Ջուրը կյանք է, որն անխնա վատնվում է

ՋՐԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Աշխարհում գնալով շատանում են բազմամիլիոնանոց քաղաքները, որոնք օրեցօր ավելի շատ ջուր են  ծախսում: Բնության մեջ առաջացող այլևայլ աղետալի իրավիճակներն իրենց հերթին ավելի են մեծացնում ջրի սուր պահանջարկը: ՄԱԿ-ի նոր զեկույցը ահազանգում է՝ 2050թ. երկրագնդի վրա 5 մլրդ մարդ օգտագործելու համար պիտանի ջուր չի ունենա: Թե ինչպիսի աղետներ կառաջանան սրանից՝ դժվար չէ պատկերացնել:
 
Միջազգային կառույցի ամենամյա հետազոտություները նույնպես նախազգուշացնում են բախումնային և քաղաքակրթական վտանգների մասին, եթե պատասխանատուներն ուշքի չգան և միջոցներ չձեռնարկեն մեղմելու գետերի, լճերի, ջրաբեր շերտերի, ճահճային վայրերի և ջրամբարների ծանրաբեռնվածությունը: 
 
ՄԱԿ-ի տվյալներով՝ ջրի պահանջն ամենամեծ չափերը կընդունի զարգացող երկրներում: Սրա հետ մեկտեղ՝ մոլորակի եղանակային պայմանների փոփոխությունը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում, քանի որ դրա հետևանքով խոնավ վայրերն առավել խոնավ, իսկ չոր վայրերը՝ առավել չոր են դառնում:
 
- Աշխարհը չափազանց երկար ժամանակ է հիմնական ուշադրությունը սևեռել ջրային պաշարների կառավարման այնպիսի ձևերի վրա, որոնք հենվում են մարդու ստեղծած կամ արհեստական համակարգերի վրա: Ընդ որում, այդպես վարվելով՝ մենք հաշվի չենք առել բնությանը հատուկ մեխանիզմները,- շեշտում է նշված զեկույցը:
 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայը նշում է՝ 20-րդ դարի սկզբից ի վեր աշխարհի անտառների և ճահճային տարածքների 2/3-ը կորսվել է, և այդ միտումին հարկավոր է վերջ տալ: 
 
- Մենք բոլորս գիտենք, որ ջրի անբավարարությունը կարող է հանգեցնել քաղաքացիական անկարգությունների, բնակչության զանգվածային տեղաշարժերի և անգամ ներքին ու միջազգային բախումների: Մոլորակի պաշարների անխախտ օգտագործումը կենսական անհրաժեշտություն է երկարաժամկետ խաղաղության և բարգավաճման ճանապարհին,- նշել է Ազուլայը, ում խոսքը մեջբերել է «Վեստին»:   
 
ՄԱԿ-ի փրձագետները նաև նախազգուշացնում են՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ուղղությամբ համարյա ոչինչ չի արվում, մինչդեռ նման անգործության հետևանքը կարող են լինել պատերազմները՝ ջրային ռեսուրսների համար:
 
Աշխարհը, իհարկե, պատերազմների ու դրանց սպառնալիքների պակաս չունի, սակայն առայժմ որպես դրանց հիմնական պատճառ շեշտվում է վառելիքաէներգետիկ պաշարների ձեռքբերման մարմաջը: Ջրային պատերազմների հեռանկարի մասին, սակայն, վաղուցվանից է խոսվում: Որովհետև որքան էլ տիրապետությունդ նավթով հարուստ լինի, խմելու և կենցաղային կարիքների համար քեզ մաքուր ջուր է հարկավոր:
 
Մաքուր ջրի պաշարնելով հարուստ է Հայաստանը:  Ու թեև այսօր մեր բնօրրանի ջուրը մեզ վրա շատ թանկ է վաճառվում, այն գայթակղիչ կարող է լինել անջուր կյանքի հեռանկարից փախչողների համար: Այնպես որ, ՄԱԿ-ի այս զեկույցից մենք նույնպես հետևություններ անելու շատ բան ունենք: