Ի՞նչ է պահանջում ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ից

ԶԻՆԱԹԱՓՈՒՄ ԻՐԱՆԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՈ՞Վ

Վերջիվերջո` ի՞նչ տեղի ունեցավ Դոնալդ Թրամփ-Կին Չեն Ըն սինգապուրյան հանդիպման ժամանակ, ի՞նչ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, դրանք որքանո՞վ կամրապնդեն աշխարհի խաղաղությունը: Այս հարցերն այսօր շատերին են հետաքրքրում, սակայն պատասխաններ եզակիներն ունեն:

Դրանց մասին ուշագրավ տեղեկություններ ու մեկնաբանություններ է հնչեցրել ռուսաստանյան քաղաքական գործիչ Ֆրանց Կլինցևիչը: Դաշնային խորհրդի պաշտպանության հանձնաժողովի անդամը ՌԻԱ-նովոստիին ասել է, թե Վաշինգտոնը փորձում է զինաթափման հարցում Փհենյանի վրա ճնշում գործադրել` առանց երաշխիքներ տրամադրելու:

Մինչ այդ Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոն հայտարարել էր, թե Կորեական թերակղզին ամբողջովին մեջուկազերծելու համար ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ին 47 կետից կազմված պահանջ է ներկայացրել, իսկ Կիմ Չեն Ընը համաձայնություն է տվել թերակղզու ապամիջուկացումը մինչև վերջ ապահովել: Միայն թե պաշտոնական Վաշինգտոնը համարում է, որ այդ գործընթացի շրջանակներում լոկ միջուկային զենքերը չեն, որ պետք է վերացվեն: ԿԺԴՀ-ում չպետք է մնան նաև զանգվածային ոչնչացման զենքի մնացած տեսակները, ինչպիսիք են քիմիականն ու կենսաբանականը, ինչպես նաև բալիստիկ հրթիռները և դրանց համապատասխան օբյեկտները: Կոնոն այն կարծիքին է, որ եթե այդ պահանջները չկատարվեն, Հյուսիսիային Կորեայի պատժամիջոցները չեն հանվի:

- Չէ՞ որ Դոնալդ Թրամփը խոստացել է Կորեական թերակղզու գերարագ միջուկազերծում: Եվ ամեն ինչից երևում է, որ ԱՄՆ-ը որոշել է խոսքից անհապաղ գործի անցնել` օգտագործելով ճակատային գրոհի իր սիրած մարտավարությունը: 47 կետից բաղկացած պահանջները, որոնք նա առաջ է քաշել, որոշակիորեն միակողմանի բնույթ են կրում և ԿԺԴՀ-ի անվտանգության երաշխիքներ չեն ներառում: Մի խոսքով` նախ փողերը, իսկ հետո արդեն աթոռները,-  մեկնաբանել է Կլինցևիչը:

Ըստ քաղաքական գործչի` համարյա մեկին մեկ կրկնվում է իրանական սցենարը, այսիքն  Հյուսիսային Կորեային վերջնագիր է ներկայացված: Ըստ երևույթին ամերիկացիները ենթադրում են, որ երկրի ղեկավարությունն անկյուն է քշվել և պատրաստ է ընդունել ցանկացած պայման: Միայն թե Միացյալ Նահանգներում ձեռնպահ են մնում Փհենյանի վրա չափազանցված ճնշում գործադրելուց, քանի որ լավ գիտեն` բիրտ ազդեցությունը  հավասար ուժով հակազդեցությում է առաջ բերում:

- Մանավանդ` միջուկազերծման գորընթացը, եթե նկատի ունենանք նրա գործնական, իսկական իրականացումը, դեռևս նույնիսկ չի էլ մեկնարկել, և ոչ ոք երաշխիք է տրվել, թե ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվելու են,- շեշտել է Կլինցևիչը:

Իր երկրի դիրքորոշման մասին խոսելով` ռուսաստանցի խորհրդարանականը նշել է, թե Ռուսաստանը, անշուշտ, հանդես է գալիս այն բանի օգտին, որ Կորեական թերակղզին վերածվի միջուկային և զանգվածային ոչնչացման մյուս տեսակի զենքերից ազատ գոտու, ինչը կնպաստի ամբողջ աշխարհում խաղաղությունն ամրապնդելու գործին: Բայց դրա համար նաև հարկավոր է, որ ԱՄՆ-ը և ԿԺԴՀ-ն ձեռնարկեն այնպիսի ներդաշնակ քայլեր, որոնք կվայելեն միջազգային հանրության աջակցությունը:

Այսօրվա ծեծված խոսքով ասած` գնդակը հիմա Միացյալ Նահանգների դաշտում է: Եթե Հյուսիսային Կորեայում համոզվեն, որ մի օր էլ իրենց միջուկային պայմանագիրը կարող է Իրանի պայմանագրի ճակատագրին արժանանալ, դժվար թե կազմաքանդեն իրենց ամբողջ ռազմական ներուժը, որը ստեղծել են անցած տասնամյակներում: Իսկ աշխարհի խաղաղության ամրապնդումը դարձյալ, պատկերավոր ասած, ավազին կգրվի: