Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Նարեկացի» արվեստի միության դահլիճում հնչում էր Կոմիտասի  անզուգական ձայնը: «Դանիել Երաժիշտի հետ» խորագիրը կրող երաժշտական հանդիպման օրակարգում հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի՝ Փարիզում ծավալած գործունեությունն էր՝ վարդապետի կենսագրության վրա հսկայական ազդեցություն ունեցած դարասկզբի պատմաքաղաքական իրավիճակը, Փարիզ գնալու շարժառիթներն ու ծրագրերը, XX դարի նոր երաժշտամտածողության և ֆրանսիական միջավայրի ազդեցությունը Կոմիտասի ստեղծագործական անհատականության ձևավորման վրա: Հանդիպման ընթացքում երաժշտագետը հետաքրքիր պատմությունների, երաժշտական բացառիկ կատարումների հրամցմամբ անդրադարձավ Փարիզում Կոմիտասի ծավալած գործունեությանը՝ համերգներին ու գիտաժողովներին, նրա մասին թերթերում տեղ գտած հրապարակումներին:
 
Կոմպոզիտորի գործունեության փարիզյան շրջանը վարդապետի կենսագրության կարևոր մի փուլ է՝ արվեստի նորամուծություններին առնչվելու, հայ երաժշտությունը համաշխարհային ասպարեզ հանելու, երաժշտագիտական ուսումնասիրություններն ու ստեղծագործությունները հրապարակելու շրջան: Էջմիածնի «Արարատ» ամսագրում 1901 թվականին հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է. «Կոմիտասը մեկնում է Եվրոպա յուր մասնագիտության վերաբերյալ նորանոր ծանոթություններ ձեռք բերելու և Միջազգային երաժշտական ընկերության ժողովներին ներկա լինելու համար: Այնտեղ նա կարդալու էր հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտության վերաբերյալ դասախոսություններ»: 
 
Արշակ Չոպանյանն իր հոդվածում գրում է. «Էջմիածնայ այդ միաբանը Փարիզ էր եկած քանի մը շաբաթ մնալու և ֆրանսիական ոստանին երաժշտական շարժման վրայ մօտէն գաղափար կազմելու»
 
XX դարի սկզբին Փարիզում էր թևածում ազատության ու նոր գաղափարների շունչը, Փարիզում էին կենտրոնացած ժամանակի առաջադեմ մտավորականները: Կոմիտասը նպատակ ուներ այնտեղ հրատարակել հայ գեղջուկ երգի հիմքով դաշնակած իր ստեղծագործությունները: Վարդապետը ձգտում էր լայն ու առաջադեմ լսարանին ծանոթացնել հայ երաժշտությանը, մարդկային հոգու խորքերը հասնող իր արվեստին, ձեռնարկում էր հրատարակել իր ստեղծագործությունները: 
 
Փարիզում վարդապետին շրջապատում են այն երաժշտագետներն ու մտավորականները, ովքեր ունեին  գիտական և ստեղծագործական հետաքրքրությունների նույն շրջանակը: Նա ֆրանսիացի վարպետներ և երաժշտասերներ Սեն-Սանսին, Շառլ Պորտին, Դյուվալին և Պիեռ Օբրիին ծանոթացնում է «Հայ յեկեղեցական յեղանակները» և «Հայոց յեկեղեցական յերաժշտությունը ԺԹ դարում» իր աշխատություններին: Ֆրանսիացի երաժշտագետները հիացած էին Կոմիտասի ծրագրերով և խորհուրդ են տալիս շարունակել սկսած գործը: 
 
Կոմիտասը Փարիզ վերադարձավ 1919 թ., բայց այս անգամ վարդապետին ընդունեցին ոչ թե համերգասրահները, այլ հոգեբուժարանները: Եղեռնի ահասարսուռ տեսարանները  ցնցել էին  արվեստագետի զգայուն ներաշխարհը,  Կոմիտասն աքսորից վերադարձել էր հոգեկան ծանր ապրումներով, բայց միայն վերջերս պարզվեց, որ նա հոգեկան հիվանդ չէր: Փարիզաբնակ հայերը նրան տեղափոխեցին Ֆրանսիայի մայրաքաղաք, և քսան երկար ու ձիգ տարիներ մաքառելուց հետո Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում հայ երաժշտության հանճարը կնքեց իր մահկանացուն:  
 
Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն  գրել է. «Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի…»։
 
 
Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ