ՄԵՐ ՎԻԿԸ


Անկախությանը հաջորդած Հայաստանի տնտեսական հետընթացից կրթությունից ու մշակույթից բացի նաև մեր մարզական բարի ավանդույթներն էին խաթարվել. հայ մարզիկները աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական մրցաշարերից մեծամասամբ դատարկաձեռն էին վերադառնում: Դրությունը անմխիթար էր նաև բռնցքամարտի ասպարեզում, սակայն իրավիճակը շեշտակիորեն փոխեցին պրոֆեսիոնալ ռինգի հայ ազգի ներկայացուցիչներ IBF և IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն ու անպարտելի Արթուր Աբրահամը: «Կատաղի ցուլ» մականունը ստացած Վիկը շատերի զարմանք է շարժում իր մարտավարությամբ: Նրա մարտական կեցվածքը աննախադեպ է բռնցքամարտում. հակառակորդի համար գրեթե անհնարին է կռահել, թե որ կողմից և ինչ անկյան տակ է հասցվելու հարվածը: Հենց անկանխատեսելիությունն էլ Վիկին ինքնին բարդ մարտաոճի մրցակից է դարձնում, ինչն, ի դեպ, առկա էր նաև արևելյան մարտարվեստի լեգենդ Բրյուս Լիի մարտական կեցվածքում: - Այդ մարտաոճը ինքնաբո՞ւխ է, թե՞ մշակված և ինչ անվանում ունի: - Դա Ամերիկայում ասում են «Յունիկ ստիլ», որը ոչ մեկը չունի: Տեսնում են` բաց կանգնած եմ` ձեռքերս իջեցրած, բայց իրենց հարվածը տեղ չի հասնում: Դա հակառակորդներին անակնկալի է բերում: Ես ութ տարեկանից այդ ոճը մշակել եմ իմ մարզիչ Վազգեն Բադալյանի հետ: Հակառակորդը սպասում է. ես ձախս եմ ցույց տալիս, բայց չգիտե, թե որ ուղղությամբ` ծնոտին, քունքին, կողքին, թե որովայնին եմ հարվածելու: Ես կարող եմ մի տեղ ցույց տալ, լրիվ այլ տեղ հարվածել, և դրանից են նրանք շփոթվում,- ասում է աշխարհի չեմպիոն հայորդին: Հուսանք` Վախթանգի ինքնահատուկ մարտաոճը մշտապես հաղթանակներով կպսակի նրա մարզական բոլոր հանդիպումները, և կիրականանա բացարձակ չեմպիոն դառնալու` մեր բոլորի նպատակը:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ