ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ

Երկրիս մեջ մի երկիր կա, քարեղեն մի աշխարհ, ուր բարդ-բարդ լեռներ կան ու փախչող ձորեր, պաղակն աղբյուրներ, մամռոտ քարերին բուսած ծիլ ու ծաղիկ կա ու պուտ-պուտ հարթություն, և կա մի շեն՝ հարթության վրա. Դա իմ օրրանն է, իմ փոքրիկ էրգիր, այո՛, իմ էրգիր, որն իր հետ բերել է հայրս գաղթական ու հիմնել այստեղ՝ Սասունն հիշեցնող այս լեռան դիմաց:
 
Ծուխը ծխանի ծխացրեց նորից ու լալկան երգեց. «Լաո՛, դուման էր մեջ մըր էրգրին, արևն խավարեց, բորենին ընկավ մեջ ժողովրդին: Անզեն, անպաշտպան մանկան ու մորը սրի տակ առավ: Ջարդ էր, կոտորած, հայրենազրկում...:
 
Սասնա լեռներում ֆիդայու արդար գնդակը սուրաց, ու ընկան տղերք իմ աչվու առաջ, ի՜մ աչվու առաջ... Լա՛ո, դուման էր մեջ մըր էրգրին»:
 
Եղերգեց հայրս... Եղերգեց մայրս իր Խաչիկ եղբոր ճամփեզրին թողած փոքրիկ շիրիմին, անհայտ ուղղությամբ որբանոց տարված զույգ եղբայրներին, վշտից ցամաքած իր մորն եղերգեց. «Թաղեցինք մորս գաղթի ճամփին, թաղեցինք աչքերը բաց...»:
 
Եղերգեց հայրս, եղերգեց մայրս... Եղերգեց արնածոր սրից հրաշքով փրկված մի բուռ ժողովուրդ: Եղերգեց... ու... ու իր բույնը հյուսեց վիրավոր երկրի վերջին բեկորին: Հառնե՜ց նոր էրգիր, նոր էրգիր հառնեց, բայց... բայց նրա տերը իր սեր-կարոտով միշտ փարված մնաց էն անո՜ւշ էրգրին: Դարձյալ եղերգվեց. «Քելե լաո՛, քելե էրթանք մըր էրգիր»:
 
Հորս այս եղերգը, պատգամ ապրողներին, շուրթից շուրթ անցավ և անմոռաց ցավի ու կարոտի նոր երգեր ծնեց:
 
Հյուսվեց մի նոր գրականություն... Գրականություն, ուր հայկական կոտորածների ծանր վերհուշը հուզաթաթախ բռնկումներով հառնեց: Հախուռն ժայթքեց «Հայոց դանթեականը», ահասփյուռ ղողանջեց «Անլռելի զանգակատունը»: Որպես աղոթք, որպես սարսուռ պաղ սրտերին իջնող եղերգվեց. «Հոգեհանգիստը»: Արնածոր մի ողջ ժողովուրդ մի ծիրանի փող դարձած («Ծիրանի փող») հնչեցրեց հին օրերի սերն ու կարոտը: Ու... ու երկնեց և «Ձորի Միրոն»: Երկնեց... Միրոյի փակ կոպերի տակ էն սև գիշերն էր:
«Գիշերը պատանքեց գյուղը: Երկինքը դարձավ սև-սև: Սևերես երկնքում մի բուռ ճերմակ ամպ՝ թիկունքին օսմանի սրի կեռ ծայրի նման մի կտոր լուսին...»:
 
«Միրոն տնքաց, խոնարհեց գլուխը, ու նրա մաշված թերթերունքներից կախվեց-տարուբերվեց իր կյանքի օրերի թելը. ո՞նց չկտրվեց...»:
 
Չկտրվեց... ապրեց, ապրեց ու աշխարհին ձայնեց իր խռովքը:
 
«Գյուղեզրին խռոված մի տուն կա՝ թիկունքը գյուղն արած, շեմն ու դուռը՝ ձորի ցանցառ ու անտաշ ատամներով բաց երախին: Քառասուն տարի տունը ծուխ է ծխում և առավոտ-իրիկուն քարերի վրա ու ձորերի մեջ ծեփում-ջարդոտում իր ստվերը՝ մեկ կարճ, մեկ երկար: Իսկ տան տեր Ձորի Միրոյի կոպերը ութսունինը տարի ծրարել են գիշեր և բացել առավոտ»:
 
Չկտրվեց: Իմաստացավ նա... թոհուբոհում անցած առասպելական կյանքը դարձավ խորհուրդ, համոզմունք՝ ստեղծելով իր սեփական փիլիսոփայությունը...
 
Կխոսի Միրոն... Կխոսի դարերի պատմության մեջ:
 
Աշխարհից ու մարդկանցից առանձնացած՝ փողփուչ Մելոն կհնչեցնի Սասնա լեռների կարոտը: Ծովասարի Օհանը գոտեպինդ կելնի դեպ Ծովասար՝ հետադարձ հայացքով ստեղծելով կորցրած էրգրի պատրանքը: Դավոն մահվան մահճում անգամ կռիվ ունի...
 
- Զիմ ձեռքեր չխաչի՛ք,- ասում է Դավոն:
 
- Զիմ ձեռքեր թողե՛ք, թողե՛ք բաց մնա...
 
Եվ գոց աչքերով Դավոն գնում էր, գնում էր դեպի բլրակը՝ թշնամու դիրքերը...
Ավա՜ղ այսօր էլ, ոչ հեռու անցյալում, նորեն գաղթ ու ավեր եղավ, և եղավ եղեռն (Սունգայիթ): Եղավ... և այն հեռավոր օրերի, Սասնա վեհանիստ լեռների վառոդի բույրը ժայթքեց Արցախի գեղուղեշ բարձունքներում, ընդվզեց ընդդեմ բռնության:
 
Ազգիս պատմության մեջ արյունոտ նոր էջեր բացվեցին. պարտադրված պատերազմ էր... 
 
Նահատակված մեր պապերի արյան կանչով, անզուսպ ցավից խենթացած՝ հառնեցին քաջասիրտ հայորդիներ: Հառնեցին... 
 
Եվ ես հիշեցի ու կրկնեցի հանգուցյալ հորս մորմոք խոսքերը. «Ու ընկան տղերք մըր աչվու առաջ, մըր աչվու առաջ...»:
 
Ընկան... բյուր երազ ու սեր փշրվեց...
 
Կուզեմ խոսքիս ավարտին, որպես սպասում ու հույս, հնչի Մեծն Պատկանյանի «Հույս» բանաստեղծության այս տողերը.
 
Թուխպը թո՛ղ պատե երկինքը պայծառ,
Թանձր մառախուղ երկիր թո՛ղ փակե,
Տարերքն աշխարհիս խառնվին իրար,
Հուսով եմ՝ վաղ-ուշ արև պիտ ծագե:
 
 
 
Գոհար ՄԱՆՈՒԿՅԱՆ