվի աչքերը կիսամութի մեջ փայլում են, և նա գիշերը հիանալի տեսնում է: