«Մշակույթի դրական էներգիան դժվար օրերին օգնում է ապրել»

ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԳՐԱՆ ՊՐԻ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՄԱՇԱ ՄՆՋՈՅԱՆԻՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի, «Գրան պրի» մրցանակի դափնեկիր Մաշա Մնջոյանին, և Մանկական կատարողների 22-րդ երաժշտական մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած 11-ամյա Անահիտ Գալստյանին:
 
Նախարարը շնորհավորել է մրցանակակիրներին հաջողությունների առթիվ և նշել, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցել ոլորտի զարգացմանը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հատկապես բարդ և մարտահրավերներով լի օրերին մշակույթի դերը շատ կարևոր է, քանի որ մշակույթից դրական էներգիա է գալիս, որը դժվար օրերին օգնում է ապրել: 
 
- Ձեր հաղթանակները ոգևորում են թե՛ մեզ, թե՛ երիտասարդներին՝ զարգացնելու իրենց տաղանդը: Ձեր հաջողությունները ճանապարհ են բացում մյուսների համար, քանի որ դուք լավ օրինակ եք, որպեսզի նրանք ևս հավատան իրենց ուժերին,- դիմելով հյուրերին՝ ասել է նախարարը:
 
«Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթի «Գրան պրի» մրցանակակիր Մաշա Մնջոյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ գնահատանքի խոսքերը խրախուսող են և մղում են առաջ գնալ:
 
- Թեև ապրում եմ արտերկրում, բայց միշտ պատրաստ եմ իմ երգով լինել Հայաստանի կողքին և Հայաստանի հետ,- ասել է երգչուհին: 
 
Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է մշակույթի ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը՝ մասնավորապես նշելով, որ շրջանառվում է «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակի վճարման» կարգը, որը հանրային քննարկման ավարտից հետո սահմանված կարգով կհաստատվի:  
 
Հանդիպմանը ներկա է եղել Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը: Նշենք, որ վերոնշյալ մրցույթում Հայաստանի մասնակցությունը համակարգել է հիշյալ քոլեջը: