Հիմա արդեն մե´նք չենք լռելու


Հարգելի հայրենակիցներ Մենք` բանակում ծառայած երիտասարդներս, տեսնելով, թե ովքեր են այսօր զբաղվում բանակում առկա խնդիրների վերհանմամբ, խիստ մտահոգված ենք մեր երկրում այլակարծության և ժողովրդավարության ընկալումներով ու դրսևորումներով: Գիտակցելով, որ բանակում առկա խնդիրները խորքային լուծումների կարիք ունեն, համոզված ենք, որ այդ խնդիրների լուծմանը հետամուտ կարող են լինել միայն նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ է զինվորական ծառայությունը, ովքեր իրենց մաշկի վրա զգացել են այդ ծառայության դժվարությունները, ինչպես նաև ականատես են եղել անարդարություն ների ու միջանձնային հարաբերությունների խախտումների: Տեսնելով, թե ովքեր են այսօր բանակը տեղի-անտեղի փնովողները` մենք չենք կարող անտարբեր մնալ և բանակի խնդիրների արծարծումը վստահել մի խումբ պատեհապաշտ մարդկանց, ովքեր կամ փախել են բանակից, կամ բանակ զորակոչվելուց մի քանի ամիս հետո կասկածելի հիմքերով վաղաժամկետ զորացրվել են, կամ այսպես ասած «հիվանդության » պատճառով ազատվել են ծառայությունից, սակայն քաղաքացիական կյանքում միանգամայն առողջ ու կայտառ են: Մենք` բանակում ծառայածներս ենք լինելու բանակի իրական քննադատները, իսկ բանակից խուսափածների անունները առաջիկա օրերին կհրապարակենք, որպեսզի հասարակությունը իմանա, թե ովքեր են իր «սրտացավ» զավակները: Այդ ցուցակը չի սահմանափակվելու միայն «Չենք լռելու» կոչվող ինքնագովազդային խմբի իրական դեմքը պատռելով: Ի տարբերություն մեր չլռող անդեմ բարձրախոսների` մենք ֆիզիկական անձինք ենք ու առաջիկայում կներկայանանք հանրությանը և կներկայացնենք բանակում առկա խնդիրները լուծելու և այն ավելի հզոր դարձնելու կոնկրետ ծրագրեր: Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնություն