Հիմար կողոպտիչը լավ չէր ծպտվել
Ապրուստ հոգալու կամ հարստանալու հազարումի միջոց կա, որոնցից մեկն էլ խանութներից անհրաժեշտ ապրանքը ճարպկորեն աննկատ դուրս բերելն ու սեփականելն է: Միայն թե ամենուր տեղադրված տեսանկարահանման սարքերից թաքնվելն արդեն անհնար է դառնում: Ուրեմն ի՞նչ է մնում մերօրյա կողոպտչին, եթե ոչ այնպես ծպտվել, որ նկարահանված տեսաժապավեններն ուսումնասիրողները չկարողանան քեզ ճանաչել:
Երբ Հնդկաստանի Թամիլնադ նահանգի խանութներից մեկի տերը առավոտյան նկատել է, որ գիշերն այնտեղ կողոպտիչ է մտել, անմիջապես նետվել է տեսահսկողության ժապավենները նայելու: Տեսածը նրան շատ է զարմացրել, որովհետև տեսահսկող սարքերից զգուշանալով՝ գիշերային կողոպտիչը ծպտվելու այլ հնար չի մտածել, քան գլուխն ու դեմքը ցելոֆանե տոպրակով ծածկելը:
Քանի որ դեմքը ծածկող նրբաթաղանթը հնարավորություն չի տվել, որ խանութի գիշերային «այցելուն» լավ տեսնի, նրա բոլոր շարժումները շատ անվստահ են եղել: Բայց անհաջողակ կողոպտչի համար ամենավատն այն է, որ որքան էլ նրբաթաղանթե տոպրակը վատացրել է նրա տեսողությունը, այնուամենայնիվ այնքան խտություն չի ունեցել, որ դիմագծերը ծածկի: Ուստի նրա ինքնությունը շատ արագ պարզել են և հնարավորություն չեն տվել, որ գողոնը գոնե մի քիչ վայելի, քանի որ արդեն ձերբակալված է:
Երևում է՝ այս կողոպտիչը շատ է դիտել գուլպայով դեմքը ծածկած ավազակների կողուպուտի ու հարձակումների մասին պատմող ֆիլմեր, բայց այնքան երևակայություն չի ունեցել, որպեսզի գլխի ընկնի, որ այդ գուլպաների մեջ աչքերի համար անցքեր են արվում: Թափանցիկ նրբաթաղանթը նա երևի իր «գործի» համար իսկական գյուտ է համարել:
Սա, իհարկե, մի հիմար ու անազնիվ մարդու պատմություն է, սակայն գուցե թե նա իր հիմար խելքով ստիպված չլիներ խանութներ թալանել, եթե մի կարգին աշխատանք ու վաստակ ունենար: Այսօրվա աշխարհում նյութական ու ֆինանսական բարիքներն այնքան անհավասար են բաշխվում, որ նման «մեթոդներով» հանապազօրյա հացը հոգացողներն օրեցօր շատանում են անգամ տեսահսկող սարքերի առատության պայմաններում: