Գերմանիայի ԱԳՆ-ն մտադիր է վերանայել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է՝ ներկայացվելու է երկրի նոր արտաքին քաղաքական ռազմավարությունը Միացյալ Նահանգների նկատմամբ: Օգոստոսի 27-ին հանդես գալով երկրի դեսպանների համաժողովին՝ ԳԴՀ արտգործնախարարը նաև ասել է, թե Եվրոպան պետք է արձագանքի Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի և իր մյուս տնտեսական կարևոր գործընկերների դեմ ԱՄՆ պատժամիջոցներին:
 
Մաասի խոսքով՝ Բեռլինը պետք է Վաշինգտոնի հետ իր գործընկերությունը գնահատի սթափ և քննադատաբար: 
 
Հոկտեմբերի 3-ին մեկնարկում է Միացյալ Նահանգներում Գերմանիայի տարին, սակայն երևում է՝ դա տեղի է ունենալու երկու երկրների հարաբերությունների նոր որակի պայմաններում: Մաասը դեռևս այս տարվա հունիսին էր հայտարարել, որ Գերմանիան ԱՄՆ-ի հետ իր տարաձայնությունների մասին չի լռելու: Իսկ Handelsblatt պարբերականի համար գրված հոդվածում գերմանացի նախարարն ընդգծել է, որ Նահանգներն ու Գերմանիան իրարից հեռանում են, և այդ գործընթացն սկսվել էր դեռևս Դոնալդ Թրամփի իշխանության գալուց առաջ: 
 
Մաասն առաջարկել է ԱՄՆ-ի հետ նոր հարաբերությունները կառուցել «հաշվեկշռված համագործակցության» սկզբունքով, որի դեպքում ուժեղ ու անկախ Եվրոպայի ստեղծումը լինելու է գլխավոր նպատակը: Հայկո Մաասի այսօրինակ հայտարարությունները հնչել են Իրանական միջուկային համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալու համապատկերին: 
 
Իրանը, ինչպես հայտնի է, ամերիկյան պատժամիջոցների առնչությամբ դիմում է ՄԱԿ-ի միջազգային դատարանին, ինչը խիստ զայրացրել է Միացյալ Նահանգների արտաքին գործերի պատասխանատուին:
 
Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն համարում է, որ դրանով Իրանը միջամտում է սահմանափակումներ մտցնելու Վաշինգտոնի ինքնիշխան իրավունքին: Բայց այս նույն տրամաբանությամբ մի պետություն էլ կարող է որպես իր ինքնիշխան իրավունք ամրագրել Միացյալ Նահանգների ոչնչացումը: Նշանակում է՝ եթե նա զենքուզորքով հարձակվի ԱՄՆ-ի վրա, իրենք պետք է պարտավորված լինեն նրա կամքով ոչնչանա՞լ, ի՞նչ է:
 
Միացյալ Նահանգների կանոններով խաղալ Եվրոպան կարծես արդեն չի ուզում: Բայց ԱՄՆ-ը, իհարկե, հեշտ չի հանձնվի, ուրեմն առջևում նոր, գուցե նաև վտանգավոր զարգացումներ են լինելու: