Նվիրյալների թատրոնը՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկականը

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

...Հոբելյանական ղողանջներից  հետո նոր փուլ կսկսվի դրամատիկականում: Ու՞ր կգնա թատրոնը, ի՞նչ ճանապարհով, ո՞վ գիտե, բայց մի բան հաստատ է՝ այն կշարունակի մնալ բարձրաճաշակ, մեծ մշակույթի կրող տաճարն ու իր հանդիսատեսի սիրելին:  Հայ թատրոնի նորագույն պատմությունը հյուսված է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի շուրջ:
 
Այսօր իր ինքնուրույն  կեցվածքով, արտասահմանյան ու հայկական խաղացանկով մշտապես հանդիսատեսի հետաքրքրությունը վայելող այս թատրոնն իր ավանդները ժառանգել է այն տարիներից, երբ արդեն անվանի բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանի ղեկավարությամբ թատրոն-ստուդիան իր դռները բացեց 1967թ.-ին՝ «Լավատեսական ողբերգություն» բեմադրությամբ: Շուրջ երկու տարի ստուդիականների միջոցով բեմ են ելել նաև «Աննա Ֆրանկի օրագիրը», «Գիշերային պատմություն», «Մի բուռ մանրուք» ներկայացումները: 
1969-ի մարտի 8-ն այն օրն էր, երբ Դրամատիկական թատրոնը առաջին անգամ սեփական հարկի տակ իր հանդիսատեսին էր սպասում Թումանյանի «Անուշ»-ով՝ Ղափլանյանի բեմականացմամբ ու բեմադրությամբ: 
 
Մինչ թատրոնի բացումը գեղարվեստական ղեկավար Ղափլանյանը հարցազրույց է տվել «Ավանգարդ» թերթի թղթակցին, որտեղ խոսել է նոր թատրոնի խաղացանկային քաղաքականության, հետագա գործունեության մասին և շեշտել է, որ այն պետք է ունենա իր քաղաքացիական դեմքը: Նա նշել է, որ իրենք փորձելու են մոտենալ այդ օրերի մարդուն և բնական ապրումների միջոցով համոզիչ ներկայանալ: Ինչպես նշում է բեմադրիչն՝ իրենք նկատի են ունեցել հանդիսատեսի սպասումները, ցանկացել են, որ նա «բեմում տեսնի իրեն, իր ծանոթներին, իր ընկերներին» («Ավանգարդ», 13.02.1969թ.): Եվ իսկապես, ժամանակը ցույց տվեց, որ այս թատրոնը թատերաշրջան առ թատերաշրջան հանդես եկավ իրեն արդարացնող բեմադրություններով ու քայլեց ժամանակի հրամայականով:
 
Թատրոնի սեփական շենքի հատկացումը մաքառումների ու դեգերումների արդյունք էր: Ղափլանյանը տարբեր հարցազրույցներում պատմում է այդ մասին: 
 
Դրամատիկական թատրոնի բացումը մեծ իրադարձություն է համարվել թե´ հայ և թե´ ռուս թատերական գործիչների կողմից: Մամուլում սկսել են հրապարակվել բազում շնորհավորանքներ և ստեղծագործական վերելքներ մաղթող ողջույններ:
Այսպես է սկիզբ առել արդեն կես դարը բոլորած մեր սիրելի թատրոնի պատմությունը: 
 
Այսօր դրամատիկականի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Արմեն Խանդիկյանը, ով  առանձնահատուկ գորովանքով ու փայփայելով է «մեծացրել» այդ պատանի թատրոնը: Նրա ղեկավարությամբ  այստեղ ստեղծագործում է երեք սերնդի անվանի դերասանական կազմ: 
 
Որդեգրելով հիմնադիր Ղափլանյանի արտասահմանյան և հայկական դեռևս մեր թատրոններում բեմ չբարձրացած կամ լայն ճանաչում չունեցող ստեղծագործությունները բեմադրելու սկզբունքը՝ թատրոնի ներկայացուցիչները հանրությանը ծանոթացնում են նման ստեղծագործությունների հետ: 
Դրամատիկականում Ա. Խանդիկյանի յուրատիպ բեմադրությունները տասնամյակներ առաջ վիճելի են եղել, չեն հասկացվել, քանզի երիտասարդ բեմադրիչը այդ տարիներին բեմ է բերել թատրոնի ի՛ր ընկալումը, նոր արտահայտչաձևեր, որոնք այդ օրերի մտածողությունից առաջ էին անցնում: Հետագայում մասնագիտական մամուլը միայն բարձր է գնահատել խանդիկյանական բեմադրությունները, որոնք էլ այսօր թատրոնի այցեքարտերից են:
 
Թատրոնի մյուս բեմադրիչը համարձակ ու տաղանդավոր ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանն է, ով խաղացանկը յուրաքանչյուր թատերաշրջան հարստացնում է մի նոր ներկայացումով: Շուրջ հինգ անուն ներկայացման հեղինակ է Ժան-Պիեր Նշանյանը: Բեմադրություններով են ներկայանում նաև թատրոնի դերասաններ Հրաչյա Հարությունյանը, Ռոբերտ Հարությունյանը, Արմեն Բարսեղյանը: 
 
Դրամատիկականը իր անցած ուղին նշանավորել է շեքսպիրյան յոթ անուն պիեսների բեմադրությամբ: Դոստոևսկու, Բոմարշեի ստեղծագործությունների կողքին ժամանակակից արտասահմանյան հեղինակներինն են: Հայ գրողներ Վ. Սարոյանի, Ն. Ադալյանի, Պ. Զեյթունցյանի պիեսները նույնպես խաղացանկում են:
 
Դրամատիկական թատրոնը այսօր հենված է այնպիսի ներկայացումների վրա, որոնք ազգային ու համամարդկային արժեքների կրող են` «Մեծ լռություն», «Անվերջ վերադարձ», «Փարիզյան դատավճիռ», «Ձուկն առանց ջրի կամ suicide» և այլն: 
 
Տարբեր տարիքային խմբերի մարդիկ իրենց հետաքրքրող ներկայացումը կարող են գտնել այս թատրոնում: Բազմաժանր խաղացանկում տեղ են գտել նաև «Գանգսթեր Մաքը», «Զավեշտալի կատակերգություն հյուրանոցում», կիրակիները կրքոտ դարձնող «Ա՜խ Աննա Աննա..»-ն, «Տիկնայք և Պարոնայք» և այլ կատակերգություներ:  
 
Թատրոնում առաջինը Ղափլանյանն է «դիմավորում» հանդիսատեսին, նրա կիսանդրին  մուտքի մոտ մի ինքնատիպ վկա է՝ նվիրումի ու արարման: Յուրատեսակ անդորր ու խաղաղություն կա շենքում: Ճեմասրահը զարդարված է պատմական նշանակություն ունեցող նկարներով ու մակետներով: 
 
Գաղտնիքներով լի թատրոն է դրամատիկականը… 
 
Բայց սպասե´ք մի պահ: Ի՞նչ գաղտնիք: Արխիվի դուռը ոսկե պահոցի մատնիչն է, իսկ Կ. Գրիգորյանի, Մ. Սարգսյանի, Ա. Միրիջանյանի արվեստանոցների դռները կախարդական աշխարհներ են բացում, հյուսնի ու ատաղձագործի դռների ետևում էլ ապագա ներկայացման դեկորներն են ծնվում: 
 
Այս ընտանիքի յուրաքանչյուր անդամ ստեղծագործում է սիրով ու նվիրումով, աշխատում անմնացորդ: Թատրոնն առանձնահատուկ հոգածության է արժանանում ստեղծագործական աշխատանքների գծով սրտացավ փոխտնօրեն Արտաշես Մխիթարյանի կողմից: Թատրոնին տասնամյակների իրենց տքնաջան վաստակով են նվիրվել արխիվավար ու տնտեսական պատասխանատու, բարի ու ժպտերես Ջուլիետա Էբզիմյանը, բարեհոգի թատերախմբի վարիչ Անահիտ Էլիզբարյանը, առանձնահատուկ եռանդով աչքի ընկնող կադրերի բաժնի վարիչ Նարինե Ազարյանը, հաշվապահ Երանուհի Քեշիշյանը ու բեմադրական մասի վարիչ Ռուբեն Դավթյանը, հսկիչները, պահակները, մաքրարարները և շատ ու շատ այլ նվիրյալներ: 
 
…Երբ հանդիսատեսը հեռանում է ու երբ շենքում լռություն է, երբ մարող լույսերը վերջին թրթիռներն են ցոլարձակում, մի կերպարանք է նշմարվում՝ ժպտացող դեմքով, բարի, շա~տ բարի հայացքով, գոհունակ ու անվրդով: 95-ամյա Ղափլանյանն է… 
 
Ռուզաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ
Թատերագետ