«Ահա թե ինչը պետք է ուսումնասիրեն մեր պատմաբանները»

Մեր ժամանակներին համահունչ է 2021թ․ ապրիլի 24-ին Սևան Ղազարյանի հետևյալ հրապարկումը, որի հեղինակը բանասիրական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր Ռաֆայել ԻՇԽԱՆՅԱՆՆ է։
 
 - Կարծում եմ՝ շատ կարևոր է ուսումնասիրել հետևյալ հարցը. 1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915-ի հունվարի 4-ը Սարիղամիշի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում թուրքական բանակը գլխովին ջախջախվեց։ Ռուսական բանակի առաջ թուրքական ուժեր չմնացին։ Ճանապարհն ազատ էր, և ռուսական բանակը առանց որևէ դիմադրության հանդիպելու կարող էր շարժվել մինչև Երզնկա ու Տրապիզոն, և այդպիսով գրավել ողջ Արևմտահայաստանը։ Բայց տեղից չշարժվեց։ Այդ ժամանակ էլ սկսվեցին կոտորածները։ Երբ կոտորածները ավարտված էին, նոր միայն ռուսական բանակը հանգիստ քայլով շարժվեց առաջ, գրավեց Արևմտահայաստանը, բայց արդեն առանց հայերի։ Հայաբնակ էր մնացել միայն Վանը, որտեղ պատսպարվել էին նաև շրջակա գյուղերի բնակիչները։ 
 
Վանի պաշտպանությունը, ինչպես հայտնի է, կազմակերպել է Արամ Մանուկյանը։
 
Նախապես նա թուրքական իշխանությունների հետ զգույշ քաղաքականություն էր վարում, բայց երբ Վանի նահանգի նոր կուսակալ հայատյաց Ջևդեթը ակնհայտորեն հայերի կոտորած էր պատրաստում և սպանեց Արամի գործընկերներին, հայերն անցան ինքնապաշտպանության, որը տևեց 28 օր։ Ռուսական զորքերը 1915-ի մայիսի 6-ին մտան Վան։ Սկզբում Արամ Մանուկյանը նշանակվեց Վանի ու շրջակայքի կառավարիչ։
 
Ստեղծվեց Հայոց Վասպուրականի պետությունը Արամի գլխավորությամբ։ Այն գոյություն ունեցավ մեկուկես ամիս։ Ապա ռուսական զորքը անսպասելիորեն հայտարարեց, որ հեռանում է Վասպուրականից. հայությանը առաջարկվեց հեռանալ հայրենի վայրերից ռուսական զորքի հետ։ Հայերը չէին ուզում իրենց պաշտպանությամբ փրկված երկիրը թողնել և խնդրեցին ռուսական հրամանատարությանը՝ տալ իրենց երկու թնդանոթ ու Վանում թողնել հայ կամավորների մի ջոկատ։ Ռուսական հրամանատարությունը կտրուկ մերժեց և փաստորեն բռնի կերպով Վասպուրականի ամբողջ հայությանը տեղահանելով քշեց դեպի Ռուսաստանի սահմանները։ Այդպիսով, Արևմտահայաստանում հայաբնակ մնացած միակ հատվածն էլ հայազրկվեց։
 
Ահա թե ինչը պետք է ուսումնասիրեն մեր պատմաբանները։ Ինչո՞ւ
ռուսական բանակը սպասեց՝ մինչև հայերի բնաջնջումը, ինչո՞ւ արևմտահայերի միակ փրկված հատվածը տեղահանվեց։
 
Հրապարակված են նաև Կովկասյան ռազմաճակատի ռուս որոշ հրամանատարների նամակները, որոնցում ցարական կառավարությանն առաջարկվում է թույլ չտալ վերապրած հայերին վերադառնալ իրենց բնակավայրերը, փոխարենը ամայացած շրջաններում բնակեցնել ռուս կազակներ։ Եվ, ինչպես հայտնի է, սկսեցին կազակների ընտանիքներ բերել ու բնակեցնել հայկական բնակավայրերում։
 
Այս ամենը լրջագույն ուսումնասիրության կարոտ է եղեռնի խոր արմատները պարզելու համար։