Արհեստական բանականությունը ժամանակի համով շոկոլադ է հրամցնում

Ստեղծարար երևույթի մասին այս նորությունն ավելի շատ կհետաքրքրի նրանց, ովքեր շոկոլադ շատ են սիրում: Ու նաև նրանց, ովքեր հետաքրքրվում են արհեստական բանականության (ԱԲ) հաջողություններով:
 
pikabu.ru պարբերականն  արդեն մի քանի անգամ գրել է, թե ինչպես են արհեստական բանականությամբ օժտված սարքերը երաժշտություն ստեղծում, նկարներ վրձնում, գրում վեպեր, չի բացառվում՝ անգամ խառն են մեր աշխարհում Բիթքոին ծածկարժույթի հայտնվելու գործին, մասնակցում են տարբեր խաղերի և անգամ օգնում են գտնել հանցագործներին: Իսկ ահա NEC Corporation ընկերությունը արհեստական բանականությանը ներգրավել է «ժամանակի համով» յուրահատուկ շոկոլադի արտադրության մեջ:
 
Բայց ախր ի՞նչ համ կարող է ունենալ ժամանակը… Բանն այն է, ԱԲ-ի առջև է դրվել այսպիսի առաջադրանք՝ ստեղծել շոկոլադի տարբեր տեսակներ, որոնք կարող են զուգորդվել XX դարի այս կամ այն իրադարձության հետ: Մեքենան առաջադրանք է ստացել իր ստեղծած մթերքի համը զուգակցել որոշակի բառի հետ, որը բնութագրում է անցած դարի այս կամ այն իրադարձությունը: Օրինակ, սարքը քաղցր համը զուգադրել է ցանկացած ոլորտում մարդկային գործունեության առաջընթացի և հաջողություների հետ, իսկ դառը՝ տագնապի, վշտի, ողբերգությունների և այլն: 
 
Այսպիսով, նյարդային ցանցերի և շոկոլադագործների համատեղ ջանքերով ստացվել են շոկոլադային արտադրանքի 5 տարբեր տեսակները: Դրանցից երկուսը,  ինչպես պնդում են համտեսողները, շատ ավելի ուշագրավ են ստացվել: Մեկն արտահայտում է 1969թ. Լուսնի վրա մարդու վայրէջքը, մյուսը՝ 1980թ. Ճապոնիայի «տնտեսական պղպջակը»: (Թեև 1980թ. Ճապոնիան առավել հայտնի է իր «տնտեսական հրաշքով»): 
 
Այս համտեսի մասնակիցներից մեկը խոստովանել է, որ տնտեսական ձախողման համը ստացվել է շատ ավելի բարդ ու տպավորիչ, քանի որ այնտեղ ի հայտ է եկել վառ դառնահամի և ինչ-որ հուսադրող բանի սուր զգացողություն: 
 
ԶԼՄ-ները հաղորդել են, որ «ժամանակի համով» շոկոլադը վաճառքում կհայտնվի Ծննդյան տոների նախօրյակին՝ սկսած դեկտեմբերի 1-ից: Բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել և փորձել ոչ  միայն ԱԲ-ների եզակի ստեղծագործությունը, այլև առնչվել, ուղղակի շոշափել իսկական ֆանտաստիկ նրբահամությունը, որը իրական հրուշակագործները երազում անգամ չեն տեսել:
 
Ասում են՝ շոկոլադ բառը այն ստեղծող մայաների լեզվում հնչել է xocolatl և նշանակել է «դառը ջուր»: Իսկ դա նշանակում է, որ  հնդկացիների կյանքը բնավ քաղցր չի եղել, եթե նրանք միայն դառը շոկոլադ են պատրաստել: