Հանդիպում խորհրդավոր ծերունու հետ

Իր հետ պատահածը ԱՄՆ Կոնեկտիկուտի նահանգում ապրող «Նեգրոն» մականունով տղամարդը պատմել է paranormal-news.ru կայքին.
 
«Դա պատահել է 3 կամ 4 տարի առաջ: Ես բեռնատարի վարորդ եմ և խանութներ ապրանք եմ տեղափոխում: Այդ տարի ես աշխատանքի էի ընդունվել Հոլիում, Փենսիլվանիայի նահանգ: Գիշերվա մոտ 2:30-ն էր, ես ընթանում էի I-84 խճուղով և որոշեցի կանգառ անել հանգստի գոտում: Կանգառում մարդ չկար, դրա համար էլ նույնիսկ մոտորը չանջատեցի, միայն լապտերների լույսը հանգցրի և ներս մտա: Երբ ես անցնում էի մի կցավագոնի մոտով, այնպիսի զգացողություն ունեցա, ասես մեկը ուսս հրում է: Դա տարօրինակ զգացողություն էր, և ես նույնիսկ դող զգացի: Անակնկալից շուռ եկա և նկատեցի մի տարեց մարդու:
 
- Սը՛ր, ես շանս եմ կորցրել, դուք չե՞ք տեսել,- հարցրեց ինձ: 
 
Անակնկալից դեռ ուշքի չեկած՝ ես ինչ-որ բան մռթմռթացի, կարծեմ.
 
- Դուք ինձ այնպես վախեցրիք, բարեկամ:
 
Բայց քիչ անց ասացի.
 
- Մի րոպե սպասե՛ք, հիմա այնտեղ կնայեմ: 
 
Ես հազիվ էի շրջվել, որ նայեմ, երբ այդ ծերունին հանկարած անհետացավ: Ընդամենը մի քանի վայրկյան, և նա արդեն չկար: Ոչինչ չհասկանալով՝ վերադարձա բեռնատարս և լապտերները միացրի: Ու նույն պահին նորից անակնկալի եկա՝ լապտերների լույսի տակ շատ լավ երևում էր այդ ծերունին: Նա կանգնած էր հենց իմ ավտոմեքենայի մոտ: Ես այդտեղ ուշադրություն դարձրի նրա աչքերին: Դրանք մուգ սև էին՝ առանց սպիտակուցների: Իսկ դեմքն այնքան անկյանք ու դատարկ էր, ասես այդ մարդը պարզապես մի անոթ էր, որի մեջ ինչ-որ բան էր լցված, պարզապես՝ թաղանթ: Դեմքը ոչ մի հույզ չէր արտահայտում: Ես շատ վախեցա, նույն պահին դուռը փակեցի և ճանապարհվեցի դեպի իմ կայանատեղին, մինչև որտեղ մի ամբողջ ժամ պետք է ընթանայի: 
 
Երբ տեղ հասա ու խանութ մտա, վաճառողն ասաց, թե ես այնպիսի տեսք ունեմ, ասես ուրվական եմ տեսել: Այդ ժամանակ նրան ամեն ինչ պատմեցի, որից հետո նա հիշեց իր հետ կատարված մի շատ տարօրինակ դեպք: Պատմեց, որ  երբ ինքը երեխա է եղել, I-84 խճուղու տվյալ հատվածում զբոսաշրջիկներին միշտ գրավել է Prospect Summit անվանումով հաստատությունը, որտեղ խնջույքներ են կազմակերպվել: Բայց մի անգամ փոթորիկ է եղել, որի ժամանակ այդտեղից անհետ կորել է մի ծերունի՝ իր շան հետ: Ենթադրվում է, որ նրանք ընկել են փոսի մեջ և ցեխով ծածկվել: Նրանք զոհվել են: 
 
Պարզվում է՝ ես բնավ էլ առաջին մարդը չէի, ով դրանից հետո այդ ծերունուն տեսել է այնտեղ: Եղել են նաև ուրիշ դեպքեր: Սովորաբար նա ցերեկով մոտեցել է մարդկանց, որոնք կանգ էին առնում հանգստի գոտում և խնդրել է ինչ-որ բանով իրեն օգնել: Բայց մարդիկ նրա մեջ ինչ-որ տարօրինակ բան են զգացել և ձգտել են այդտեղից արագ հեռանալ: 
 
Ես այլևս ոչ մի անգամ այդ վայրերը չգնացի, որովհետև երբ վերադարձա գործատուիս մոտ, նրան ասացի, որ ինձ երբեք այդ խանութը չուղարկի: Ինքը կարող է ինձ ազատել, բայց այնտեղ այլևս չեմ գնա: Այդպես էլ նրան ասացի»: