ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ
Չինաստանում իր մահկանացուն կնքեց ֆուտբոլի 25-ամյա երկրպագուն` չդիմանալով անքնությանը:
Խնդիրն այն է, որ Բրազիլիայի և Չինաստանի ժամային գոտիները տարբեր են` 11 ժամ: Եվ իր երկրի ժամանակով գիշերային ժամերին Սուչժոու քաղաքի երիտասարդ բնակիչը ստիպված էր հրաժարվել քնից` ուղիղ հեռարձակումը դիտելու համար: Սակայն նրան վիճակված չէր խաղերն ամբողջապես դիտելու երջանկությունը: Շաբաթ օրը վաղ առավոտյան նրան գտել են հեռուստացույցի առջև... մեռած:
Նրա մահվան առնչությամբ բժիշկները 2 վարկած են ներկայացրել. կամ` մահը վրա է հասել անքնության հետևանքով առաջացած հյուծվածությունից, կամ` սրտի նոպայից:
Այս միջադեպից հետո առողջապահության ոլորտի ներկայացուցիչները բոլոր երկրպագուներին կոչ են արել անուշադրության չմատնել սեփական առողջությունը:
Ի դեպ, դրանից առաջ էլ տեղեկատվություն էր տարածվել, որ չինացիները համացանցի միջոցով անաշխատունակ թերթիկներ են գնում, որպեսզի աշխատանքի չգնան` Աշխարհի առաջնություն-2014-ին ուղիղ եթերով հետևելու համար:
Ինքնամոռաց սպորտասիրությո՞ւն, թե՞ սեր չինական ձևով: