Սփյուռքների համախմբումը՝ ընդհանուր նպատակ

ՄԻԱՎՈՐԵԼՈՎ ՋԱՆՔԵՐՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի գլխավորած պատվիրակությունները Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
 
- Մեզ համար շատ ուրախալի է լսել  Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Հունաստանի ու Կիպրոսի համապատասխան պետական կառույցների միջև հաստատված այս գեղեցիկ գործակցության մասին, որն ուղղված է երեք երկրների սփյուռքների  միջև աշխատանքներ իրականացնելուն: Ճակատագրի բերումով մեր ժողովուրդները հարկադրված են եղել  հեռանալ իրենց պատմական հայրենիքից և ապաստան գտել այլ երկրներում և շնորհիվ տվյալ երկրների հոգատար վերաբերմունքի՝ կազմակերպել են իրենց համայնքները, ազգային, հոգևոր, մշակութային կյանքը: Հայ առաքելական եկեղեցին և հունաց եկեղեցին սերտ համագործակցում են միմյանց հետ սփյուռքյան համայնքներում, և համայնքների միջև հարաբերությունները բարձր հարթության վրա են,- ողջունելով հյուրերին՝ ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
 
Վեհափառն ընդգծել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին և հույն եկեղեցին հաստատակամորեն կնպաստեն այս համագործակցության զարգացմանը, և երեք ժողովուրդների հանդեպ անարդար դրսևորումները միջազգային հարթակում կհասնեն ճշմարտացի ընկալման: 
 
Ընդունելության համար շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մանրամասնել է;
 
- Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել դեռևս այս տարվա հունիսին: Վաղը Սփյուռքի հարցերի շուրջ փոխըմբռման հուշագիր կստորագրվի նաև ՀՀ սփյուռքի նախարարության և Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջև: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մենք ևս մեկ անգամ հայտարարեցինք, որ պատրաստ ենք մեր երկրների սփյուռքներին համախմբել, և հիմա այստեղ Ձեր օրհնությունն ենք խնդրում:
Ինչպես շեշտել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլայոս Քուիքը՝ քրիստոնեությունը և եկեղեցին կարևոր կամուրջ են յուրաքանչյուր համագործակցության համար և մեծապես կնպաստեն երեք երկրների սփյուռքների միջև հարաբերությունների սերտացմանը: 
 
Իսկ Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուն անդրադարձել է Կիպրոսի հայ համայնքի կազմակերպվածությանը. 
 
- Մեր երկրներն ունեն ընդհանուր նպատակներ, ցանկություններ ու պատմություն: Մենք միավորում ենք մեր ջանքերը, ազգային շահերը, և հայկական, կիպրական ու հունական սփյուռքները միջոց են մեր նպատակներին հասնելու համար: 
 
Այդ ճանապարհին Ֆոտիս Ֆոտիուն անփոխարինելի է համարում Եկեղեցու օգնությունը: Նա նաև շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին կատարած աշխատանքների և ներդրած ջանքերի համար:
 
Հանդիպումից հետո հյուրերն այցելել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարան: