Գարունը՝ հայ մանուկների աչքերով

«Գարուն» խորագիրն էր կրում «Արարատ» Հայկական միության նախաձեռնությամբ Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցում կազմակերպված նկարչական մրցույթը։
Ձեռնարկում, որի նպատակը հեռավոր Վալենսիայում ապրող հայ մանուկների հոգում բնության հանդեպ հետաքրքրություն արթնացնելն էր, վերազարթոնքը սեփական ընկալումներով ներկայացնելը: 

Կրթօջախի սաները մեծ ոգևորությամբ էին արձագանքել ուսուցիչների առաջադրանքին և կտավին հանձնել զարթոնք խորհրդանշող տարվա եղանակի գույները, որոնք, ըստ իրենց` ավելի ցայտուն են Հայաստանում, քան Իսպանիայում։
Եվ, իսկապես, միջերկրածովյան շուրջամյա մեղմ կլիմա ունեցող Իսպանիայում գարունն այնքան ցայտուն չի ուրվագծվում, որքան ցրտաշունչ ձմեռ ունեցող Հայաստանի, որտեղ զարթոնքն զգացվում է ամենուր։

Մրցույթի մասնակիցները 3-12 տարեկան երեխաներն էին ։ Հաղթող ճանաչվեց 12-ամյա Անժելա Դալլաքյանը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը կիսեցին 9-ամյա Դավիթ Գրիգորյանն ու 8-ամյա Իզաբելլա Մանուկյանը։
Հաղթողները, ինչպես նաև բոլոր մասնակիցները, ստացան պատվոգրեր, մրցանակներ և նվերներ: