Այլմոլորակայինները՝ կրոնների առաջացման պատճառ

Հունա-շվեցարական հայտնի ուֆոլոգ, պատմաբան և լրագրող Ջորջիո Ցուկալոսը գործունեության հիմքում դրել է իր իմացած պատմական ճշմարտությունը մարդկանց հասանելի դարձնելը: Նա հանգել է այն տեսակետին, որ Երկրի մոլորակի վրա կրոններն առաջացել են՝ որպես հետևանք այլմոլորակայինների այցելության, ինչը պաշտոնական գիտությունն ամեն կերպ թաքցնում է: Այդ նպատակով նա հեռուստահաղորդաշար է վարում «Պատմական ալիքով» («History Channel»), օգտագործում է նաև գիտական հանդիպումների ամբիոնները:
 
Համաշխարհային կրոնների և Երկրի վրա դրանց հայտնվելու պատճառների մասին նրա վերջին բարձրագոչ հայտարարությունը հնչել է ՉԹԱ-ների և արտերկրային քաղաքակրթությունների վերաբերյալ գիտական համաժողովի ժամանակ: Իր ելույթում 40-ամյա հետազոտողը հաղորդել է, թե հնում Երկիր են այցելել այլմոլորակայինները, որոնց մեր նախնիներն ընդունել են որպես բարձրագույն աստվածային էակներ: 
 
Զուր չէ, որ բազմաթիվ սրբապատկերներում և կրոնական որմնանկարներում պատկերված են խորհրդավոր առարկաներ, որոնք «թռչող ափսեներ» և հատուկ հանդերձավորված մարդանման արարծների են հիշեցնում: Իսկ երկնաբնակների գլխավերևում պատկերվող լուսապսակները շատ նման են տիեզերագնացների սաղավարտներին, միայն թե հնարավոր է՝ դրանք շատ ավելի կատարյալ են (հաղորդում է nashaplaneta.su-ն): 
 
Ցուկալոսը բացատրություն չունի, թե եկվորներն ինչ նպատակով են մեր մոլորակ հասել, սակայն համոզված է, որ նրանք բոլորը միասին շատ շուտով Երկրից միանգամից հեռացել են: Հենց այդ ժամանակ էլ մեր «կապույտ գնդում» հայտնվել են մշակույթները, որոնք ժամանակի հետ վերածվել են այժմ տարածված կրոնների և մարդու համար դարձել Աստված հասկացության հիմքը: Այլ աշխարհի բարձր աշխատակարգերը մարդիկ ընդունել են որպես մոգական կարողությունների ցուցադրություն: Մասնագետի կարծիքով՝ եթե «կանաչ մարդուկները» հնում Երկիր չայցելեին, այսօր մենք հաստատապես կապրեինք աթեիստական հասարակությունում կամ ընդհանրապես չէինք էլ լինի:
 
Ցուկալոսը նաև պնդում է, թե ժամանակակից գիտնականները գիտակցաբար ժխտում են մարդկային պատմության ընթացքի վրա արտերկրային քաղաքակրթության միջամտության բազմաթիվ ապացույցները: Գիտության ուղղափառ մշակները ժխտում ու մերժում են զանազան հին գտածոները, որոնք մարդը չէր կարող ստեղծել տասնյակ, անգամ հարյուրհազարավոր տարիներ առաջ: Բազմաթիվ փառահեղ ճարտարապետական կառույցները, ինչպիսիք օրինակ եգիպտական բուրգերն են, ուֆոլոգի խոսքով՝ նույնպես կառուցվել են առավել կատարյալ էակների կողմից, քան մենք ենք, և գիտնականները դա շատ լավ են գիտակցում, սակայն հրաժարվում են այդ փաստը հրապարակավ խոստովանել:
 
Ուֆոլոգը համոզված է, թե այլմոլորակայինները մեր հեռավոր նախնիներին բացատրել են, որ Երկիրը գնդաձև է, և ասել են, որ մարդկությունը երբևէ անպայման կհեռանա հարազատ մոլորակից՝ ձգտելով դեպի աստղերը: Այդ մասին խոսվում է բազմաթիվ հին գրքերում և աշխատություններում, իսկ հնագույն հարթաքանդակները ցուցադրում են հանդերձավորված տիեզերագնացներին շատ նման արարծների: Այս ամենն է, որ Ցուկալոսը փորձում է համաշխարհային հանրության գիտակցությանը հասցնել իր պատմական հեռուստաալիքով: 
 
Ուֆոլոգի հաղորդումները հսկայական ժողովրդականություն են ձեռք բերել նրանց շրջանում, ովքեր փնտրում են ճշմրտությունը մարդու ծագման և նրա իրական (այլ ոչ թե այս աշխարհի հզորների հնարած) պատմության մասին: Եվ ոչ միայն նրանց շրջանում, քանի որ Ցուկալոսի հաղորդաշարի լսարանը գնալով ավելի են մեծանում: Իսկ դա նշանակում է, որ նրա ներկայացրած փաստերն ու մեկնաբանությունները ավելի ու ավելի շատ մարդկանց են համոզում, որ իրենց սովորած պատմությունն իրականությանը չի համապատասխանում: