Խաղաղության պայմանագիր. փակվա՞ծ է Արցախի հարցը…

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից

Ադրբեջանը համարում է, որ Արցախի հարցն այլեւս փակված է և ցանկանում է այդ փաստը հնարավորինս շուտ ամրագրել իրավական փաստաթղթով: Խոսքն, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» մասին է:
 
Միջազգային քաղաքականության պատմությանն ու նրբությունների անծանոթ մարդիկ չեն հասկանում Ադրբեջանի շտապողականության իրական պատճառները: Ինքը, կարծես թե, չունի շտապելու շարժառիթ. 44-օրյա պատերազմից դուրս եկավ հաղթանակած, ունի հզոր դաշնակիցներ, որոնք պատերազմի ընթացքում մեծ շահագրգռվածությամբ օգնում էին իրեն, մինչդեռ Հայաստանը մենակ էր և, ընդհանրապես, հետանկախական ավելի քան 30-ամյա շրջանի իր ամենաանկումային ժամանակներն է ապրում՝ թույլ կառավարությամբ, որին կարելի է անվերջ գջլել, և զուրկ ռեւանշի որևէ հնարավորությունից:
 
Այդ դեպքում ինչո՞ւ է շտապում Ադրբեջանը՝ մանավանդ որ ժամանակն իր օգտին է աշխատում: Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է հասկանալ միջազգային հարաբերություններում կատարվողը և այդ հարաբերությունների հետ պետությունների միջեւ սահմանների գծման կապը: Սահմանները, պատերազմի ու խաղաղության հարցերը լուծվում են միջազգային հարթակներում, և դրանք պետք է հիմնված լինեն ոչ միայն միջազգային սկզբունքների վրա, որոնք գոնե այս պահին ոչնչացված են, այլ նաև հաշվի առնեն խոշոր երկրների ազդեցության գոտիներն ու աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունեցող հնարավոր նոր հաղորդակցությունները:
 
Պատմական մի փոքր էքսկուրսի միջոցով փորձենք հասկանալ այն, ինչ կատարվում է այժմ: Երկրորդ աշխարհամարտից հետո տեղի ունեցած՝ Թեհրանի, Յալթայի և Պոտսդամի հանդիպումներին որոշվում էին ոչ միայն հետագա աշխարհակարգի սկզբունքները, այլև պետությունների սահմանները, և դա ամենադժվար հարցերից մեկն էր: 1945 թվականից պետք է անցներ մոտ 30 տարի, որպեսզի մեծ երկրները ճանաչեին նոր սահմանների հարցը: Պարտված Գերմանիան չէր ընդունում իր տարածքների կորուստը, երկու մասի բաժանված Գերմանիայի իրավունքները նույնպես վիճաբանության առարկա էին: Վիճելի էր նմանապես Խորհրդային Միության կազմում մերձբալթյան երկրների կարգավիճակը: Եվ միայն 1975-ի Հելսինկյան խարտիայի միջոցով այդ հարցերը գտան իրենց ամբողջական լուծումը: Այսպիսով՝ պահանջվեց 30 տարի, որպեսզի տեղի ունենա երկու ճամբարի երկրների սահմանների ճանաչումը:
 
Այսօր Երկրորդ համաշխարհայինից հետո ստեղծված աշխարհակարգը փլուզվել է, և սկսվել է սահմանների փոփոխությունը: Կան բազմաթիվ չլուծված հարցեր՝ Կոսովո, Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստրի չճանաչված հանրապետություն, Ղրիմ… Կա Ուկրաինայի մասնատման խնդիր, որի տարածքների մի մասը Ռուսաստանը ճանաչել է որպես իր տարածք՝ դեռեւս անհասկանալի սահմաններով, կա Իսրայելի ու Պաղեստինի հակամարտություն և այլն: Այստեղ մեծ երկրների շահեր են խաչվում:
 
Հին սկզբունքներն այլևս չեն գործում, իսկ նորերը դեռ չկան: Անգամ եթե միջազգային որևէ խորհրդաժողով տեղի ունենա, այդ նոր սահմանների հարցը, միևնույն է, երկար ժամանակ մնալու է անորոշ: Այս առումով Ադրբեջանում լավ են հասկանում, որ Արցախի հարցը իրականում լուծված չէ, և երբ մեծ երկրները խոսում են բռնի տեղահանվածների վերադարձի մասին՝ դա նշանակում է, որ խոսքը արցախցիների անվտանգության մասին է, թե ովքեր են ապահովելու նրանց անվտանգությունը, այսինքն՝ ում զինված ուժերն են այնտեղ տեղակայվելու:
 
Սա է պատճառը, որ Ադրբեջանը փորձում է արագացնել ՀՀ-ի հետ պայմանագրի կնքումը, որպեսզի Արցախի հարցը տարանջատի մնացյալ խնդիրներից և այն համարի լուծված: Իսկ արդյո՞ք դա մեզ պետք է: Անկարակույս՝ ոչ: Մեր խնդիրն է՝ այն թողնել փակագծերի ետևում և ուշի-ուշով հետևել միջազգային հարաբերություններում ընթացող զարգացումներին՝ մասնավորապես Հարավային Կովկասի քաղաքական կարգավիճակին, որից էլ ածանցվելու են մեզ հետաքրքրող մյուս բոլոր հարցերը: