Իր անպատժելիությամբ ոգևորված

ՍԻՐԻԱՅԻ ԱԳՆ-Ն ԱՐՖԻՆԻ ԳՐԱՎՈՒՄՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Տարբեր լրատվամիջոցներ սկսել են ներկայացնել ականատեսների վկայությունները, ըստ որոնց՝ թուրքական զինուժը քաղաքը գրավելուց հետո անցել է իր սովորական գործին՝ թալանին, իսկ ձեռք գցած ավարը տեղափոխում են բազմաթիվ բեռնատարներով: Ահա այսպես է Թուրքիան «պայքարում» միջազգային ահաբեկչության դեմ: Ու քանի որ նրա նախագահ Էրդողանը համարում է, որ Արֆինի բռնազավթումը մարսել է, արդեն հայտարարում է անակնկալ կերպով Իրաքի տարածք ներխուժելու և այնտեղի քրդերի դեմ «հակաահաբեկչական պայքար մղելու» մտադրության մասին:
 
Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունից հետո, թե «Սիրիայի ազատ բանակի» ստորաբաժանումներն ու թուրքական զինուժը մտել են Արֆին և այն վերահսկողության տակ առել, Սիրիայի արտգործնախարարությունը երեկ ՄԱԿ-ին հասցեագրված երկու նամակ է ուղարկել: Նույնաբովանդակ նամակներից մեկը հասցեագրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, մյուսը՝ Անվտանգության խորհրդին: Ինչպես և սպասելի է՝ թուրքական ուժերի կողմից Արֆինի գրավումը սիրիական կողմի բողոքն է հարուցել:   
 
- Սիրիայի Արֆին քաղաքը գրավելու մասին Թուրքիայի նախագահի հայտարարությունն անընդունելի է և հակասում է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին ու միջազգային իրավունքին,- ՄԱԿ հղված նամակներից հատված է մեջբերել Սիրիայի ազգային ՍԱՆԱ գործակալությունը:
 
Սիրիայի ԱԳՆ-ն նաև դատապարտել է Արֆին քաղաքի բռնազավթումը թուրքական զինուժի կողմից և պահանջել է նրանց «անհապաղ դուրսբերումը՝ գրավված սիրիական տարածքներից»: 
 
Ելնելով նրանից, թե ինչպես Մերձավոր Արևելքի հակամարտություններում ներգրավված  բոլոր ուժերը Արֆինի գրավումը հանդուրժեցին, կասկած չկա, որ թուրքերի Իրաք ներխուժումը նույպես սարերի հետևում չէ: Մի՞թե Կիպրոսի մի հատվածի բռնակցումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային չներվեց: Իսկ անպատժելիությունը թուրքին առաջ մղող գլխավոր դրդիչներից է: