1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Առաջիկայում մեր երկրի բնակչությանը նորից են հաշվելու` այս անգամ որպես բջջային կապի բաժանորդներ: Օպերատորները հավանաբար արդեն չափից դուրս շատ են մեկը մյուսից խոշոր թվեր կրակում, և ահա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է փոխել հեռախոսակապի բաժանորդների գրանցման և հաշվառման կարգը: Որքան էլ նշվի, թե սկսվելիք գործընթացի նպատակը բջջային կապի շուկայի զարգացումներին հետևելն ավելի դինամիկ ու դյուրին դարձնելն է, այսուհանդերձ, արդյունքների հրապարակումը շատերի սրտով չի լինելու: Հատկապես «Վիվասելի» ու «Բիլայնի» դեպքում պարզվելու է, որ յուրաքանչյուրն իր ներկայացրածից մի քանի անգամ ավելի քիչ բաժանորդ ունի: Այսինքն, տարիներ շարունակ նրանք պարզ թվաբանական խորամանկության են դիմել: Բջջային կապի շուկայում զուտ ժամկետների առումով ավելի երկար գործունեունեություն ծավալելով` բաժանորդների թիվ ներկայացնելիս հրապարակում են երբևէ իրենց ծառայությունից թեկուզ մեկ օր օգտված մեր բոլոր հայրենակիցների քանակը: Այդպիսով մեկ այլ խնդիր էլ են լուծում. թաքցվում է, թե քանի բաժանորդ է հրաժարվել իրենց ծառայություններից: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նկատել են, որ վերջին տասնամյակում Հայաստան այցելած գրեթե բոլոր զբոսաշրջիկներն օգտվել են բջջային կապից ու մնացել են որպես մշտական ներկայացվող բաժանորդների ցանկում: Կարելի է ենթադրել, որ իրական թվերի բացահայտումը նկատելիորեն կսրի եռյակի միջև առկա մրցակցությունը, և վերջիններս կփորձեն հնարավորն անել` բացահայտվելիք թվերի տարբերությունը գոնե մեղմելու ուղղությամբ: Իսկ նոր բաժանորդ հայթայթելու միակ մեխանիզմը սակագները նվազեցնելն է… Բացահայտում է պետությունը, շահում է քաղաքացին.