Ասբեստ՝ այնքան հարմարավետ ու այնքան վնասակար
Այսօր մարդիկ այնպիսի ապրանքատեսակներ են օգտագործում, որոնք կենցաղի ու արտադրության համար իսկական գյուտ են թվում: Սակայն օգտվելով դրանցից որոշների ընձեռած առավելություններից՝ շատերը չեն էլ ենթադրում, թե դրանք որքան վնասակար են առողջության համար:
Քաղաքակիրթ աշխարհում ասբեստը վաղուց արդեն համարվում է թունավորող նյութ, իսկ ԵՄ-ում այն արգելել են 2005թ.-ից, սակայն զարգացող երկրներում շարունակում են զանգվածաբար օգտագործել այդ հանքանյութը՝ դրանից պատրաստելով բազմաթիվ շինարարական և կենցաղային ապրանքներ: Սա շատ հարմար ու էժան նյութ է, դրա համար էլ հաշվի չեն առնում, որ առողջության համար վտանգավոր է: Մինչդեռ զարգացող երկրներում է ապրում Երկրի բնակչության 80%-ը:
Նշենք, որ ասբեստ բառի համար հայերենում երկու հոմանիշ կա՝ անկիզաքար և կտավաքար:
Ժամանակին ասբեստն ուղղակի հանճարեղ գյուտ էր, որին մարդիկ այդքան սպասում էին և որը հավակնում էր Նոբելյան մրցանակի (լավն այն է, որ դեռևս ոչ մեկին չի շնորհվել): Հանքատեսակի արդյունահանումը շատ հեշտ է, դժվար չէ նաև դրանից ամենատարբեր իրեր պատրաստելը՝ սկսած շինարարական կառուցվածքներից մինչև կենցաղային սարքեր: Եվ հենց որ այն հայտնի ու ընդունված դարձավ, աշխարհն սկսեց զանգվածաբար թունավորվել դրա քաղցկեղածին թելիկներից (հաղորդում է esoreiter.ru-ն):
Ասբեստե արտադրանքի բազմազանությունը
Միամտություն է կարծել, թե ասբեստը լայնորեն կիրառվել է միայն շինարարության մեջ (օրինակ՝ շիֆերից տանիքներ, միջնապատեր և այլն): Դրանցից պատրաստել են անգամ խոհանոցային սրբիչներ, որոնք սպասքը ոչ միայն չորացնում, այլև փայլեցնում էին, ֆիլտրեր սիգարետների համար, միանգամայն «անվտանգ»՝ ինչպես հավատացնում էին արտադրողները, հրակայուն կոշիկներ, աշխատանքային արտահագուստ և շատ այլ բաներ:
Հենց միայն այն, որ 20-րդ դարում ամենուր նախադպրոցական հիմնարկների և դպրոցների սենյակները երեսպատում էին ասբեստե սալիկներով, արդեն իսկ հանցագործություն էր, քանի որ դրանից շատ երեխաներ են տուժել, ապա և մահացել քաղցկեղից:
Որքան էլ արգելված՝ ասբեստը դարձյալ պահանջված է
Որքան էլ 13 տարի առաջ արևմուտքը ասբեստից հաժարվել է, մարդկանց այդ հանքանյութի հասցրած վնասը դեռևս շատ երկար կզգացվի անգամ Արևմտյան Եվրոպայի երկրներում: Ավելին, դեռ հիմա էլ միանգամայն արդիական արտադրանքի մեջ դրանք դեռևս հայտնաբերում են (օրինակ՝ Great Wall մեքենաների մեջ): Իսկ սա նշանակում է, որ քաղաքակիրթ համարվող աշխարհի արտադրողները նույնպես, ինչպես և երրորդ կարգի աշխարհում, մարդկանց առողջության վրա թքած ունեն:
Զարգացող երկրներում ասբեստը շարունակում է լայնորեն և բացահայտ կիրառվել, հատկապես՝ բնակարանաշինության ոլորտում: Իսկ օրինակ Հնդկաստանում պողպատաձուլական արդյունաբերության մեջ մինչև հիմա էլ ասբեստի հագուստ ու կոշիկներ են օգտագործում:
Ասբեստը դեռևս ամբողջ աշխարհում արգելված չէ, և դժվար է գուշակել՝ մարդկությունը ե՞րբ այդքան խելք ու կազմակերպվածություն հանդես կբերի: