Ինչպիսի՞ն կլինի աշխարհը այս դարակեսին

Նորարարական աշխատակարգերի և արհեստական բանականությանբ օժտված սարքերի արդի բուռն զարգացումը շատերին է հիմքեր տալիս կանխատեսելու, թե մոտ ապագայում մարդկության կյանքում ինչ հսկայական փոփոխություններ կլինեն: Պատասխանելով Tech Insider պարբերականի հարցերին` այս թեմայով ուշագրավ դիտարկումներ է արել բրիտանացի հանրահայտ ֆուտուրիստ (հայերենով` ապագայապաշտ) Յան Փիրսոնը: Վերջինս հայտնի է իր կանխատեսումների ճշգրտությամբ, քանի որ դրանց 85%-ն իրականանում է: Պարբերականում հրապարակված կանխատեսումներից առավել հետաքրքիրները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 

Ընդամենը երկու տարի անց մենք կարող ենք առաքումներին հետևել դրոնների օգնությամբ

Այս գործում գլխավոր սահմանափակումը շատ ավելի օրենսդրական կարգավորումն է, քան տեխնոլոգիական առաջընթացը: Ըստ Փիրսոնի` արդեն 2018թ. անօդաչուները կիրառություն կգտնեն, օրինակ, հիվանդանոցների համար բժշկական բեռների առաքման ոլորտում:

Միայն թե հետազոտողը ենթադրում է, թե իշխանությունները թույլ չեն տա, որ դրոնները չափազանց մեծ կիրառություն գտնեն: Այդ թռչող սարքերը կարող են տեղափոխել միայն կարևորագույն բեռներ, բայց չեն ներգրավվի այնպիսի հասարակական գործունեության մեջ, ինչպիսին է, ասենք, պիցայի առաքումը:

Հնարավոր է` արդեն 2025թ. մեքենաներն սկսեն մարդու նման մտածել

Փիրսոնի կարծիքով` միանգամայն արժանահավատ է, որ համակարգիչները գիտակցություն ձեռք կբերեն արդեն 2025թ., անգամ ավելի շուտ` 2020թ.:

- Google DeepMind-ը դեռևս այդ մակարդակին չի հասել, սակայն ես իրոք համոզված եմ, որ նրանք ճիշտ ճանապարհին են: 2020թ. համակարգիչը կարող է մարդուց առաջ անցնել և գիտակցությամբ օժտվել: Դա կարող է վերջի սկիզբը լինել: Լուրջ եմ ասում,- հարցազրույցում մտահոգություն է հայտնել փորձագետը:

Մարդն առաջին անգամ Մարս կթռչի 2030թ.

Այս կանխատեսումն իրականում Իլոն Մասկին պահեստային լրացուցիչ ժամանակ է տալիս` իրականացնելու մարդկանց Մարս ուղարկելու իր մտահաղացումը: Հունիսին Հարավային Կարոլինայում տեղի ունեցած մի համաժողովի ժամանակ` Vox's Code Conference-ում, Մասկը հայտարարել է իր ծրագրերի մասին` Կարմիր Մոլորակ մարդիկ ուղարկել 2024թ.` հաշվարկով, որ նրանք նշանակման վայր հասնեն մեկ տարվա ընթացքում:

Նրա խոսքով, Մարս կթռչեն առաջին մարդիկ` իրենց հետ տանելով ռոբոտներ, որոնք այնտեղ կնախապատրաստեն ամենաանհրաժեշտ բաները: Դա հարկադրված քայլ կլինի, քանի որ տիեզերանավով այնտեղ տեղափոխել հնարավոր կլինի միայն այդքանը:

Առաջիկա 10 տարում պրոթեզները մարդկանց կօժտեն նոր հնարավորություններով

Արդեն իսկ կան մարդիկ, ովքեր յուրահատուկ պրոթեզներ` դնանդամներ են կրում: 25-ամյա կենսաբան Ջեյմս Յանգը օգտագործում է արհեստական ձեռք`  ներկառուցված լապտերիկով և անձնական դրոնով: Ֆրանսիացի մի գեղանկարիչ էլ օգտագործում է դնովի ձեռք, որը դաջվածքներ անող մեքենայի գործառույթներ է իրականացնում:

Փիրսոնը պնդում է, որ արհեստական վերջույթները շարունակում են զարգանալ և կհասնեն այն կետին, երբ մարդիկ լիովին ապահովված կլինեն աշխատակարգերի ու մարմնի միաձուլմամբ: Օրինակ, ցանկացողները կարող են օգտագործել կիբեռնետիկական փոխպատվաստուկներ`  իմպլանտներ, որպեսզի ավելի ուժեղացնեն սեփական ոտքերը:

Առաջիկա 10 տարում հագուստը կարող է մեզ գերհնարավորություններ հաղորդել 

Նման ամենաակնհայտ նմուշը Փիրսոնը համարում է արտակմախքը: Վերջերս ծանրություններ բարձրացնելու համար նախատեսված այդպիսի հանդերձանք է մշակել Hyundai-ն:
Նա ինքը կանխատեսում է նաև այլ տարատեսակների ի հայտ գալը, որոնք կարող են, դիցուք,  դյուրացնել քայլքն ու վազքը: Կամ ասենք` սարդ-մարդու հագուստի նման մի բան, որն ստեղծված կլինի պոլիմերային մածուկներից և հնարավորություն կտա մեծացնել ֆիզիկական ուժը:

Մինչև 2025թ. սմարթֆոնները հնացած կհամարվեն
Ընդլայնված իրականության պայմաններում դրանք գործածությունից լիովին դուրս կգան:

- Եթե 2025թ. դուք սմարթֆոն օգտագործեք, ծիծաղի առարկա կդառնաք,- հայտարարել է փորձագետը:

Հաջորդ տասնամյակի ընթացքում ընդլայնված իրականության էկրանները հնարավոր կլինի դուրս բերել փոքրիկ ապարանջաններից կամ այլ զարդերից, և դա կվերացնի սմարթֆոններ կրելու անհրաժեշտությունը: Արդեն այժմ Magic Leap-ի կարգի ընկերություւները զանգվածային շուկայի համար պատրաստում են AR աշխատակարգեր:

10 տարի անց կարող է ամենուրեք ինքնակառավարվող փոխադրամիջոցներ լինել

Փիրսոնը վստահ չէ` դա ավտոմեքենա՞ կլինի, թե՞ այլ կարգի փոխադրամիջոց:

Ապագան կանխատեսողը նկարագրում է վարձու փոխադրամիջոցների համակարգ: Այդտեղ մարդիկ կարող են վարձակալել ուղևորատար «էժան պողպատե մենախցեր»: Եթե դա պատիճանման ինքնակառավարվող համակարգ լինի, առավել տնտեսող կլինի, քան ավելի բարդը, օրինակ`  անօդաչու մեքենաները: Հիմա այնքան շատ ընկերություններ են զբաղվում ինքնակառավարվող ավտոմեքենաների մշակմամբ, որ հնարավոր է` նրանց աշխատանքի պտուղները մարդիկ կտեսնեն առաջիկա տասնամյակում:

Հնարավոր է` ռոբոտները մարդու կենցաղում հաստատուն տեղ գրավեն` սկսած 2030թ.

- Արհեստական բանականությունն ու ռոբոտատեխնիկան մեզ կապահովեն մեծ քանակությամբ մեքենաներով` նախատեսված  օգնելու և շփումների համար: Չէ՞ որ շատ մարդիկ կապրեն մենության մեջ: Այնպես որ, շփում ապահովելը ապագայում ռոբոտների արտադրության հիմնական նպատակներից մեկն է լիելու,- կանխատեսում է ապագայապաշտ գիտնականը: 

Արդեն մեր օրերում Toyota-ն ծանուցել է, որ ծրագրում է սկսել ռոբոտների արտադրություն, որոնք սարքավորված կլինեն կենցաղում մարդկանց օգնելու համար:

Մինչև 2045թ. մարդը կարող է «բնակություն հաստատել» վիրտուալ աշխարհում 

Փիրսոնի կարծիքով` նորագույն աշխատագարգերի զարգացումը հնարավորություն կտա ուղեղը միացնել համակարգչին և ապրել երևակայական իրականության մեջ:

-Որոշակիորեն, հնարավոր կլինի ստեղծել Մատրիցայի նման ինչ-որ բան: Հարկավոր է միայն ցանկանալ: 2045-2050թթ. հնարավոր կլինի մարդու ուղեղը այնպես միացնել համակարգչին, որպեսզի նա հավատա, թե ապրում է վիրտուալ աշխարհում,- պարզաբենել է Փիրսոնը: 

Նրա այս գաղափարը համահունչ է համարում նյարդային ժանյակի մասին Իլոն Մասկի մտքերին: Այդ մասին Tesla-ի գլխավորը խոսել է նույն համաժողովում՝ Vox's Code Conference-ում: 
Նյարդային ժանյակը անլար միջերես է (ինտերֆեյս, փոխկապակցող դեր է կատարում), որը կարող էր մեր ուղեղին բանականության թվային նրբաթաղանթ հավելել: Սա մի պատկերացում է, որի վրա արդեն աշխատում են նանոտեխնոլոգները:

Մարդիկ կարող են քիբորգ դառնալ մինչև 2045թ.

Եթե մարդը կարողանա մինչև 2045թ. ուղեղը միացնել համակարգչին, ապա հնարավոր կլինի նման վերածվել կիսամարդ-կիսամեքենայի կամ կիբեռնետիկակական օրգանիզմի: Սա է ապատճառը, որ Փիրսոնը տարվել է նյարդային ժանյակի մասին Մասկի գաղափարով: Սակայն անգամ եթե աշխատակարգերը դրան  պատրաստ լինեն, գիտնականի կարծիքով` կառավարությունը մարդկանց մեծ մասին կարգելի նման բան անել:

-Ես չեմ կարծում, թե հնարավոր կլինի դա շուտով անել քաղաքական ոլորտում: Չեմ կարծում, թե մենք հավանություն կտանք մեքենաներին միացված և գերբանականությամբ օժտված առաջադեմ զինվորներին կամ պաշտոնյաներին,- նշել է նա: 

Հնարավոր է՝ արդեն 2050թ. ամբողջովին անցնենք վերականգնվող էներգետիկայի

Փիրսոնի խոսքով` 2050թ. նախաշեմին հնարավոր կլինի հողի մակերևույթին գտնվող առարկաների համար (տուն, ավտոմեքենա) էներգիա ստանալ առանց օգտակար հանածոների, սակայն ինքնաթիռների համար դրանք դեռևս հարկավոր կլինեն:
Ստորջրյա մալուխային ենթակառուցվածքների օգտագործումը հնարավորություն կտա արևի էներգիա ստանալ այնպիսի տեղերից, ինչպիսին է, օրինակ, Սահարայի անապատը: Դրանցով մարդիկ կկարողանան ամբողջովին սնել սեփական տարածքները: Արևոտ տարածաշրջաններից էներգիան տեղափոխելու հնարավորությունները ժամանակի հետ կմեծացնեն նաև այս կարգի էներգապաշարների հուսալիությունը:

- Ես շատ լավատես եմ, որ 2030թ. մենք Սահարայում արդեն կտեսնենք այդ հսկայական արևային ագարակները,- հարցազրույցում ասել է Փիրսոնը:

Նա խոսել է նաև միջուկային էներգիայի մասին, որի օգնությամբ արդեն 2045թ. մարդիկ կարող են բնակարանները ջեռուցել: Վերջերս Չինաստանն է այս ոլորտում բեկում արձանագրել` միջուկային գործարանում ստանալով արևի ջերմաստիճան և այն պահպանելով մեկ րոպե:

- Արդեն 2050թ. հետո օգտակար հանածոները հողի մակերևույթին մեզ հարկավոր չեն լինի,- կանխատեսել է բրիտանացի գիտնականը:

Տիեզերական զբոսաշրջությունը իրականություն կդառնա 2050թ.

Փիրսոնի կարծիքով՝ Ջեֆ Բեզոսի Origin-ի և Իլոն Մասկի SpaceX-ի նման ընկերությունները  տիեզերական թռիչքները կբարձրացնեն մի մակարդակի, որը բավական կլինի 2050թ. իրականություն դարձնել տիեզերական զբոսաշրջությունը:

- Մեկը, ով հնարավորություն կունենա վճարել 100 մլն, կարող է մեկ շաբաթ անցկացնել ուղեծրում… Միայն թե իրենց նման բան թույլ տալ կարող են միայն հարուստ մարդիկ: Մոտ ապագայում գնացուցակն ավելի ցածր չի լինի,- կարծիք է հայտնել Յան Փիրսոնը:

Իսկ սրանից էլ կարելի է եզրակացնել, որ դարակեսին դրամական միջոցները պակաս կարևոր ու որոշիչ չեն լինի, որքան այսօր: