Ծրարով ուղերձ` լեռան կատարին

ԵՐԵՔ ԸՆԿԵՐՈՒՀԻՆԵՐԻ ԱՐՇԱՎԸ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԸՆԹԱՑՔ Է ՈՒՆԵՑԵԼ

Արիզոնա նահանգից երեք ուսանողուհի՝ Ալիսա Միլլերը, Ջեն Վեկմանը և Քեսի Սանչեսը, որոշել  են ի վերջո կատարել վաղեմի երեզանքը և բարձրանալ Dreamy Draw անունով սարը: (Անգլերեն այս բառակապակցության երկու բառերն էլ հայերենում բազմաթիվ հոմանիշներ ունեն, մենք կարող ենք դրանցից ընտրել, օրինակ, «Երազային պատկեր»-ը՝ վստահ չլինելով, որ հենց դա է սարի անվան իրական թարգմանությունը):
 
Ինչպես հաղորդում է AZFamily-Arizona News-ը՝ հենց ամենսկզբից աղջիկների ծրագրերն ընթացել են ոչ այնպես, ինչպես իրենք էին նախանշել: Արշավի օրը նրանք քնով են ընկել և ճանապարհվել միայն կեսօրին, այն էլ՝ այրող արևի տակ: Սակայն քանի որ այդ արշավի մասին երկար էին երազել, նրանց համար դա մոգական արարողության պես մի բան է եղել:
 
Երբ վերելքը ընկերուհիներին համարյա սարի գագաթն է հասցրել, նրանք ամենավերևում մի տարօրինակ մարդու են տեսել: Նրա մազերը երկար են եղել, իսկ ինքը՝ փաթաթված  թիկնոցանման ինչ-որ հագուստով: Նմանությունը Հիսուսին այնքան մեծ է եղել, որ աղջիկները կարկամել են:
 
- Նա կանգնել էր լեռան գագաթին, մենք շատ լավ տեսանք նրա ուրվագիծը, իսկ մեզնից մեկն ասաց՝ Սո՜ւրբ Աստվածամայր, նա ի՞նչ է՝ Հիսո՞ւսն է,- պատմել է Ալիսա Միլլերը: 
 
Աղջիկներն վազելով շատ արագ հասել են լեռան բարձունքին, սակայն այնտեղ ոչ մի մարդու չեն տեսել: Անհավատալի է, բայց մարդն ինչ-որ տեղ է անհետացել, կամ գուցե ուղղակի ձուլվել է օդին: Միայն թե աղջիկները չեն էլ հասցրել դրանից զարմանալ, քանի որ հենց նույն պահին մի նոր առեղծվածի են առնչվել: Նրանք գտել են քարերով ամրացված մի թղթե ծրար, որի վրա գրված է եղել. «Դուք հրեշտակներին հավատո՞ւմ եք»: 
 
- Բոլորս էլ ուղղակի ցնցված էինք: Հիմա էլ այդ մասին հենց միայն հիշելիս ինձ դող է պատում: 
 
Ծրարի ներսում եղել է հետևյալ գրությունը.
 
- Դուք այս ուղերձը գտաք, շնորհավորում եմ: Անհրաժեշտ էր, որ դուք այն գտնեք շատ կարևոր պատճառով: Այս օրհնյալ ժայռն ինձ համար շատ կարևոր է: Ես այն կոչում եմ «Իմ Հիսուս-ժայռ»: Սուրբ հոգին ինձ օրհնում է՝ երբ ես այստեղ կանգնում ու փառաբանում եմ մեր Երկնային հորը: Սա յուրահատուկ տեղ է, և ես ուրախ եմ, որ ձեզ այստեղ բերեցի, ինչպես որ Աստված էլ ինձ էր բերել: Դուք կարող եք քրիստոնյա լինել կամ չլինել, սակայն Աստված բոլորի համար ունի կյանքի հատուկ ծրագիր: Ես աղոթում եմ, որ դուք օրհնյալ լինեք, և այս սերմը ձեր մեջ ցանի Հայր Աստված: 
 
Ստորագրությանը փոխարինել է «Դ» տառը, իսկ ծրարի ներսում նաև 300 դոլար է եղել: 
Աղջիկներն այդ ամենը ընդունել են այսպես՝ մեկը երևի ժայռով ոգեշնչված է եղել, և ժայռը նրա առաջ դեպի Աստված տանող ճանապարհն է բացել: Հիմա էլ ուզում է, որ նույնը կատարվի նաև աղջիկների համար: Ու այդ ամենն ուղեկցվել է ինչ-որ առեղծվածով: 
Աղջիկների ասելով՝ կատարվածն իրենց համար հոգևոր խորին ապրումների աղբյուր է դարձել, և իրենք հույս ունեն ժայռի վրա երևացած այն մարդուն երբևէ նորից տեսնել: