Երբ հետմահու կյանքի մասին վկայողը նյարդավիրաբույժն է

Կլինիկական մահից հետո անդրշիրիմյան կյանքի նկարագրություններն արդեն այնքան հաճախակի ու սովորական են դարձել, որ դրանց քչերն են իրապես հավատում:
 
Գիտնականներն իրենք, ովքեր հետազոտում են մարդու ուղեղի աշխատանքը կլինիկական մահվան պահին, ապացուցում են, որ բոլոր հետմահու տեսիլքներն ավելին չեն, քան արդեն մթագնած գիտակցության «մնացորդային զգայապատրանքներ»:
 
Դրանք, ինչպես  nashaplaneta.su պարբերականն է նշում, կարելի է կոչել ինչպես ուզեք, օրինակ՝ ուղեղների թակարդներ, որոնք կյանքին են կառչում ցանկացած ձևով, իրենց համար «հորինում են» դրախտ, անգամ դժոխք, միայն թե անդարձ չհեռանան:
Ամերիկացի հանրահայտ նյարդավիրաբույժ, Հարվարդի համալսարանի դասախոս Էբեն Ալեքսանդերը, բնականաբար, եղել է այն թերահավատներից, ովքեր կլինիկական մահից հետ եկածների ոչ մի խոսքին չեն հավատում:
 
- Ամենաուշագրավն այն է, որ ես , ինչպես ամերիկացիների մեծամասնությունը, հավատացյալ մարդ եմ, սակայն դա ո՛չ ինձ, ո՛չ էլ մնացած բոլոր կրոնասեր մարդկանց չի խանգարում ապրել՝ չհավատալով ինչ-որ խորհրդավոր անդրշիրիմյան կյանքի,- իր «Դրախտի ապացույցը» գրքում հետագայում գրում է նա: 
 
Ահա և ճակատագիրը (կամ ավելի շուտ՝ վերին ուժերը) Էբենի հետ «չար կատակ է խաղում»՝ թերահավատ  գիտությունների դոկտորին մի անգամ կլինիկական մահվան վիճակի հասցնելով, որպեսզի նա ճանապարհորդի անդրաշխարհի իրականությունում: Ինչպես հնդկական մեծ յոգ Շրի Աուրոբինդոն է պնդում՝ Բարձրյալը մեծագույն կատակասերն է:
 
Ալեքսանդերը հետո պատմել է, որ իր հոգին ընկնել է մի զարմանալի վայր: Նյարդավիրաբույժն այդ վայրը դրախտ է անվանում, որովհետև այդ աշխարհը նրա բոլոր զգացողություններում այնքան է տարբերվել մերից, բայց միաժամանակ եղել է այնքան դյութիչ կերպով գեղեցիկ ու հրապուրիչ, որ նա երկրային բառերից ավելի հարմարը չի գտել: Այնտեղ նա հանդիպել է մի անծանոթ աղջկա, որը բառացիորեն սեր է ճառագել: Աղջիկն ասել է, թե ինքն այդտեղ վախենալու բան չունի, քանի որ սիրված ու գնահատված է և որևէ սխալ բան անել պարզապես չի կարող: Այնուհետև բժշկին ցույց են տվել իրապես հոգևոր բաներ, որոնց մասին մինչ այդ ինքը ոչ մի պատկերացում չի ունեցել: 
 
Արդեն վերադառնալուց հետո գիտնականն անականկալ կերպով իմացել է, թե ով է դրախտում իրեն հանդիպած աղջիկը: Մեծացած լինելով որդեգիրների ընտանիքում՝ նա իր կենսաբանական ծնողներից ստացել էր 1998թ. մահացած իր քրոջ՝ Բեթիի լուսանկարը: Մինչ այդ նա քրոջ մասին ոչինչ չէր իմացել, իսկ այդ լուսանկարում ճանաչում է դրախտում իրեն դիմավորող աղջկա դեմքը: 
 
Նյարդավիրաբույժն այն ժամանակ տարակուսել է, թե ինչի համար է ինքն այդպիսի պատվի արժանացել՝ դրախտը տեսնել դեռևս կենդանության օրոք: Այդ հրաշալի աղջիկը՝ Բեթին, նրան անմիջապես նախազգուշացրել էր, որ ստիպված է լինելու վերադառնալ: Եվ Էբեն Ալեքսանդերը վերադարձել է, երկրային լեզվով արտահայտած՝ կոմայից դուրս է եկել: Եվ այս փորձառությունից հետո գիտնականը որոշել է գրել վերոհիշյալ գիրքը: 
 
- Ինչո՞ւ: Դա շատ պարզ բացատրություն ունի: Ես արդեն շատ գիտական աշխատանքներ եմ գրել, չգիտեմ՝ դրանք մարդկությանն օգուտ բերե՞լ են: Իսկ ահա նյարդավիրբույժի, գիտությունների դոկտորի, Հարվարդի դասախոսի գիրքը անդրշիրիմյան կյանքի մասին, կարծում եմ, անպայման այդ օգուտը կբերի: Շատերի համար իմ հետմահու փորձին, նրա ճշմարտացիությանն ավելի հեշտ կլինի հավատալ,  քան հասարակ մարդկանց պատմածին: Իսկ հավատալ՝ նշանակում է հոգեպես փոխվել դեպի լավը: Դրա համար էլ եթե իմ գիրքը կկարողանա օգնել թեկուզ սոսկ մի քանի ընթերցողի, ես կհամարեմ, որ այն իզուր չեմ գրել,- պարզաբանել է գիտնականը: